ՀԱՅԱՍՏԱՆԻ Ո՞Ր ԴԵՍՊԱՆՆ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼ ԴԺՈԽՔ
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, ինչպես դեսպանատները մի շարք այլ` հայաստանյան իրողությունների ու շահերի համար կարեւորագույն երկրներում, մշտապես լավ կադրերի, հաճախ էլ ուղղակի նորմալ դեսպանի կարիք ունեցել է: Չգիտես ինչ տրամաբանությամբ, եւ ընդամենը եզակի բացառություններով, Վրաստանում դեսպան են նշանակվել մարդիկ, որոնք չեն եղել ամենակարեւորներից մեկը ներկայացնելու մակարդակին:

Որեւէ անձնական հակակրանք կամ փաստարկված հակադրվածություն չդնելով ասվածի մեջ` հարկ է նշել, որ Հայաստանի նախագահի կողմից Յուրի Վարդանյանին Վրաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշումը հասկանալու համար չպետք է մտածել այդ նշանակման մասին որպես դիվանագիտական:

Դիվանագիտությունն արվեստ է մարդկանց ուղարկելու դժոխք այնպես, որ նրանք հարցնեն ուղիները: Այս խոսքերը վերագրվում են Ունիսթըն Չերչիլին, ու թերեւս վատ չեն բնութագրում այսօրվա դիվանագիտության բնույթը: Եվ այնպիսի պայմաններում, երբ Վրաստանի հետ կան բազում չլուծված հարցեր, ապագան էլ կրկին տարբեր ուղղություններով է տանում հարեւան երկրները, այդ երկրում Հայաստանի շահերն է ներկայացնելու մի մարդ, որի նախորդ նշանակումը սպորտի նախարար դեռ մի կերպ կարելի էր հասկանալ, թեեւ դա էլ լավագույն նշանակումներից չէր:

Հետաքրքրական է, թե ինչ են մտածել Հայաստանի արտաքին գերատեսչությունում, որ եթե ոչ առաջարկել, ապա համաձայնել են այս թեկնածության հետ: Գուցե չեն էլ մտածել... ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մտածված չէ աշխարհահռչակ, պատկառելի տարիքի շանսոնյեին դեսպան նշանակելը ոչ միայն կոնկրետ մի երկրում, այլեւ միջազգային մի շարք կառույցներում, որտեղ Հայաստանը մեծուփոքր հաջողությունների կողքին քանիցս ձախողումներ է գրանցում:

Գուցե ճիշտ այնպես մտածված չէ, երբ Ռուսաստանի նման կարեւորագույն երկրում էլ դեսպան է նշանակվում մարդ, որի յուրաքանչյուր խոսք ավելի շուտ անլուրջ է ընկալվում, քան կշիռ ներկայացնում, ռուսաստանաբնակ հայերի համար էլ նրա խոսքերը կատակների թեմա են:

Հայաստանի դիվանագիտական ու ոչ դիվանագիտական անձանց համար յուղոտ պատառիկ համարվող դեսպանատունն էլ Միացյալ Նահանգներում առանձնակի փայլուն իրականություն չունի, եւ ավելի հաճախ կարեւոր այսպիսի երկրում էլ Հայաստանի դիվանագիտությունը ներկայացվում է դրա բացակայությամբ, այն էլ այնպիսի մի իրավիճակում, երբ դեսպանն արդեն մի հավերժություն Վաշինգտոնում էր` մինչեւ երեկ, երբ Հայաստանի նախագահն այնտեղ ուղարկեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իհարկե, վարչապետության փորձն անգնահատելի է անգամ ոչ դիվանագետ մարդու պարագայում դեսպան նշանակվելիս, սակայն այս պարագայում էլ Սարգսյանին դեսպան նշանակելն ավելի շուտ «վաստակած հանգստի ուղարկել» է թվում, քան ակտիվ գործունեությամբ ծանրաբեռնում:

Չանդրադառնալով այլ` անհամապատասխան, շատ դեպքերում մարդկանց ուղղակի Հայաստանից հեռացնելու, որոշներին թոշակի ուղարկելու, մյուսներին մասնավոր` մի քանի անձանց բիզնեսն առաջ տանելու, կոնկրետ մի քանի երկրների պարագայում էլ հարցերի ոչ դեսպանական մակարդակում լուծելու ավանդույթի պարագայում նշանակումները ոչ թե այլոց են դժոխքի ուղին ցույց տալիս, այլ այդ ուղղությամբ մի փոքրիկ կովկասյան երկիր են տանում: Ընդ որում` ամենակարճ ճանապարհով:

Վրաստանը Հայաստանի համար կարեւորագույն երկիր է, եւ եթե որեւէ մեկն այդ կարեւորությունը չի գիտակցում, այն էլ վերջին շրջանի երկկողմ հարաբերությունների թարմացման ու կարծես զարգացման ֆոնին, ապա խնդիրները շատ կարճ ժամանակում ոչ միայն չեն լուծվելու, այլեւ ավելանալու են: Մենք կարծես հենց երկրորդ տարբերակով էլ առաջնորդվում ենք, քանի որ կադրային հարցերը երկրի բարձրագույն իշխանության համար մնում են դժվար լուծելի ոչ միայն դեսպանների նշանակումների հարցում:

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
www.azg.am
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1203 reads | 29.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com