ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓՈՒՉԻԿ ՓՉԵՑ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի առաջարկել Ադրբեջանին՝ մտնել Եվրասիական միություն, բայց ուրախ կլինի, եթե Բաքուն որոշի անդամակցել այդ կառույցին և մեծացնել Մոսկվայի հետ առևտրաշրջանառությունը: Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ հունիսի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ Եվրասիական միությունը չի կարող որևէ կապ ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման կամ Արցախի ապագայի հետ: 

Մինչև Ադրբեջան մեկնելը՝ Սերգեյ Լավրովը քարոզչական դաշտ ուղարկեց փորձնական փուչիկ, թե Բաքվում ռուս ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շարքերը Ադրբեջանի համալրելու հարցը, մանավանդ որ երկու կողմն էլ ունի այդ ցանկությունը: Բաքվում, սակայն, բանակցություններից հետո Լավրովը պաշտոնապես արեց այլ հայտարարություն. «Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն մտնելու ոչ մի պաշտոնական առաջարկ չի արվել: Այս հարցը պետք է քննարկվի միայն երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Բայց պետք է ասեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է մեր դաշնակիցների համար: Մենք դրական կվերաբերվեինք Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի անդամակցությանը»: 

Ադրբեջանում, ինչպես Հայաստանում, եղան կողմ ու դեմ հայտարարություններ, քաղաքական բազմաթիվ գործիչներ ռուսներին մեղադրեցին ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու փորձի համար, իսկ պաշտոնական Բաքվի ոչ պաշտոնական խոսափողներից մեկը առաջ քաշեց նախապայման, թե կգնան Մոսկվային ընդառաջ, եթե լինի ճնշում հայկական կողմի վրա, իհարկե, Արցախի հարցում: 

Ադրբեջանի նախագահին կից վերլուծական կենտրոնի փորձագետ Էլբրուս Մամեդովը հայտարարեց, թե Ադրբեջանը չի կարող անդամակցել մի կառույցի, որից չունի կոնկրետ սպասելիքներ: «Մենք ունենք նավթ և կարող ենք մեզ թույլ տալ խոսել նախապայմանների լեզվով: Ես կարծում եմ, որ Եվրասիական միություն մտնելու մեր գլխավոր նախապայմանը Լեռնային Ղարաբաղն է լինելու: Ստիպեք հայերին հանձնել Ղարաբաղը, մենք կկատարենք ռուսների խնդրանքը»: 

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի խոսքով. «Տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական շահը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որն ամենամեծ տարածքն ունի, ամենաշատ բնակչությունը, կայուն, հուսալի եւ որակյալ կառավարությամբ: Ադրբեջանը Ռուսաստանի համար լավ գործընկեր է: Ռուսաստանը հայտարարում է, որ Ադրբեջանը համարում է հուսալի ռազմավարական գործընկեր, մեզ վաճառում է մեծ քանակությամբ զենք: Ռուսաստանը այս տարածաշրջանին լիարժեք տիրանալու համար շատ բանի կարող է հասնել՝ օգնելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»: 

Ադրբեջանցիների պաշտոնական ու ոչ պաշտոնական այս մեկնաբանությունները հիշեցնում են մոտ 20-րդ դարասկզբի իրականությունը, երբ Թուրքիան Խորհրդային միություն մտնելու խոստման դիմաց ռուսներից ստացավ Արևմտյան Հայաստանը, Ադրբեջան անվանումով պետություն, որի կազմ Հայաստանի հաշվին ընդգրկվեցին Արցախն ու Նախիջևանը: 21-րդ դարասզբին ադրբեջանցիների խոստումներն ու նախապայմանները լսելուց և ներկուլիսային բանակցություններից հետո Լավրովը վերադարձավ Կրեմլ, իսկ հունիսի 23-ին արդեն Երևանում խոսեց Եվրասիական միության սահմանների ընդլայնման, Արցախի հակամարտության ու հավանաբար Ադրբեջանում ձեռք բերած պայմանավորվածությունների մասին: 

Դեսպանների, Մինսկի խմբի ռուս համանախագահի և այլ դիվանագետների ներկայությամբ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները շեշտեցին, որ տարեցտարի խորանում է երկու դաշնակից երկրների համագործակցությունը, շատանում են միջպետական պայմանագրերը, Ռուսաստանը Հայաստանի, Հայաստանն էլ Ռուսաստանի համար է տարածաշրջանային անվտանգության երաշխավոր: Ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել Ռուսաստանից բազմաթիվ հայ միգրանտների արգելքների ու արտաքսման խնդիրները լուծելու համար: 

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, Մոսկվան ուզում է, որ Հայաստանը մտնի Մաքսային ու Եվրասիական տնտեսական միություն և այդ ճանապարհին ամեն կերպ աջակցում է մեզ: Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել ռազմավարական դաշնակից ու բարեկամ, և Լավրովի Երևան գալու հիմնական նպատակը երկու երկրների նախագահների պայմանավորվածությունները հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար է: 

«Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալը անցնում է 3 մլրդ դոլարը: Այստեղ աշխատում են ռուսական բիզնեսի լիդերները, իսկ դա խոսում է այն մասին, թե մենք ինչքան լավ ենք գործակցում»,-ասաց Լավրովը: 

Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններում ակտիվ խաղաղարար աշխատանքի համար և կարևոր ներդրման համար: Լավրովը չշեշտեց, թե կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը, բայց նշեց, որ նույնպիսի աջակցություն կլինի հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման համար. «Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծմամբ: Մենք կարծում ենք, որ դրա համար բազա կա՝ հաշվի առնելով համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները: Կարևոր է, որ հակամարտող կողմերը շարունակեն բանակցությունները: Ինչքան հաճախ ու կանոնավոր հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնքան հակամարտությունը շուտ ու խաղաղ կլուծվի»: 

Մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի մեկնաբանություններն աչքի չընկան կոնկրետությամբ կամ հստակ ձևակերպումներով: Թե Ադրբեջանի առումով ինչ պայմանավորվածություններ կան ու առաջիկայում կողմերի համար կարո՞ղ են լինել ցավոտ վիճակներ, չի բացահայտվում: Ռուս պաշտոնյան շեշտեց, որ իր երկիրը գերտերություններին հատուկ ամբիցիաներ չունի և հավատարիմ կմնա գործընկերներին՝ խոստանալով նույնպիսի ակտիվ աջակցություն ցույց տալ նաև հայ-թուրքական հակամարտության լուծման գործում: 

Հայկական արմատներով ռուսաստանցի արտգործնախարարը այցելեց Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրեց նախորդ դարասկզբին թուրքերի իրագործած հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
828 reads | 26.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com