ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. 7-Ը` 1-Ի ԴԵՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Վարագույրն իջավ, շապիտոն հավաքվեց և G8-ը թողեց Հյուսիսային Իռլանդիան:

Գագաթնաժողովի մեխը, որին սրտատրոփ հետևում էին երկրներն ու ժողովուրդները, Սիրիայի քաղաքացիական պատերազմն էր, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է տարել և սպառնում է տարածվել տարածաշրջանից անդին:

Իսկ արդյունքը Օ է: Հսկաներն ընդամենը մուկ ծնեցին:

Եթե իրերն անվանելու լինենք իրենց անուններով, ապա դա երկու լիդերների` Պուտինի և Օբամայի հանդիպումն էր: Մյուսներն ամերիկյան կողմի ձայնակցողներն էին, պապից ավելի պապականներ: Նկատած կլինեք, որ այս կարգի մարտնչողները միշտ ավելի ակտիվ են հանդես գալիս, քան իրենց առաջնորդը, հարձակվում են, հետո թաքնվում նրա թիկունքում: Այդպես է և՛ կյանքում, և՛ բնության մեջ: Հիշեք բորենուն Կիպլինգի հայտնի պատմվածքից:

Այնպես որ, գագաթնաժողովում Ռուսաստանի դեմ, այսինքն՝ Ասադի հեռանալու և գրոհայիններին զենք մատակարարելու օգտին, եռանդով հանդես էին գալիս Անգլիայի պրեմիեր Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Հոլանդը, իսկ Գերմանիայի նախագահ Հաուկն ավելի հեռուն գնաց` մեղադրելով Մոսկվային մարդու իրավունքների և դեմոկրատիայի խախտման մեջ: Միայն Իտալիայի նորընտիր պրեմիեր Էնրիկո Լետան կոչ արեց համաձայնության գալ, ինչն առանձին տպավորություն չթողեց հակամարտող կողմերի վրա:

Մեծերից երկու ամենամեծերի` Օբամայի և Պուտինի երկխոսությունն իր բնույթով, թերևս, ամենակոշտը կարելի է համարել սիրիական խնդրի շուրջ մինչ այդ նրանց վարած բոլոր բանակցություններից:

Լինելով փորձված քաղաքական գործիչներ և հմուտ բանակցողներ՝ երկու նախագահները, ինչպես կարելի էր կարդալ նրանց դիմախաղից ու ժեստերից, մեծ ճիգեր էին գործադրում վայելչության և դիվանագիտական էթիկայի սահմանները չխախտելու համար: Նրանք անգամ իրենց մեջ ուժ գտան կատակելու սպորտային թեմայով: Սակայն այդ ամենը հիշեցնում էր վատ խաղ վայելուչ կեցվածքով, որը վերջին հաշվով մազաչափ անգամ չօգնեց խնդրի լուծմանը:

Պուտինը կտրուկ կերպով հրաժարվեց դադարեցնել աջակցությունը Բաշար ալ Ասադի ռեժիմին, իսկ Օբաման, մոռանալով ‹‹փափուկ ուժի›› դիվանագիտության իր գործելակերպը, հայտարարեց ընդդիմությանը զինելու իր ու եվրոպացիների մտադրության մասին, և այս ենթատեստքում կարելի է ասել, որ գագաթնաժողովը մտավ փակուղի:

Այդուհանդերձ, բանակցությունների ավարտից հետո երկու նախագահները լրագրողներին հավաստիացրին, որ գոհ են հանդիպման արդյունքներից:
Ի՞նչ է սա, ապատեղեկատվությու՞ն, թե՞ դիվանագիտական խաբկանք:

Իմ կարծիքով՝ ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Բացառված չէ, որ իռլանդական հանդիպումը շատ ավելի վատ ավարտ կարող էր ունենալ: Արևմուտքը և նրանց արաբական հակաասադական համախոհները կարող էին անմիջապես ձեռնամուխ լինել գրոհայինների զինմանը՝ առանց պարզելու, թե վերջիվերջո ով է օգտագործում այդ չարաբաստիկ զարին կոչվող գազը, Ասա՞դը, թե՞ նրա հակառակորդները, իսկ Ռուսաստանը կարող էր գնալ ավելի վճռական գործողությունների: Երկու դեպքում էլ կմեծանար քաղաքացիական պատերազմի տարածման ռեալ վտանգը Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս:

Ռուս մեկնաբաններն այն կարծիքին են, որ դժվարին գոտեմարտում Մոսկվան տարավ դիվանագիտական փայլուն հաղթանակ: Դժվարանում եմ ասել՝ փայլուն, թե ոչ, բայց չի կարելի չհամաձայնել, որ ռուսական կողմն, իրոք, արձանագրեց որոշակի հաջողություններ:

Նախ օրակարգում մնաց Ժնևյան խորհրդակցություն հրավիրելու հարցը, որի նախաձեռնողները Պուտինն ու Օբաման են:

Եվ Պուտինի համար ամենակարևորը՝ Օբաման չհրաժարվեց մասնակցել ‹‹20 մեծերի››, ինչպես նաև առանձին ռուս-ամերիկյան գագաթնաժողովներին, որոնք կկայանան Սանկտ Պետերբուրգում առաջիկա սեպտեմբերին:

Չնայած որոշ քաղաքագետների առաջ քաշած տեսակետին, թե Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի սառեցումը բխում է մեր` հայկական կողմի շահերից, ըստ իս՝ գագաթնաժողովում Մինսկի խմբի եռանախագահների ընդունած հայտարարությունն արժանի է դրվատանքի:

Կոնֆլիկտի հավերժացումն արատավոր քաղաքականություն է, և որքան արագ այն հանգուցալուծվի, այնքան լավ դրա մասնակից կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Հետո, վերջին հաշվով երկու կարծիք լինել չի կարող, որ դիվանագիտության մեջ բանակցությունը, ինչպիսին էլ որ լինի, լռությունից լավ է:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2185 reads | 22.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com