ԱՄՆ ԶԻՆՈՒԺԸ ԵՒՍ ԵՐԿՈՒ ՌԱԶՄԱԲԱԶԱ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԻՐԱՔՅԱՆ ՈՒԺԵՐԻՆ․ ԱՄՆ-Ն ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԻՐԱՔԻՑ
ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արևելագետ, ԵՐԵՎԱՆ





Ընդամենը երեք շաբաթում ԱՄՆ եւ միջազգային միացյալ զորքերը (ՄՄԶ) 5 ռազմաբազա են հետ հանձնել Իրաքի զինուժին։ Մինչ այդ, այն, ինչ պետք էր վերցրեցին, ինչը քիչ կարևոր էր` ոչնչացրին։ Այս կարծիքն է հայտնել այդ զորքերի տեղաշարժին ականատես BBC-ի թղթակիցը։ ԱՄՆ-ի եւ ՄՄԶ-ի զորքերը շատ արագ դատարկեցին Սիրիա-Իրաք սահմանի մոտակայքում Ղաեմ ռազմաբազան, ապա Ղիյարեն՝ Մուսելում, հետո հերթը հասավ Քերքուքի K1 եւ Մուսելի Նինվա ռազմաբազաներին։ Այս 4 բազաների զինտեխնիկայի եւ  զինուժի մեծ մասը տեղափոխվել է Էյն Ալ Ասադի, (այս տարի հունվարի 8-ին հռթիրակոծվել է իրանական զորքերի կողմից՝ ի պատասխան իրանցի զորավարի սպանության) Թաջի եւ Էրբիլի նույնանուն ռազմաբազաները։ Այս բազաների զորքերի փոքր մասը, միանալով Թաղադոմ ռազմաբազայի զինուժին, տեղափոխվել է Քուվեյթ, այնտեղից էլ իրենց երկրները։ Ինչպես հաղորդում է ՄՄԶ զորքերի ղեկավարությունը, ՄՄԶ ամիսներ առաջ էր պատրաստվում այս տեղաշարժին, միայն թե այս տարվա հունվարի 3-ին իրանցի եւ իրաքցի հրամանատարների սպանությունը ԱՄՆ զինուժի կողմից եւ Իրաքում COVID_19-ի տարածումը արագացրել են այս տեղաշարժերը։ Բացի այդ, Իսլամական պետության զորքերը ոչնչացվել են Իրաքում, եւ իրաքյան ուժերն արդեն կարող են կարգավորել մնացած խնդիրները։ Միեւնույն ժամանակ իրաքյան ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականում հովանավորվում են Իրանի կողմից, այս տեղաշարժերը համարում են իրենց հերոսական հաղթանակը։

Ի՞նչ է սա նշանակում, ԱՄՆ-ն հասա՞վ Իրաքի եւ Միջին Արեւելքի նավթահորերը վերջնականապես վերահսկելու իր նպատակին, թե՞ արդեն ԱՄՆ զորքերի ծախսերը այնքան են մեծացել, որ այլեւս նժարի վրա չեն դրվում նավթը եւ զորքերին վտանգելը։ Որեւէ եզրահանգման համար հարկ է մի քանի հանգամանք հերթականությամբ վերլուծել։ Անցյալ տարի սեպտեմբեր ամսից մինչ օրս մի քանի հարյուր հռթիր է ընկել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում եւ զորքերի ռազմաբազաներում, եղել են զոհեր ու վիրավորներ։ ԱՄՆ-ն այս բոլոր հարձակումներում մեղադրել է «Քաթաեբ Ալ Հեզբոլահ» կամ Իրանի հովանավորությունը վայելող ուժերին։

Անցյալ տարի «Քաթաեբ Ալ Հեզբոլահի» մի քանի զոհերի թաղման արարողության ժամանակ ցուցադրական հարձակում եղավ ԱՄՆ դեսպանատան վրա, որին նախապես տեղյակ աշխատակիցները հեռացել էին դեսպանատան տարածքից։ Կատաղած ամբոխը հարձակվեց դեսպանատան վրա եւ բավարարվեց միայն մուտքի դուռն այրելով ու նահանջելով․․․ Որոշ ժամանակ անց Բաղդադի միջազգային օդանավակայարանի մոտակայքում ԱՄՆ անօդաչու օդանավերը հարձակում կատարեցին ու սպանեցին Իրանի երկրորդ դեմքին՝ Ղասեմ Սոլեյմանիին, որի հետ էր նաեւ «Քաթաեբ Ալ Հեզբոլահ» կազմակերպության ղեկավարը։ Այս դեպքը առաջին անգամ ԱՄՆ-ին և Իրանին մոտեցրեց ճակատ առ ճակատ պատերազմի։ Հունվարի 8-ին Իրանը, նախապես անուղղակիորեն զգուշացնելով ԱՄՆ զորքերին, հռթիրակոծեց ԱՄՆ ռազմբազաները։ Թրամփը, որը շունչը պահած սպասում էր Իրանի պատասխան հարվածին, այս հարձակումից հետո հանգիստ շունչ քաշեց, եւ համարելով, որ ամեն ինչ շատ լավ է, հրամայեց սկսել զորքերի հետ քաշելը Իրաքի տարածքից։ Նույն օրերին Իրաքի խորհրդարանը ոչ պարտադիր բանաձեւ ընդունեց, որով պահանջում էր ԱՄՆ եւ միջազգային զորամիավորումներից հեռանալ Իրաքից։ Բանաձեւը Իրաքի վարչապետի համար հիմք հանդիսացավ պաշտոնապես պահանջելու այդ երկրներից, որպեսզի հեռանան Իրաքից, քանի որ նրանց անպատասխանատու գործողությունները վտանգում են իրաքցիների կյանքը։
ԱՄՆ-ն անմիջապես դադարեցրեց բոլոր տեղաշարժերը  եւ սկսեց հակաօդային պաշտպանության նոր կայաններ տեղադրել ռազմաբազներում։ Այս բոլորը նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Իրաքի կառավարությունները միմյանց նկատմամբ վստահությունը կորցրել են։ Դրա վառ ապացույցը անցյալ երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ զորքերի հրթիռակոծություններն են, որոնք տեղի էին ունենում իրաքյան զորքերի տեղակայման մոտակայքից։

Այս շուտափույթ տեղաշարժերը ավելի արագացան, երբ մոտ մեկ ամիս առաջ Պենտագոնը Իրաքում տեղակայված զորքերի հրամանատար գեներալ Ռոբերտ Վայթից պահանջեց «Քաթաեբ Ալ Հեզբոլկլահ»-ի եւ այլ զորամիավորումների դեմ հարձակման նախագիծ ներկայացնել։ Սակայն նախագիծը տապալվեց այդ մասին «Նյու Յորք Թայմսի» հրապարակումից հետո։ Համաձայն այդ հոդվածի, ամերիկացի գեներալը դեմ է նմանտիպ հարձակումների, քանի որ այն կվտանգի ԱՄՆ-ի զինվորների կյանքը եւ առիթ կտա սարսափազդու հակահարձակումների։ Բացի այդ հարցականի տակ կառնվի Իսլամական պետության դեմ պայքարելու ԱՄՆ առաքելությունը։ Համաձայն այս հոդվածի, երբ Պենտագոնը շատ է պնդում հարձակման նախագծի մասին, գեներալ Վայթը պահանջում է 60 օր՝ ԻՊ դեմ կռվելու Իրաք եկած միջազգային համագործակցության զորքերը ցրելու, ապա ամերիկացի զինվորականներին ավելի ապահով ռազմաբազաներ տեղափոխելու եւ հակաօդային «Պատրիոտ» հրթիռները ավելացնելու համար։ Այս ընթացքում նաև կորոնավիրուսը հասավ Իրաք, եւ տեղաշարժերի սահամանափակումներն ու սահմաների փակումը դժվարացրին ԱՄՆ զորքերին կերակրելու խնդիրը։ Ներկա դրությամբ այդ զորքերը օրական միայն մեկ անգամ են տաք սնունդ ընդունում, հիմնական մթերքը պահածոներն են, որոնց պաշարն արդեն վերջանալու վրա է։ Այս վիճակը արագացրեց միջազգային համագործակցության զորքերի ցրումը։ Ֆրանսիացիները, կանադացիները, չեխերը, դանիացիները, անգլիացիները եւ մյուս ուժերը հայտարարեցին, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ժամանակավորապես իրենց զորքերը դուրս են բերում Իրաքից, ու փաստացի մնում է միայն ամերիկյան զորքը։ ՆԱՏՕ-ն էլ արդեն շահագռգռված չէ իր զորամիավորումները Իրաքում պահելով եւ դրանց հրամանատարը, որը Կանադայից է, գնացել է Քուվեյթ, ու հայտնի չէ՝ կվերադառնա , թե՞ ոչ։ Այս բոլոր տեղաշարժերը չեն կարող անտարբեր թողնլ Իրանին եւ նրա կողմից հովանավորվող իրաքյան ուժերին ու կառավարությանը, որի երկիրը կարող է դառնալ Իրան-ԱՄՆ հակամարտության բեմ։

Իրանի կողմից հովանավորվող գրեթե բոլոր ուժերը սա իրենց «հերոսական հաղթանակը» համարեցին, բայց նույն ժամանակ սկսեցին իրենց զորքերը եւ զինամթերքը ցրել Իրաքով մեկ, որպեսզի անակնկալ հարձակման դեպքում փոքրացնեն վնասի չափերը։ Իրաքի կառավարությունը ԱՄՆ զորքերի քանակի որևէ վերահսկում չունի եւ հստակորեն չի կարող ասել, թե քանի զինվոր է տեղակայված Իրաքում։ Վերջինը լուրջ մտահոգություն է առաջացրել Իրաքի կառավարության համար։ Միեւնույն ժամանակ հաճախացել է Իրաքի օդային տարածքում ԱՄՆ օդուժի տեղաշարժը՝ առանց այդ երկրի կառավարության հետ համաձայնեցման։ Իրաքի կառավարությունը կասկածներ ունի, որ ամերիկացիները մինչեւ երկրից հեռանալը կփորձեն տապալել ներկայիս կառավարությունը՝ փոխարենը ձեւավորելով իրենց ավելի հավատարիմ ու ենթարկվող կառավարություն։ Այս անկայուն եւ շիկացած իրավիճակին Թրամփն ու իր պետքարտուղարն էլ հաճախակի վառելիք են ավելացնում, այդկերպ ավելի մոտեցնելով ու անկանխատեսելի դառձնելով ԱՄՆ-Իրան հակամարտությունը։

Ներկայում Իրաքում երկու-երեք նոր զինյալ խմբավորումներ են կազմավորվել, որոնք իրենց հայտարաություններով ու քայլերով ԱՄՆ զորքերին զգուշացնում են անակնկալ հարձակումների մասին։  Խմբավորումներից մեկը՝ «Էսբաթ Սաերին», ուղիղ եթերով ցույց տվեց Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքը ներկայացնող տեսանյութ ու զգուշացրց, որ հաջորդ անգամ հարձակում կլինի, եթե ամերիկացիները արագ չհեռանան Իրաքից։ ԱՄՆ-ի համար օր օրի ավելի է բարդանում իր համախոհներին մեկ այլ պատերազմի (որում հակառակորդը կարող է լինել Իրանը) մեջ ներքաշելը։ Այս ամենը մեծացնում է լարումը Միջին Արևելքում։ Պարզ է, որ ԱՄՆ-ի կախվածությունը Միջին Արևելքի նավթից եւ այլ էներգակիրներից շատ է պակասել։ Ամերիկյան եւ եվրոպական նավթային ընկերությունները, որոնք Սադամի տապալումից անմիջապես հետո մտել էին Իրաքի նավթադաշտերը, արդեն Իրաքն իրենց համար ապահով երկիր չեն համարում։ Չի բացառվում, որ շուտով նրանք էլ իրենց բաժնետոմսերը վաճառեն Չինաստանին կամ Ռուսաստանին եւ ուսապարկերը հավաքեն ու հեռանան Իրաքից։

Պարսից ծոցը ԱՄՆ-ի համար կարևոր է երկու պատճառով՝
ա- Այստեղից է մատակարարվում աշխարհի՝ մոտ 20%, իսկ Չինաստանի մոտ 35%-ը նավթը։ ԱՄՆ-ն ցանկանում է սահամանփակել կամ նվազագույնը վերահսկել Չինաստանի և Եվրոպայի էներգետիկ ճանապարհները, որպեսզի կարողանա թելադրողի դիրքում մնալ։
բ- Արաբական երկրները՝ գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի, լավ զենքի շուկա են ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության համար, չնայած, որ անցյալ տարի, երբ 17 հրթիռով խոցվեցին Սաուդյան Արաբիայի նավթահորերը եւ նավթամշակման կենտրոնները, դրանցից եւ ոչ մեկը չհայտնաբերվեց ամերիկյան «Պատրիոտ» հակաօդային կայանների կողմից։ Մինչդեռ այդ կայանների տեղակայման համար Սաուդյան Արաբիան մի քանի տասնյակ միլիարդ դոլար էր ծախսել։

Կորոնավիրուսից հետո աշխարհը փոխվելու է, որ ուղղությամբ՝ լավ, թե՞ վան դեռևս ոչ ոք չգիտի, բայց արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն այլեւս թելադրող ուժ չի լինելու, Եվրամիության երկրների փոխվստահությունը նվազելու է, իսկ Չինաստանն այսօրվանից արդեն զբաղեցրած բարձր դիրքը ոչ միայն պահպանվելու է, այլեւ պրոգրեսիա է ապրելու։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
446 reads | 17.04.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com