ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԷԼԱՄԻՐՅԱՆ





Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարծես թե պետք է տրամաբանական ավարտին հասցնեին «Ապրիլյան հեղափոխությունը»: Սակայն ըստ որոշ փորձագետների կանխատեսումների՝ հակառակ դրան, խորհրդարանական ընտրություններն առաջացրին նոր անկանոն զարգացումների ալիք ինչպես Հայաստանի ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում։

Խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ եկած անկանխատեսելի մարտահրավերների ու սպառնալիքների զարգացման առաջին նախանշաններից էր «նոր լեգիտիմ կառավարությունից արցախյան հակամարտության հարցում որոշիչ քայլեր ակնկալելու մասին» տարբեր ուժային կենտրոնների կողմից հնչած հայտարարությունները։

Սակայն դեկտեմբերի 9-ից հետո տեղ գտած ներքին և արտաքին համաչափ և անհամաչափ սպառնալիքների ու մարտահրավերների եթե ոչ աճը, ապա նվազման միտումի բացակայությունը վերջնականապես սպանեց հանգիստ զարգանալու հույս ունեցողների ակնկալիքները։

Մասնավորապես, խոսքը գնում է արցախյան հակամարտության շուրջ բազմաթիվ արտաքին ուժերի ներկայացուցիչների կողմից արվող հայտարարությունների մասին, որտեղ այս կամ այն պահանջներն են ներկայացվում նոր լեգիտիմ իշխանություններին։ Միևնույն ժամանակ ուշագրավ է այսպես կոչված «Լուկաշենկոյի գործոնը»։  Տպավորություն է ստեղծվում, որ Բելառուսի նախագահը Հայաստանի ներքաղաքական բանավեճերի անբաժանելի մաս է դարձել։ Վերջինս, իհարկե, թվացյալ է բովանդակային առումով, սակայն պահանջում է որոշ քանակի ուժերի կենտրոնացում այդ ուղղությամբ։

Մյուս կողմից անորոշ է նաև ներքաղաքական կյանքը՝ սկսած «գլխավոր ընդդիմության թեկնածուի պայքարից», վերջացրած՝ «Ղարաբաղը վաճառելու» մասին որոշ գործիչների հայտարարություններով։

Ներկայումս Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրն է հասարակության համախմբման և հստակ դերաբաշխման միջոցով նախագծել և ապահովել երկրի բազմակողմանի և բազմամակարդակ արդիականացումը գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական և այլ։

Միայն այս պարագայում, ապահովելով ազգային հզորությունը և միասնությունը, հնարավոր կլինի խոսել Հայաստանի սուբյեկտության և դերակատարության աճի մասին։

Իսկ նման անկանոն զարգացումների վտանգն այն է, որ հասարակությունը բևեռվում և կիսվում է, փոխակերպվում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության էներգիան, արդիականացման փոխարեն ուժային ռեսուրսները ծախսվում են՝ անընդհատ աճող բազմամակարդակ համաչափ և անհամաչափ մարտահրավերներին դիմադրելու համար։

Այս համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ստանում «ցանցային պատերազմներ» (չշփոթել «համացանցային» եզրույթի հետ) հասկացությունը։ Վերջինս թույլ է տալիս մեկ համակարգի մեջ դիտարկել վերոնշյալ սպառնալիքները՝ մշակելով համապասխան ոչ գծային և ճկուն ռազմավարություն։

Ցանցային պատերազմներ
«Ցանցային պատերազմներ» հասկացության հեղինակներ են համարվում «RAND» կորպորացիայի մասնագետներ Դ. Արկիլյան և Դ. Ռոնֆելդտը։ Համաձայն վերոնշյալ փորձագետների՝ «ցանցային պատերազմները հակամարտության նոր տեսակ են, որտեղ հերոսները՝ սկսած ահաբեկիչներից և հանցագործներից, վերջացրած բարու կողմից պայքարող հասարակական գործիչների, օգտագործում են կազմակերպման ցանցային միջոցներ, ռազմավարություններ և տեխնոլոգիաներ՝ հաշվի առնելով 21-րդ դարի պահանջներն ու հնարավորությունները»։ Հեղինակները գտնում են, որ ցանցային պատերազմների պրակտիկ կիրառումը վաղուց շրջանցել է տեսությունը՝ պայմանավորված պետական և ոչ պետական դասական և նոր դերակատարների ներգրավմամբ։ Վերջինները գործում են ոչ մեծաքանակ իրական և վիրտուալ տարածությունում սփռված խմբավորումներով, որոնք արագ ծավալվում և ապածավալվում են ցանկացած վայրում, ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, ցանցային կազմակերպման բոլոր ձևերը, ռազմավարությունները և տեխնոլոգիաները հարմարեցված են արդի տեղեկատվական դարաշրջանին։

«Նրանք գիտեն ինչպես խմբավորվել և ցրվել, ներթափանցել և ոչնչացնել, ինչպես նաև աննկատ հեռանալ։ Նրանց իրականացրած գործողությունները հսկայական են՝ գաղափարական մարտերից մինչև դիվերսիաներ։ Եվ շատ դեպքերում ներգրավված է համացանցը», գրում են Դ.Արկիլյան և Դ.Ռոնֆելդտը /David Ronfeldt and John Arquilla, Networks, Netwars, and Fight for the Future, First Monday, October 2001  (http://firstmonday.org/htbin/cgiwrap/bin/ojs/index.php/fm/article/view/889/798)/:

Հայաստանը ցանցային պատերազմների պայմաններում

Դ.Արկիլյանի և Դ.Ռոնֆելդտի կողմից ցանցային պատերազմների վերաբերյալ մշակած մոտեցումների պռոեկտումը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա, թույլ են տալիս ներկայացնել հետևյալ պատկերը.
Կազմվում է սպառնալիքների և մարտահրավերների ցանց, որը կարող է ունենալ ինչպես կառավարման օպերատիվ կենտրոն, այնպես էլ ցանցային հանգույցներ, կամ՝ երկուսը միասին տարբեր մակարդակներում։ Դրանից հետո «ցանցը» գործառնվում է՝ նետելով սպառնալիքներն ու մարտահրավերները գծային, ոչ գծային, համաչափ և անհամաչափ տրամաբանության ներքո՝ որպես ցանց, տարբեր կողմերից։ Ըստ ռազմավարական և մարտավարական պլանավորման, լինելով բաշխված տարածության մեջ, մարտահրավերներն ու սպառնալիքները կարող են նետվել ինչպես միաժամանակ, այնպես էլ բաշխվել ժամանակի մեջ։

Այս պարագայում «թիրախը» չի տեսնում մարտահրավերների և սպառնալիքների իրական աղբյուրը կամ աղբյուրները և կենտրոնանում է հետևանքների դեմ պայքարի վրա։ Մինչ դեռ «կենտրոնն» ու «հանգույցները» առաջացնում են նոր «ալիքներ» և ձևավորում անորոշության անսպառ գործընթաց։

Հաշվի առնելով Հայաստանի, ներկա կառավարության և հասարակության սահմանափակ ռեսուրսները, ցանցային պատերազմները կարող են հանգեցնել մասնավորապես՝
-    հասարակության բևեռացմանը,
-    վախի մթնոլորտի զարգացմանն աճող անորոշությունների նկատմամբ,
-    կառավարության լեգիտիմության նվազեցմանը, ինչպես նաև
-    պետության, հասարակության և անձի էներգիայի փոխակերպմանը։

Համաձայն այդ սցենարի՝ որպես հետևանք, մեծ հավանականությամբ տեղի կունենա իրական իմաստից և խնդիրների էությունից օտարում, արդիականացման գործընթացների թուլացում և հզորությունների կենտրոնացում «շեղող մանևրների» վրա։

Ի՞նչ անել
Հարց է ծագում, թե ինչ անել ստեղծված իրավիճակում, ինչպես հաղթանակած դուրս գալ արդի ցանցային պատերազմներից կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ կտրվածքով։

-    Ընդունել և մերվել այն մտքի հետ, որ առնվազն կարճաժամկետ կտրվածքում պետք է զարգանանք գլոբալ և տարածաշրջանային անորոշության և անկանոն  զարգացումների միջավայրում։
-    Որպես հետևանք՝ սովորել գործել նոր «բնականոն» դարձած իրականության մեջ։
-    Կառավարող էլիտայի շրջանակներում ձևավորել հստակ նպատակներ։ Հասկանալ՝ որտեղ ենք մենք հիմա և որտեղ ենք ուզում լինել 5, 10, 20, 50 տարի անց։
-    Կառավարող էլիտայի մակարդակում ձևավորել արդիականացման հստակ քայլեր՝ կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։
-    Արդի տեղեկատվական պատերազմների հիմնական նպատակներից մեկն է հասարակության բևեռացումը։ Այդ պատճառով ներկա կառավարության և քաղաքացիական հասարակության գործառույթները պետք է ուղված լինեն ժողովրդավարական համախմբման պահպանմանն ու զարգացմանը։ Դա հնարավոր է պետություն-հասարակություն-անհատ շարունակական և ազնիվ երկխոսության միջոցով, երբ բոլոր կողմերի համար հասկանալի կլինի ընդհանուր զարգացման տրամաբանությունը։
-    Այս համատեքստում առավել կարևորվում է պետություն-հասարակություն-անհատ եռանկյունում առավելագույն վստահության առկայությունը։ Միայն այդ պարագայում «արտաքին ուժերին» չի հաջողվի «ճեղքել» Հայաստանում առկա ժողովրդավարական համախմբման ներկայիս մակարդակը։
-    Ձևավորել ճգնաժամային կառավարման կենտրոն, որն իր վրա կվերցնի ինչպես ցանցային պատերազմների արդյունքում առաջացած հիմնական սպառնալիքներին և մարտահրավերներին պատասխանելու պարտականությունը, այնպես էլ՝ մարտահրավերներ նետելու հմտությունների զարգացումը և անհրաժեշտությունից բխող համապատասխան գործողությունների իրականացումը։
-    Վերջինս թույլ կտա կառավարող էլիտային «չշեղվել» իրական, բովանդակային խնդիրներից «մանիպուլյատիվ աղմուկի» վրա։
-    Վերոնշյալը անհնար է առանց համապատասխան կրթական հաստատությունների  զարգացման։ Այս պարագայում հմուտ կադրերը որոշիչ դերակատարում ունեն։
-    Կառույցի հիմնական խորհրդանիշը պետք է լինի ճկունությունն ու ստեղծագործական մոտեցումը։
-    Զարգացնել անհամաչափ պատասխանի մոտեցում՝ պատասխանում ենք ոչ թե արած հայտարարություններին և գործառույթներին, այլ, շոշափելով հակառակորդի թույլ կողմը, բացում ենք «այլընտրանքային» ճակատ, որտեղ նա խոցելի է։
-    Բազմադարյա պատմություն ունեցող «Հայկական Սփյուռքը» Հայաստանի առավելությունն է: Անհրաժեշտ է այն առավել ակտիվ ներգրավել արդի ցանցային պատերազմենրի մեջ։ Վերջինիս արդյունավետությունը պայմանավորված է կողմերի վստահությամբ, միմյանց նկատմամբ ազնվության, շահերի և ակնկալիքների պատկերացմամբ, ինչպես նաև դերերի հստակ բաշխմամբ։

Ռուսները ասում են. «խոսքը՝ արծաթ է, լռությունը՝ ոսկի»։ Անհրաժեշտ է հստակ բաժանել պետության և հասարակության յուրաքանչյուր «միավորի» գործառույթները, երբ ամեն մեկը հստակ կպատկերացնի և կիրականացնի իր դերակատարությունը և իր առջև դրված «մարտական» խնդիրները՝ «չշեղվելով» այլ խնդիրների և արհեստական աղմուկի վրա։

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
212 reads | 24.12.2018
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com