ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ
Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի և հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջևանյան խնդրի նաև քաղաքական մասի վրա և փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:

Օրերս հրապարակված հոդվածում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության հարցին և դրանում Նախիջևանի դերին: Հոդվածում նա նշել է, որ տարածաշրջանի կայունության համար իրական վտանգ են ներկայացնում նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը բխում է դեռևս 2002 թ. իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության նեոօսմանիզմի գաղափարախոսությունից: Իշխող կուսակցությունը չի էլ թաքցնում, որ ձգտում է վերականգնել ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:

Իր հոդվածում Նավասարդյանն անդրադարձել է նաև 2010 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության փոխօգնության» մասին պայմանագրին, որով ենթադրվում է, որ «երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը կիրականացնեն միասնական անվտանգության միջոցառումներ և պաշտպանություն»։

Նավասարդյանը նշել է նաև, որ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների և նրանց գերազանցող թուրքական 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հիմնված են Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում մեր ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրելու տրամաբանության վրա, ինչը թույլ կտա ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը։

Ստացվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջևանի ուղղությամբ իր մեջ ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն մասշտաբի լուրջ վտանգ է պարունակում: Ըստ Նավասարդյանի, թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Նախիջևանի ուղղությամբ «միտում ունի տարածվելու տարբեր ուղղություններով` Մեծ Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիա, Կարմիր ծով, Կովկաս, Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, Միջին Ասիա, ընդհուպ մինչև չինական Ույղուրիա»։
Իր հոդվածում նա գրել է, որ Նախիջևանում տեղի ունեցող զարգացումները սպառնալիք են նաև Իրանի համար: Նավասարդյանը մտավախություն է հայտնել, որ ապագա քրդական պետության հնարավոր կայացման պարագայում Նախիջևանը կհայտնվի Իրանական Քրդստանի կազմում, ուստի չի բացառվում, որ դեպքերի նման զարգացման պարագայում Իրանը կփորձի հսկողություն սահմանել Նախիջևանի վրա:

Ըստ Նավասարդյանի, Նախիջևանում թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականության դինամիկան բացահայտելու համար հայկական դիվանագիտությունը պետք շուտափույթ կերպով համակարգված միջոցառումներ իրագործի, քանի որ առկա է մերձավորարևելյան ևս մեկ «ցունամիի» առաջացման վտանգ։

Մի կողմից արտակարգ և լիազոր դեսպանի այս մտքերը կարծես դավադրության տեսությունից լինեն: Սիրիայի ճգնաժամի շուրջ ռուս-թուրք-պարսկական մերձեցման, թուրք-պարսկական տարբեր տեսակի բազմակողմ և թուրք-ռուսական երկկողմանի հարաբերությունների ջերմացման ֆոնին գրեթե անհնար է թվում Նավասարդյանի ներկայացրած սցենարը: Բացի այդ, Իրանը և Ռուսաստանը միանշանակ գիտակցում են պանթյուրքիզմից բխող վտանգները իրենց տարածքային ամբողջականության և ներքին կայունության համար, ուստի դժվար թե թույլ տան Թուրքիային ի կատար ածել նեոօսմանիզմի քաղաքականությունը, համենայն դեպս արևելյան ուղղությամբ:

Բացի դրանից, մեր իրականությունում բարդ է պատկերացնել նման ծավալի ռազմական ինտերվենցիա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի կամ երկրի հրավերի:

Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի այսօրվա «ընկերները»՝ Ռուսաստանը և Իրանը՝ ՆԱՏՕ-ի ամենահավանական թշնամիներից են, իսկ Իսրայելը, որի հետ հարաբերությունները շուրջ տասը տարի է վատթարանում են և որի վարչապետի հետ Էրդողանը պարբերաբար լեզվակռվի մեջ է մտնում, ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է:

Բացի այդ, միջազգային իրավունքի կամ երկկողմանի պայմանավորվածությունների անխափան ու պարտաճանաչ կատարումը երբեք չի եղել Թուրքիայի ամենաուժեղ կողմը: Ի վերջո, Թուրքիան չուներ ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ մանդատ, ո՛չ էլ Կիպրոսից հրավեր, երբ 1974 թ., ըստ էության, բռնակցեց Կիպրոսի հյուսիսը: Մանդատ ու հրավեր չկար նաև այս տարվա մարտին՝ Աֆրինը գրավելիս:

Վլադիմիր Մարտիրոսյան
«Հայկական ժամանակ» օրաթերթ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2074 reads | 02.06.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com