ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Թուրքագետ, ԵՐԵՎԱՆ







ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացավ նոր իրավիճակ: Մասնավորապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Թուրքիան առաջին երկրներից մեկը դարձավ, որը ճանաչեց ՀՀ անկախությունը:

Հայ - թուրքական առաջին դիվանագիտական շփումը կարելի է համարել 1991 թվականին Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի այցը Հայաստան, որտեղ նրան ընդունեց երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրան հաջորդեց հայկական պատվիրակության այցը Թուրքիա, որտեղ պատվիրակությունը ընդունելության արժանացավ Թուրքիայի փոխվարչապետ Էքրեմ Փաքդեմիրլիի կողմից: Այցի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերություններ: Այդ ընթացքում Հայաստանը անդամակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, որի շրջանակում էլ պետք է զարգանար հայ-թուրքական տնտեսական համագործակցությունը:

Բացի այդ, միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նույն թվականին Ստամբուլ մեկնեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որտեղ ոչ պաշտոնական շփումներ ունեցավ թուրքական ղեկավարների, այդ թվում Թուրքիայի ազգայնական կուսակցության հիմնադիր նախագահ Ալփ-Արսլան Թյուրքեշի հետ:

Թուրքական կողմը նույնիսկ ժամանակավոր դիվանագիտական խումբ ձևավորեց, որը պետք է զբաղվեր հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ, սակայն արդեն 1992 թվականի վերջին այդ հարաբերությունները արգելափակվեցին, քանզի Լեռնային Ղարաբաղի պատերազմը և հայկական զորքի հաջողությունները Թուրքիայում հակահայկական տրամադրությունների բռնկման պատճառ եղան: Ավելին, 1992 թվականին թուրքական կողմը զորք մտցրեց Նախիջևան և իր զորքերը մոտեցրեց հայ-թուրքական սահմանին: Բացի այդ, թուրքական միլլի մեջլիսում օրակարգային խնդիր դարձավ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցը: Մասնավորապես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Բյուլենթ Էջևիդը պնդում էր, որ պետք է օդային պատերազմ սկսել Հայաստանի դեմ, սակայն դրան արձագանքեց ռուսական ղեկավարությունը՝ շեշտելով, որ եթե Թուրքիան պատերազմ սանձազերծի Հայաստանի դեմ, ապա դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ:

Իր հերթին ԱՄՆ ղեկավարությունը նշեց, որ Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմում Թուրքիային ՆԱՏՕ-ն չի օգնի, քանզի ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ արգելվում է օգնություն ցուցաբերել ագրեսոր անդամին:

Հետագայում Թուրքիայի վարչապետ Էրդալ Ինոնյուն Բաքու կատարած այցի ժամանակ նշեց, որ հայ-թուրքական շփումները պետք է դադարեցնել, քանի դեռ  չի ավարտվել ղարաբաղյան պատերազմը: Դե իսկ 1993 թվականին, երբ հայկական ուժերը ազատագրեցին Քարվաճառի շրջանը, Թուրքիան հայտարարեց Հայաստանի հետ սահմանները փակելու մասին, որը ուժի մեջ է մինչ օրս:

Այնուհանդերձ հայ-ադրբեջանական զինադադարի կնքումից հետո Թուրքիան համաձայնեց բացել սահմանների օդային հատվածը: Թուրքական կողմը հարաբերությունների վերսկսման համար որպես նախապայման դրեց նաև դադարեցնելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայկական կողմի նախաձեռնած արշավը: Միաժամանակ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը իր տված հարցազրույցներից մեկում շեշտեց, որ «Մի քանի գրոշանոց առևտրի համար չարժե բացել հայ-թուրքական սահմանը»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ գնացած գործիչների թաղմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց թուրքական պատվիրակություն՝ պետական նախարար Մեհմեթ Ալի Իրթեմչելիքի գլխավորությամբ: Հայ-թուրքական ոչ պաշտոնական դիվանագիտական շփումներ եղան նաև 2007 թվականին, երբ Թուրքիայում սպանված Հրանտ Դինքի թաղմանը մասնակցելու համար Թուրքիա էր ժամանել հայկական պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք բանակցություններ թուրքական կողմի հետ:    

Հայ-թուրքական հարաբերությունների վերածնման նոր փուլ կարելի է համարել 2008-2009 թվականների ընթացքում տեղի ունեցած այսպես կոչված «Ֆուտբոլային դիվանագիտությունը»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականի սկզբներին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց՝ միասին դիտելու Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային մրցավեճը: Հրավերը պաշտոնապես ընդունվեց:

2009 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի կողմից այսպես կոչված «հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը», որը միտված էր երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Սակայն հետագայում մի շարք արտաքին և ներքին արգելքների հետևանքով թուրքական կողմը հետ կանգնեց արձանագրությունների ստորագրումից՝ առաջ քաշելով կրկին Հայոց Ցեղասպանության գաղափարից հրաժարվելու և ղարաբաղյան հարցում Ադրբեջանին միակողմանի զիջումների գնալու հարցը:

Հետագա տարիներին հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց դեռ չի գրանցվել: 2015 թվականին հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին նաև Հայաստանի խորհրդարանից: Հետագայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կազմակերպված հայկական միջոցառումները, մի շարք երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը հանգեցրին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների առավել տարածմանը և սրացմանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1825 reads | 08.12.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com