«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ». ՓՈՐՁԱԳԵՏ
Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու-Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին եւ ելույթ ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից:

Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով` ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ելույթը պարունակում էր մի քանի հիմնական շեշտադրումներ: Առաջին հերթին դա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հարցն էր, ինչը հայության համար օրակարգային պետք է համարել. «Ելույթում արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նախեւառաջ ակնարկ կար ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ վերջինս կարող էր անցած տարիների ընթացքում իրավաքաղաքական հստակ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության եւ արցախյան հիմնախնդրի հարցում Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ոչ մարդասիրական եւ ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ. Եվ իսկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում անցած ավելի քանի երկու տասնամյակների ընթացքում միջազգային հանրության դերն առավել նշանակալի կարող էր լինել, եթե Արցախի բնակչության բնաջնջման ադրբեջանական քաղաքականությունը, որը մինչ օրս շարունակվում է, ստանար իրավաքաղաքական գնահատականներ` համապատասխան պատժամիջոցների սահմանումով. Պետք է նկատել, որ միջազգային հանրությունն այսօր էլ, դժբախտաբար, սահմանային լարվածության աճման եւ միջադեպերի արձանագրման հարցերում շարունակում է խուսափել հասցեական գնահատականներից, իսկ նման իրավական անպատժելիության մթնոլորտում ադրբեջանական կողմի վարքագիծը դառնում է էլ ավելի սանձարձակ եւ անկանխատեսելի»,-փաստեց Կ. Վերանյանը:

Ըստ նրա՝ ՀՀ նախագահն իր ելութում անդրադարձավ նաեւ այն հարցին, որ ադրբեջանական կողմի դիրքորոշման հետեւանքով հակամարտությունն առաջիկայում դժվար թե խաղաղ ճանապարհով լուծում ստանա. «Իրապես, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներն էլ ավելի մշուշոտ դարձան անցած տարվա ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ինչի արդյունքում հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջեւ օտարման գործընթացը խորացավ: Շատ հստակ էր Հայաստանի նախագահի այն ձեւակերպումը, որ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած վայրագությունները Ադրբեջանի իշխանությունների` Արցախի ժողովրդին բնաջնջելու քաղաքականության շարունակության հաստատումն էր, ասել է, թե` Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը մնացել է անփոփոխ: Ելույթում խոսք գնաց այն մասին, որ այդ վայրագություններ իրականացրած զինվորականներից մեկը արդյունքում արժանացավ պետական պարգեւատրման, այսինքն` քաղաքացիական անձանց եւ գերիների նկատմամբ նման անմարդկային ու դաժան պահվածքը Ադրբեջանում քաջալերվում է պետական մակարդակով. Նշեմ, որ սա նույնպես իրենից ներկայացնում էր յուրօրինակ ուղերձ միջազգային հանրությանը առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից տեղ գտած իրողությունները ոչ այլ ինչ են, քան ռազմական հանցագործություններ: Ելույթում անդրադարձ եղավ Ադրբեջանի իշխանությունների տոտալ քարոզչության արդյունքում երկրի հասարակությունում հայատյացության զանգվածային տարածման երեւույթին, որով դաստիարակվում են դպրոցականներն ու երիտասարդ սերունդները»,-ընդգծեց Կարեն Վերանյանը եւ նկատեց, որ այս ամենը նշանակում է, որ : որ առաջիկա հեռանկարում արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման լավագույն երաշխիքը Արցախի պետականության հզորացումն ու Արցախի ժողովրդի անվտանգության պաշտպանությունն է:

Փորձագետի կարծիքով` ելույթում հնչած կարեւոր շեշտադրումներից մեկն էլ այն էր, որ Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքը որեւէ կերպ առնչություն չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների արտահայտման եւ խաղաղ գոյակցության հետ: Նախագահը մասնավորապես ակնարկել է, որ Արցախը շարունակում է իր ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության ապահովման գործընթացը` անկախ նրանից, միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը, թե ոչ: Այդ ուղով Արցախը հավատարիմ է մնում ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը. «Ելույթի երկրորդ հատվածը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակմանը: Առանձնահատուկ շեշտվեց, որ հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմը որեւէ ակնկալիք չունի` Անկարայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Դրանով հանդերձ, Հայաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը` Թուրքիայի պատրաստակամության պարագայում բարելավելու հարաբերությունները հարեւան երկրի հետ:

Խոսվեց նաեւ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին, ասնավորապես կարեւորվեցին ԵԱՏՄ ինտեգրացիոն ձեւաչափն ու դրանում հայկական կողմի ներգրավվածության հարցերը»,-շեշետց մեր զրուցակիցը, ընֆծելով, որ խոսվելց անեւ այն մաիսին, որ Հայաստանը դիտարկում է նաեւ այլընտրանքային ինտեգրացիոն գործընթացներում իր մասնակցության ապահովման հարցը: Խոսքը վերաբերում է նոյեմբերին ԵՄ եւ Հայաստանի միջեւ նախատեսվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. «Այսպիսով, Հայաստանը ձգտում է համակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացները` հնարավորության դեպքում կամուրջ հանդիսանալ վերջիններիս միջեւ տնտեսական երկխոսության հաստատման գործում»,-եզրափակեց Կարեն Վերանյանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
207 reads | 28.09.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com