ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնի ուսանողուհի

Հանրային դիվանագիտության դպրոցի շրջանավարտ, ԵՐԵՎԱՆ







Միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից փուլում քաղաքագետների և այդ հիմնահարցով զբաղվող փորձագետների բառապաշարում սկսել է ավելի հաճախ օգտագործվել «խորհդարանական ասամբլեա», «խորհրդարանական դիվանագիտություն տերմինները»: Խորհրդարանական դիվանագիտություն տերմինը առաջին անգամ միջազգային հարաբերությունների տերմինաբանության մեջ օգտագործել է Ֆիլիպ Ջեսսապը (ամերիկացի իրավաբան, դիվանագետ) 1956թ-ին: Տերմինի անվանումից արդեն իսկ պարզ է դառնում, որ նման տիպի դիվանագիտության հիմքում ընկած է պառլամենտարիզմը։

Պատմության մեջ խորհրդարանական դիվանագիտության սկզբունքի հիման վրա` միջազգային կազմակերպության ստեղծման առաջին փորձը համարվում է Ազգերի լիգայի ստեղծումը: Սակայն այդ կառույցը ունեցավ թերություններ և չարդարացրեց իրեն միջազգային հարաբերություններում: Ուստի Ազգերի լիգայի թույլ տված թերություների ու սխալների հիման վրա ստեղծվեց ավելի կայացած կառույց՝ ՄԱԿ-ը։

Վերջին տարիներին խորհրդարանները մեծապես ընդլայնել են իրենց ուսումնասիրության շրջանակը արտաքին քաղաքականության մեջ: Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը հաճախ են դառնում քննարկման առարկա կա՛մ հանձնաժողովներում, կա՛մ խորհրդարանական լիագումար նիստերի ընթացքում: Ի համալրում, խորհրդարանական պատվիրակությունները մասնակցում են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ժողովների աշխատանքներին: Խորհրդարանների դերը արտաքին քաղաքականության ձևավորման մեջ բավականին բարդ է, այն բազմազան գիտական ուսումնասիրությունների առարկա է հանդիսանում: Այն կարող է ուսումնասիրվել քաղաքագիտության, սահմանադրական իրավունքի և միջազգային հարաբերությունների ոլորտներում:

Արցախի հիմնահարցը, համարվելով ամենաարդիական խնդիրը հայ ազգի համար, ոչ բավարար կերպով էր ներկայացվում միջազգային կառույցներում և կազմակերպություններում, սակայն վերջին ժամանակներում ակտիվացել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված միջազգային կազմակերպությունների ջանքերը, որոնք ընթանում են նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունները այսօր մասնակցում են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին ‹‹Եվրանեսթ››, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։

Եթե անդրադառնանք այն կառույցներին, որոնցում ամենաշատն է քննարկվել ղարաբաղյան հարցը , ապա պետք է առանձնացնել ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ,  քանի որ մնացած խորհրդարանական վեհաժողովներում ուղղակի   ևս մեկ անգամ բարձրաձայնվել է խնդիը, իսկ այս երկուսում մի շարք բանաձևեր են ընդունվել խնդրի վերաբերյալ։

ԵԽԽՎ 2016թ.-ի հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված էին ՀՀ և ԱրՀ համար կարևոր զեկույցների՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ ‹‹Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կանխամտածված կերպով զրկում են ջրից››,  քննարկումները։

Պետք է ուշադրություն դարձնենք փաստին, որ երկու հակահայկական բանաձևերի հեղինակները անձամբ չեն այցելել տարածաշրջան և տեղում չեն ծանոթացել խնդիրներին։ Չի բացառվում, որ այցելելու դեպքում հնարավոր է այլ դիրքորոշումներ ունենային խնդիրների վերաբերյալ։

Ռոբերտ Ուոլթերի հեղինակած վիճահարույց փաստաթուղթը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական ուժերը Արցախից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից»։ Իսկ ահա Միլիցա Մարկովիչի զեկույցից կարող ենք եզրակացնել, որ հայկական կողմը Սարսանգի ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։

Չնայած   ըստ պաշտոնական տվյալների՝ մասնավորապես վերոնշյալ հեղինակների հարցազրույցների արդյունքների, երկու բանաձևերից ոչ մեկը չի համարվում հակահայկական, սակայն բանաձևերի բովանդակությունից ակնհայտ է դրանց հակահայկական լինելու փաստը։

Կարևոր է նաև այն փաստը, որ երկու զեկույցներն էլ կազմվել են բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում։ Ինչպես այլ միջազգային կառույցների ԽՎ-ներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում բարձրացվում են մի շարք հարցեր, որոնք անմիջականորեն չեն առնչվում ղարաբաղյան խնդրին. դրանք որակվում են, որպես հումանիտար, մարդասիրական և այլ բնույթի հարցեր։ Սակայն պարզ երևում է, որ յուրաքանչյուր այդպիսի հարցի ստվերային հատվածում գտնվում է ղարաբաղյան խնդիրը։

ԵԱՀԿ ԽՎ-ի ևս, բազմաթիվ անգամներ  արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանաձևեր  ու հայատարարություններ է հրապարակել, որոնցից  պարզ երևում է, որ ԵԱՀԿ-ն բացահայտ աջակցություն չի ցուցաբերում ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ադրբեջանին։ Քանի որ կարևորվում է համագործակցության միջոցով հարցի լուծումը՝ ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ ուշադրություն է դարձնում տնտեսական համագործակցությանը, սակայն այս համագործակցությանը խոչընդոտում է հարևանների հետ փակ սահմանները։

Այն փաստը, որ ԵԱՀԿ ԽՎ-ն իր գրեթե բոլոր  բանաձևերում Արցախի  խնդրին  առնվազն  5  կետով է անդրադառնում անժխտելի է, բայց արդյո՞ք մեզ այդ «տեղեկատվական»  կետերն են պետք, կամ մեզ պետք ե՞ն  համանախագահների  կողմից հնչեցված հայտարարությունները, որոնք գործնականում ոչ մի նշանակություն չունեն, իհարկե պետք չեն։ Մեզ պետք են գործնական քայլեր, որոնք ուղղված կլինեն խնդրի խաղաղ կարգավորմանը։

Միայն 2016 թվականի ապրիլին  դեպքերից հետո իրավիճակը փոքր - ինչ փոխվեց։ Չնայած հակառակորդի կողմից  գործողությունների պլանի  լավ մշակվածությանը, որպես այդպիսին լայնամասշտաբ պատերազմ տեղի չունեցավ։ Հրադադարի ռեժիմը խախտողի կողմից ձևավորվեց «առասպել»՝ սեփական զոհերի թվաքանակը  թաքցնելու, սեփական հասարակության և միջազգային հանրության առջև  արդարանալու համար, իսկ բովանդակությունը մեկն էր՝ հրադադարը խախտել էր հայկական կողմը, իրենք գրավել են զգալի տարածքներ, պատճառել մեծաքանակ կորուստներ։

Հայկական կողմի թերությունը հարձակմանը անակնկալի գալն էր, որը պատերազմի վտանգ ունեցող երկրի համար անկարելի է։

Չնայած այս ամենի միջազգային հարթակում ագրեսորի ռազմական հռետորիկան պարզ դարձավ բոլորին, որի մասին վկայում են 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև հունիսի 24-ին Վիեննայում համանախագահների հայտարարությունները։

Վերոգրյալից կարող ենք հանգել հետևյալ եզրակացության, որ միջազգային կառույցների և կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Արցախի  հիմնահարցին վերաբերող քննարկումներն ու բանաձևերը չեն նպաստում խնդրի կարգավորմանը։ Դրանք ուղղակի հարթակներ են, որտեղ ևս մեկ անգամ բարձրաձայնվում է Արցախի խնդիրը։

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
537 reads | 12.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com