ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԹՐԱՄՓԸ ԲԱՑԵՑ ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ

ԱՆՆԱ  ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքագետ
Հանրային դիվանագիտության դպրոցի շրջանավարտ, ԵՐԵՎԱՆ



Մերձավոր Արևելքը նման է պանդորայի արկղի, որի բացվելու դեպքում հարակից տարածաշրջանները ևս անմասն չեն մնում տհաճ նվերներից:  Հերթական ցուցիչը, որ չարիքի արկղը կբացվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցն էր Մերձավոր Արևելք: Սկսած Ռեյգանից՝ ԱՄՆ-ի նախագահները առաջին արտասահմանյան ուղևորություն կատարում են սահմանակից երկրներ, սակայն Թրամփը խախտեց ավանդույթը`  ցույց տալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Անզեն աչքով նույնիսկ պարզ է, որ Օբամայի խաղաղության տարիներն արդեն ետևում են, և ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունում նոր ու կտրուկ շեշտադրումներ կան:

Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի տեսանկյունից ուշագրավ է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև կնքված 110 միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից սպառազինություներ գնելու գործարքը: Թրամփի  բիզնես հմտությունները դրսևորվեցին 350 միլիարդ դոլար արժողությամբ երկկողմ  համագործակցային պայմանագրերի կնքմամբ, որում ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն 10  տարվա ընթացքում: Պատմական փորձը վկայում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված նման մեծամասշտաբ պայմանագրերը չարագույժ են լինում: Օրինակ` 1974թ-ին կնքված  117 միլիարդ արժողությամբ գաղտնի պայմանագիրը հանգեցրեց համաշխարհային նավթային, իսկ հետո նաև տնտեսական ճժգնաժամի:
 
Այս անգամ գործարքն ուղղված է Իրանի դեմ: Այն պետք է կնքվեր դեռևս Օբամայի օրոք, սակայն վերջինս Իրանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից էր, ուստի խուսափում էր զինել Իրանի երդվյալ թշնամուն: Սաուդյան Արաբիան,  որը կանգնած  է աշխարհում ծայրահեղական  և ահաբեկչական ուժերի հովանավորների շարքերում, կունենա գերժամանակակից զենքեր: Այս ամենը կարող է հանգեցնել Սիրիայում պատերազմի ավելի թեժացման և նոր անկայունության օջախների  հրահրման Հորմուզի նեղուցում: Այն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ հենց Հորմուզի նեղուցով  է դուրս գալիս համաշխարհային նավթի պաշարների 40 %-ը:  Եթե  այնտեղ խժդժություններ սկսվեն, և նեղուցը փակվի, նավթի գները կտրուկ կբարձրանան և համաշխարհային տնտեսությունը մեծ վնաս կկրի:

Մյուս կողմից նավթի գների բարձրացումը կհանգեցնի Ռուսաստանի և նավթային այլ  մագնատ պետությունների  տնտեսական,  հետևաբար նաև քաղաքական հզորացմանը: Հավանաբար Թրամփի վարչակարգի հաշվարկներն այդքան հեռու չեն գնացել:
Դիտարկենք սցենարներ, թե ինչպես կարող է Թրամփի Մերձավորարևելյան գործարքն անդրադառնալ Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա:

Սցենար 1
Սաուդյան Արաբիան կիրառում է ԱՄՆ-ից ստացած զենքերը Սիրիայում  ընդդեմ Ասադի և աջակցում է Իսլամական պետության և մյուս ծայրահեղական շարժումների մարտիկներին: Այս դեպքում ևս  սայրն  անուղղակի կերպով ուղղված է լինելու Իրանի դեմ: Սիրիական հակամարտությունը անժամկետ կերկարաձգվի, իսկ ծայրահեղականությունն էլ ավելի խոր արմատներ կձգի տարածաշրջանում: Ծայրահեղական ուժերի ձեռքբերումները նոր վտանգ կդառնան Սիրիայի` առանց այն էլ սակավամարդ  հայ համայնքի համար և այն կկանգնեցնեն ոչնչացման շեմին: Միաժամանակ   միգրացիայի նոր ալիք կսկսվի: ԱՄՆ-ն իր դռները փակել է ներգաղթյալների համար, իսկ  ճգնաժամային վիճակում գտնվող Եվրոպայի համար միգրացիոն անվերահսկելի հոսքերը կարող են կործանարար լինել: Հայաստանի համար հատկապես վտանգավոր է իր սահմաններից  մոտ 300կմ հեռավորության վրա արմատականության տարածումը, մանավանդ որ Ադրբեջանը անհեռատեսորեն փորձում է  Արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել:

Սցենար 2
Սաուդյան Արաբիան կփորձի ռազմական գործողություներ սկսել հենց Իրանի հետ սահմանին: Այդ պարագայում վտանգն առավել քան մոտ կլինի Հայաստանին:  Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30%-ը կատարվում է Իրանի տարածքով, և պատերազմը   կարող է խաթարել կամ դժվարացնել Իրանի տարածքով բեռնափոխադրումները: Այդ դեպքում Հայաստանն արտաքին աշխարհի հետ ցամաքային կապ կունենա միայն Վրաստանի տարածքով: Միաժամանակ Իրանում հնարավոր պատերազմը ևս կարող է հանգեցնել հայ համայնքի թուլացմանը և արտահոսքին: Ինչպես նշվեց, Հորմուզի նեղուցում անկայունությունը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացմանը, որից մեծապես կշահի Ադրբեջանը: Այդ նավթադոլարները ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում հնարավոր է ուղղվեն սպառազինության ամրապնդմանը և դիվանագիտական, տեղեկատվական և լոբբիստական գործունեությանն՝ ընդդեմ Հայաստանի:

Տարածաշրջանային նմանատիպ զարգացումները բարենպաստ չեն Հայաստանի համար, սակայն նույնիսկ նման իրավիճակում, գնահատելով ռիսկերը, հնարավոր է քաղել օգուտներ: Ռիսկային է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի` Իրանի հետ հարաբերությունների թշնամության ֆոնին միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես Իրանի բարեկամ, սակայն դա հնարավոր է անել առանց այդ մասին շեփորահարելու: Իրանի և Ծոցի երկրների միջև հարաբերությունների վատթարացման դեպքում Իրանը ֆինանսական հոսքերի բազմազանեցման խնդիր կունենա, որտեղ Հայաստանը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Եվ ընդհանրապես,  տնտեսական շատ հարցերում հայկական այլընտրանքը կարող է փրկօղակ դառնալ Իրանի համար:

Քաղաքական հարթությունում ևս հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի մերձեցման նախադրյալներ են ստեղծվել: Ադրբեջանը Սաուդյան Արաբիայի հակաիրանական ճամբարում է ակտիվություն ցուցաբերում, որը պետք է բնականորեն մերձեցնի ՀՀ-ին և ԻԻՀ-ին:  Իրանա-հայկական քաղաքական մեղրամսի շրջանակներում Հայաստանը հնարավորինս պետք է փորձի առաջ տանել տնտեսական ծրագրերի  արագ կենսագործման հարցը:

Մեդալի մյուս կողմում Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է: Այս առումով ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը կամ անգործունեությունը դեռևս արդյունքներ  չի տվել: Իրանի հետ   հարաբերությունների խորացմանը զուգահեռ անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի հետ  դիվանագիտական  հարաբերությունների հաստատում, որում հնարավորինս օգտակար  կարող են լինել Մերձավոր Արևելքի հայ համայնքների ազդեցիկ  գործիչները:
 
Թրամփի սուսերով պարով մեկնարկեց մարլեզոնյան բալետի երկրորդ արարը, իսկ Հայաստանն այդ ներկայացման մեջ կունենա դիտորդի՞,  թե՞ մասնակցի կարգավիճակ, կախված է  հայկական դիվանագիտական կորպուսի որդեգրած քաղաքականությունից:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1476 reads | 08.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com