«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈՎԿԱՍ». ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՅԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Կովկասագետ, ԵՐԵՎԱՆ






Կովկասյան տարածաշրջանի տարբեր ասպեկտների արդիականությունը ավելի ակնհայտ է դառնում դրանց բազմակողմանի հետազոտության շնորհիվ: Իր ողջ գրավոր պատմության ընթացքում Կովկասը անցել է տարբեր մարտնչող կլանների, ցեղերի, կրոնական դավանանքների, պետությունների ու կայսրությունների պատերազմների ու կոնֆլիկտների միջով: Սակայն միշտ չէ, որ Կովկասում եղել են պատերազմներ: Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջնում եղել են նաև խաղաղ ժամանակներ և անգամ միավորման ձգտումներ:

Փաստացիորեն Կովկասի միավորման առաջին փորձը տեղի է ունեցել նրա Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո: Կովկասյան միության ստեղծման գաղափարի ծագումը կապված է Ռուսաստանի ընդլայնմամբ դեռևս Ալեքսանդր I –ի ժամանակներից:
Հյուսիս – կովկասյան պետության ստեղծման օրինակ եղավ  1917 թ. մարտին Համախմբված լեռնականների միության ստեղծմամբ: Միաժամանակ միավորում տեղի ունեցավ նաև Հարավային Կովկասում, երբ արդեն 1917 թ. ձևավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը` Ռուսաստանի հովանավորչությամբ: Շուտով Սեյմը լուծարեց կոմիսարիատը և Անդրկովկասը մասնատվեց Ռուսաստանից և մայիսի 22-ին ձևավորվեց Անդրկովկասյան դաշնային ֆեդերատիվ հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1918 թ. մայիսի 26-ը, երբ Հարավային Կովկասում ստեղծվեցին 3 անկախ հանրապետություններ:

Եթե Հարավային Կովկասի դեպքում միավորում տեղի չունեցավ, ապա Հյուսիսային Կովկասում ստեղծված Լեռնականների հանրապետությունը շարունակում էր իր գործունեությունը: Արդեն խորհրդային տարիներին վերջինս տեղափոխվեց Ստամբուլ և որպես անկախության կոմիտե, շարունակեց իր գործունեությունը: Հասկանալով, որ Թուրքիան միավորման գաղափարները իր սեփական նպատակներին հասնելու միջոց է համարում, կոմիտեն տեղափոխվեց Փարիզ: Այստեղ ստեղծվեց միֆական տիտանի անունը կրող «Պրոմեթևս» ամսագիրը, որ շարունակաբար տարածում էր միավորման գաղափարները և բազմիցս նշում էր Կրեմլի վարած դաժան քաղաքականությունը Կովկասյան ժողովուրդների վրա:

Հայերին ևս առաջարկվել էր մասնակցել միավորման ծրագրերին, սակայն հայերը հասկանում էին, որ Թուրքիայի ղեկավարությամբ հնարավոր չէր լինի որևէ միավորված պետություն ստեղծել,  քանի որ վերջինիս նպատակը իրականում բոլոր հնարավոր միջոցներով Մեծ Թուրան գաղափարի իրագործումն էր:

Կովկասյան միավորման գաղափարը կրկին բարձրացվեց ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, երբ աբխազները Սուխումում Կովկասի լեռնականների համագումար հրավիրեցին:

«Կովկասյան տան» գաղափարը բավական լավ օգտագործեց Վրաստանը: Դեռևս նախագահ Է. Շևարդնաձեն Հ. Ալիևի հետ մտադիր էր իրականացնել «Խաղաղ Կովկաս» ծրագիրը: Այս դեպքում Վրաստանը բավական լուրջ քայլեր իրականացրեց: Անգամ վրացական  դպրոցական դասագրքերում  կենտրոնացած էին աշակերտներին Կովկասը ներկայացնելու՝ որպես մեկ միասնական պատմություն, աշխարհագրություն և ազգագրություն ունեցող երկրամաս: Դասերի թեմաները ձևակերպված էին այսպես` «Հարավային Կովկասի ժողովուրդները և ազգագրությունը», «Կովկասյան գյուղ», «Ինչպես են նշում Նոր տարին Հարավային Կովկասում», «Կովկասյան քաղաք», «Կովկասյան ժողովուրդների դավանական պատկերացումների համակարգը», «Հարավային Կովկասի մշակութային հուշարձանը», «Կովկասյան ժողովուրդների հագուստը», «Հարսանիքը Կովկասում», «Կովկասյան քաղաքական քարտեզի ձևավորումը»:

2008 թ. Օգոստոսյան պատերազմը շրջադարձային էր երկրամասի համար: Սրանից լավ օգտվեց Թուրքիան և կրկին առաջ քաշեց «Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարթակ ստեղծելու» նախագիծ, որը ևս էական ոչ մի հաջողության չհասավ:

2010 թ. Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին ՄԱԿ - ի Գլխավոր Ասամբելայում առաջ քաշեց միավորված Կովկասի ստեղծումը ԵՄ-ի օրինակով:  Կովկասի միավորման մեկ այլ ձև Իսլամական ծրագիրն է, որը արդիական է մեր օրերում, երբ Կովկասից բազմաթիվ մուսուլմաններ կռվում են ԻԼԻՊ - ի շարքերում և ամենայն հավանականությամբ նրանց հայրենիք վերադառնալուց հետո տարածաշրջանը կմիավորվի Կովկասյան իմամաթի (իմարաթ) շուրջ` Մեծ Չերքեզիայի ստեղծման օրինակով:

Այսօր տարածաշրջանում համեմատաբար մեծ ազդեցություն ունեն երկու տերություններ` Ռուսաստանի Դաշնությունը, որը իր ազդեցության տակ է պահում ողջ Հյուսիսային Կովկասը, իսկ Օգոստոսյան պատերազմից և Վրաստանը կորցնելուց հետո Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանը, և Թուրքիան, որը իսլամական գործոնով պայմանավորված նույնպես իր ազդեցությունը ունի Հյուսիսային Կովկասում, իսկ Հարավակին Կովկասի դեպքում «Մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսով Ադրբեջանում:    
 Սակայն «Կովկասյան տան» իրագործմանը խանգարում են մի քանի կարևոր կետեր.

1.    Սխալ է Կովկասի միավորումը կրոնական գործոնով պայմանավորել, ինչպես նաև սխալ է օգտագործել կրոնը, որպես քաղաքական գործիք: Կրոնական գործոնը կարող է վտանգել հենց կովկասյան ժողովուրդների ապագան, քանի որ այն իր առջև չունի պետական խնդիրներ լուծելու նպատակ և քաղաքական իսլամը իրականում դրական ոչնչի չի հանգեցնի: Պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանը այսօր դեռ հնարավոր է զերծ պահել շարիաթական նորմերը կրող իսլամից, քանզի Կովկասի բնակիչները դեռևս նախընտրում են իրենց խնդիրները լուծել քաղաքականության միջոցով, այլ ոչ թե կրոնական ուտոպիայով: Սակայն պետք է նաև հստակ հասկանալ, որ իսլամական գաղափարը և քաղաքական գործընթացները միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններ են:
2.     Հարավային Կովկասի դեպքում խոսել որևէ միավորման կամ միության ստեղծման մասին, գրեթե իմաստ չունի: Հարավային Կովկասում Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի հարցը շարունակում է մնալ սառեցված:
3.    Վրաստանը իր հերթին բազմիցս բարձրացնելով «Կովկասյան տան» գաղափարը՝ նպատակ ուներ ի հակակշիռ Ռուսաստանի «մինի վրացական կայսրություն» ստեղծել, ինչպես նաև մեկ անգամ ևս ամերիկյան կառույցներին հաճոյանալու նպատակ էր հետապնդում:
4.    Այսօր Թուրքիայի համար Կովկասը Արևելյան Անատոլիայի շարունակությունն է: Անկարայի համար այս շրջանը նույնքան խնդրահարույց է, որքան Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի համար: Կովկասի հետ հարաբերություններում Թուրքիայում էական դեր են խաղում հյուսիսկովկասյան մեծաքանակ սփյուռքը, ովքեր պետական կառավարման համակարգում էական դեր չեն խաղում, սակայն նպաստում են երկրում հասարարակական կարծիքի ձևավորմանը: Նրանց օրակարգում է Կովկասում Ռուսաստանին հակադրվելը:  Հյուսիսային Կովկասը կորցնելու դեպքում Ռուսաստանը կդարարի իր գոյությունը որպես համաշխարհային գերտերություն: Ռուսաստանի համար Կովկասի նշանակությունը կայանում է նրանում, որ Կովկասի շնորհիվ Ռուսաստանը համարվում է աշխարհի միակ տերությունը, որ մեկ քաղաքական համակարգի մեջ միավորում է մի քանի քաղաքակրթություններ:  

Այնուամենային ինչպիսի՞ դրական ազդեցություն կունենա Կովկասի միավորումը.
1.    Կստեղծվի մեկ միասնական տնտեսական գոտի
2.    Ընդհանուր ենթակառուցվածքային համակարգ
3.    Հզոր բանակ
4.    Միջազգային ասպարեզում բավական կարևոր դեր ունեցող նոր պետություն

Ստեղծել միավորված Կովկասը բավականին բարդ է: Այն իրագործելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լուծել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջացած կոնֆլիկտները, փորձել բալանսավորել Հյուսիսային Կովկասում իսլամի, իսկ Հայաստանում, Վրաստանում, մասամբ Օսիայում և Աբխազիայում քրիստոնեության համատեղ գոյատևումը մեկ միասնական տերության մեջ: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել կովկասյան մենտալիտետը, քանզի յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր էթնոս իրեն համարում է ամենախելացին, ամենաճկունը, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր կրոնը, իր հողը: Եվ ցանկացած միջամտություն ամենայն հավանականությամբ կարող է որակվել որպես դավաճանություն: 
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
581 reads | 07.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com