ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
ՆՈՐԱՎԱՆՔ ԳԿՀ


2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (ՍԲՀ), որը երկրի պատմության մեջ 7-րդն էր։ Նախորդ 6 ՍԲՀ-ներն անցկացվել են 1961թ., 1982թ., 1987թ., 1988թ., 2007թ. և 2010թ.։ 2017թ. ՍԲՀ-ն այդպիսով երրորդն էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար, որը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ընդ որում՝ նախորդ 2 ՍԲՀ-ների արդյունքներն էլ դրական են եղել ԱԶԿ-ի համար. 2007թ. սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների մոտ 69%-ը, իսկ 2010թ.՝ մոտ 59%-ը։ ԱԶԿ-ի համար 3-րդ ՍԲՀ արդյունքները նույնպես հաջող էին, թեև տոկոսային հարաբերակցությամբ նրա աջակիցների թիվը նվազել է։ 2017թ. ապրիլի 27-ին Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հրապարակեց Թուրքիայի ներսում, մաքսային անցակետերում ու արտերկրում քվեարկության արդյունքները։



Այս արդյունքները հերթական անգամ վկայեցին, որ ԱԶԿ-ն վերջին տարիներին ունի 20-25 միլիոնանոց կայուն ընտրազանգված, և 2017թ. ՍԲՀ-ն բացառություն չէ այդ առումով։ Արդյունքների գրանցման մեջ իրենց դերն ունեցան վարչական ռեսուրսների չարաշահումները, զանգվածային ընտրախախտումները, որոնց մասին բարձրաձայնել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ պահանջելով քվեների 60%-անոց վերահաշվարկ (զանգվածային ընտրախախտումների մասին ահազանգելն աննախադեպ երևույթ էր վերջին տարիների Թուրքիայի համար, և որոշ կարծիքներով՝ հենց դրանք են վճռել քվեարկության արդյունքները)։ Գործոնների թվում է նաև այն, որ Թուրքիայի ներսում ու արտերկրում քվեարկությանը չմասնակցեց մոտ 7 մլն մարդ։ Հատկանշական է, որ ՍԲՀ-ն անցկացվեց արտակարգ դրության (OHAL) պայմաններում, որն արդեն 3 անգամ երկարաձգվել է 3 ամսով. վերջին անգամ այն երկարաձգվեց ՍԲՀ-ից անմիջապես հետո՝ մինչև հուլիսի 19-ը։ Ընդ որում՝ դեռևս 2016թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել էր, որ ՍԲՀ-ից առաջ կվերացվի OHAL-ը, որպեսզի ոչ ոք չկարողանա հայտարարել, թե ՍԲՀ-ն անցկացվում է ճնշումների պայմաններում։

Այսպիսով, Էրդողանին հաջողվեց հասնել նրան, որ հանրաքվեի միջոցով հաստատվեն սահմանադրական բարեփոխումները, որոնք, ի թիվս այլնի, նախատեսում են, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի, նախագահը ստանում է աննախադեպ լայն լիազորություններ, վերացվում է երկիշխանությունը (վարչապետի պաշտոնը)։ Եվ այնուամենայնիվ, «այո»-ն (Էրդողան) պարտություն է կրել 3 մայրաքաղաքներում. պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում և զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչը պետք է որ մտորումների տեղիք տա Էրդողանին։ «Այո»-ն պարտվել է նաև երկրի երրորդ խոշոր քաղաք Իզմիրում, ինչը կարելի է համարել օրինաչափ («ոչ»-ի կողմնակիցները հավաքել են մոտ 70%), քանի որ այն քեմալականների հիմնական միջնաբերդն է։ ՍԲՀ-ն ցույց տվեց, որ Թուրքիայի հասարակությունը երկփեղկված է, ինչը մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Էրդողանի համար։

2017թ. ՍԲՀ-ից առաջ Էրդողանը քանիցս հայտարարել էր, որ եթե երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի: Նա ընդգծեց, որ եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը գա մեջլիսից, ապա անպայման կհաստատի այն՝ կարևորելով նախևառաջ սահմանադրության փոփոխումը: Էրդողանն իր այդ դիրքորոշումը հայտնեց նաև ՍԲՀ հենց հաջորդ օրը, երբ արդեն հայտնի էին դրա նախնական արդյունքները («այո»-ի հաղթանակը)։ Ստամբուլում դիմելով իրեն ողջունող ամբոխին՝ Էրդողանն ընդգծեց, որ իրենց առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է, և այդ հարցի շուրջ կարող է անցկացվել հանրաքվե։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելու դեպքում այդ երկիրը կզրկվի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հոլթգենն էլ հայտարարեց, որ մահապատժի վերականգնման հարցը վտանգում է նաև ԵԽ-ին Թուրքիայի անդամակցությունը, քանի որ ԵԽ անդամ ոչ մի երկրում չի գործում մահապատիժ, և որ Բելառուսը ԵԽ չեն ընդունում հենց մահապատիժ ունենալու համար։ Մահապատիժը վերականգնելու մտադրության մասին Էրդողանը սկսեց ակտիվորեն խոսել 2016թ. հուլիսին գրանցված ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո, որի կազմակերպման համար թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին, որն էլ, ըստ ամենայնի, կլինի մահապատժի վերականգնման թիրախում (չպետք է բացառել նաև քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանին մահապատժի ենթարկելու հնարավորությունը)։

ՍԲՀ-ից հետո՝ մայիսի 2-ին, Թուրքիայում գրանցվեց ուշագրավ զարգացում. Էրդողանը 33-ամսյա (979 օր) ընդմիջումից հետո վերադարձավ ԱԶԿ շարքերը։ Դա հնարավոր դարձավ հենց ՍԲՀ-ի միջոցով, որի կետերից մեկի համաձայն՝ երկրի նախագահը կարող է լինել կուսակցական (2014թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանը հարկադրված հեռացավ ԱԶԿ նախագահի պաշտոնից)։ ԱԶԿ շարքերն Էրդողանի վերադարձից հետո կուսակցության նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ մայիսի 21-ին Անկարայում անցկացվելու է ԱԶԿ արտահերթ համագումարը, որում քվեարկության է դրվելու կուսակցության նախագահի պաշտոնում Էրդողանին ընտրելու հարցը7։ Անկասկած է, որ Էրդողանը կվերադառնա ԱԶԿ նախագահի պաշտոնին, որը զբաղեցրել է 2001-2014թթ։

Հարկ է նշել, որ Թուրքիայում արդեն իսկ սկսել են պատրաստվել 2019թ. ընտրություններին։ Ընդ որում՝ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ առաջին անգամ մեկ տարով կանցկացվի միանգամից 3 ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական։ ՍԲՀ-ով որոշվել է խորհրդարանական և նախագահական ընտրություններն այսուհետ անցկացնել 5 տարին մեկ անգամ և նույն օրը, տվյալ դեպքում՝ 2019թ. նոյեմբերի 3-ին (2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ հաղթանակից ուղիղ 17 տարի հետո)։ Էրդողանն այժմ պատրաստվում է հաղթել 2.5 տարի հետո կայանալիք նախագահական այդ ընտրություններում և դառնալ աննախադեպ լայն լիազորություններով Թուրքիայի առաջին նախագահը։ Նա՝ որպես խարիզմատիկ առաջնորդ, մեծ առավելություն ունի ընդդիմադիր կուսակցապետերի նկատմամբ (թուրքական ընդդիմությունը կարիք ունի խարիզմատիկ առաջնորդի)։ Ընդ որում՝ այդ առավելությունն ավելի շոշափելի է, քան, ասենք, ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ ԱԶԿ առավելության դեպքում (որն էլ, ըստ ամենայնի, իր հերթին կհաղթի 2019թ. ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններում)։ Այդպիսով, 2019թ. չափազանց կարևոր տարի է լինելու թե՛ Էրդողանի, թե՛ ընդհանրապես Թուրքիայի համար։

Ընդգծենք, որ ՍԲՀ հաղթանակի շնորհիվ Էրդողանը տեսականորեն հնարավորություն է ստանում Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ ցմահ։ Սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ են մտնելու 2019թ., երբ կբոլորի Էրդողանի 65-ամյակը, և նա կարող է դառնալ դե-յուրե լայն լիազորություններով նախագահ և հենց այդ կարգավիճակով էլ դիմավորել 2023 թվականը՝ ԹՀ հիմնադրման 100-ամյակը։ Նա կարող է նաև Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել 2024թ. և այն զբաղեցնել մինչև 2029թ., երբ կբոլորի 75-ամյակը (մինչդեռ 2014թ. Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել «5+5» տարբերակով և այդ պաշտոնում տեսականորեն կարող էր մնալ մինչև 2024թ.)։ Ավելին, ՍԲՀ-ով նախատեսվում է, որ եթե խորհրդարանը նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետում որոշում ընդունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ապա նախագահը ևս մեկ անգամ կստանա վերընտրման իրավունք։ Եթե Թուրքիայի խորհրդարանն, ասենք, 2028թ. աշնանը (Էրդողանի հնարավոր պաշտոնավարման ժամկետից մեկ տարի առաջ) որոշում ընդունի արտահերթ ընտրությունների մասին, ապա Էրդողանը ևս մեկ անգամ կստանա վերընտրման իրավունք և վերընտրվելու դեպքում նախագահի կարգավիճակով (79 տարեկանում) կկարողանա դիմավորել նաև 2033թ.՝ ԹՀ 110-ամյակը։ Սակայն Էրդողանի այս պլանները կարող է ձախողել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլը, որն ակտիվության նշաններ է ցուցաբերում վերջին շրջանում։

Սակայն հարկ ենք համարում նախ անդրադառնալ ՍԲՀ-ից օրեր հետո ԵԽԽՎ ընդունած որոշմանը։ 2017թ. ապրիլի 25-ին ԵԽԽՎ պատգամավորները քվեարկեցին Թուրքիայում իրավիճակի մոնիթորինգի ընթացակարգի վերականգնման օգտին, որը դադարեցվել էր 2004թ.։ Այդ որոշմանը կողմ քվեարկեց 113, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 12 պատգամավոր։ Դա կապված էր Թուրքիայում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ ԵԽԽՎ մտահոգության հետ, ինչը, մասնավորապես, վերաբերում է Թուրքիայում լրագրողների հետապնդմանն ու արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը, որը ներդրվել է ՌՀՓ-ից հետո։ Մոնիթորինգի ընթացակարգը ստեղծվել է 1993թ., դրա նպատակն այն է, որ ԵԽ բոլոր երկրները գտնվեն իրավական ու քաղաքական ընդհանուր շրջանակներում, որոնք որոշվել են ԵԽ չափորոշիչներին, իրավական պետության սկզբունքներին համապատասխան։

ԵԽԽՎ այդ որոշումը խստապես դատապարտեցին Թուրքիայի ԱԳՆ-ն, նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը և այլք։ Այդ հայտարարություններում ԵԽԽՎ տվյալ որոշումը որակվում էր որպես «իրականությանը չհամապատասխանող, անարդար, անարժան, սխալ որոշում», «քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշում», «եվրոպացիների քաղաքական խաղ», «պոպուլիստական մոտեցում», «ռասիստական, ֆաշիստական, հակաթյուրքական, հակաիսլամական կամպանիայի հետևանք»։

Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները գտնվում են վերջին ժամանակաշրջանի համար վատթարագույն վիճակում, իսկ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան նվազագույնի կհասցնի ԵԽ բյուջեում իր ներդրումը։ Էրդողանն իր հերթին սպառնաց, որ Անկարան կվերանայի ԵՄ-ին անդամակցելու հարցում իր դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ Թուրքիային այդ հարցում սպասեցնում են արդեն 54 տարի։ Նա ընդգծեց, որ պատրաստ է հանրաքվեի դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցը՝ օրինակ վերցնելով Մեծ Բրիտանիայից (Brexit)։

Այս ամենը վկայում է, թե Թուրքիայի իշխանությունները որքան սուր և ցավագին արձագանքեցին ԵԽԽՎ վերոնշյալ որոշմանը, և հենց այս ֆոնին հատկապես առանձնանում է Թուրքիայի 11-րդ (2007-2014թթ.) նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությունը։ Մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ Գյուլը հայտարարեց, որ ներկայում լավագույն որոշումը կլիներ բարեփոխումների ընթացակարգին վերադառնալը. «Ես անկեղծ հավատում եմ, որ տնտեսական աճի ցանկալի մակարդակի, մեր ժողովրդի բարօրության և Թուրքիայի ապագայի համար մենք պետք է հնարավորինս արագ հաղթահարենք հոգեբանական վնասվածքը, որը ստացանք հուլիսի 15-ի ՌՀՓ-ի ժամանակ և վերադառնանք բարեփոխումների համապարփակ գործընթացին»։ Գյուլը հիշեցրեց, որ անցյալում Թուրքիայի կատարած բարեփոխումների շնորհիվ Մևլյութ Չավուշօղլուն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ. «Որպես քաղաքական և պետական գործիչ, որը քաջատեղյակ է Թուրքիայում ԵԽԽՎ բարեփոխումների իրագործման գործընթացին, կարծում եմ, որ չնայած այս ամենին՝ ԵԽԽՎ որոշումը պետք է առողջ գնահատել»:

Դրա հետ կապված՝ թուրքական «Հյուրիեթ» թերթի հոդվածագիր Ահմեթ Հաքանը գրեց, որ վերջին շրջանում սա առաջին դեպքն է, որ Աբդուլա Գյուլը համարձակվել է հայտնել իր կարծիքը, դիրքորոշումը, առաջին անգամ կոնֆլիկտի մեջ է մտել Էրդողանի հետ՝ ընդգծելով, որ «այսպես շարունակել այլևս անհնար է»։ Սա իսկապես ուշագրավ հայտարարություն էր Գյուլի կողմից և կարող է դառնալ նրա՝ քաղաքականություն վերադառնալու նախերգանքը։ Իսկ դա վատ նորություն կդառնա Էրդողանի համար, որը դեռ նախորդ տարեվերջին հրապարակավ «հուղարկավորեց» Գյուլի քաղաքական կարիերան։

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 4-ին Աբդուլա Գյուլի հայրենի Քայսերի քաղաքում տեղի ունեցավ Թուրքիայի 11-րդ նախագահի անվան թանգարանի և գրադարանի բացման արարողությունը, որին մասնակցել են Էրդողանը, Յըլդըրըմը, Գյուլը, բարձրաստիճան այլ անձինք։ Թանգարանի բացմանն ունեցած ելույթում Էրդողանն ընդգծեց Աբդուլա Գյուլի կարևոր արժանիքներն ԱԶԿ ստեղծման ու իշխանության գալու մեջ. «Մեր երկրում քաղաքական պատմությունների թանգարանների ստեղծումը դարձել է լավ ավանդույթ։ Դրա հերթական օրինակը դարձավ Աբդուլա Գյուլի անվան թանգարանի և գրադարանի ստեղծումը (ավելի վաղ Թուրքիայում բացվել են երկրի առաջին երեք նախագահների՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, Իսմեթ Ինենյուի, Ջելալ Բայարի և 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի թանգարանները)։ Հետագա սերունդներին այսպիսի տեղեկություններ հաղորդելը շատ կարևոր է և մեծ ներդրում է մեր պատմության ու մշակույթի մեջ»։

Աբդուլա Գյուլն իր հերթին ընդգծեց, որ թանգարանում ստեղծվել են Թուրքիայի նորագույն պատմության մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություններ, շնորհակալություն հայտնեց թանգարանի և գրադարանի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց։ Թանգարանի բացման ժամանակ ցուցադրվեց նաև ճանաչողական ֆիլմ, որում Էրդողանը Գյուլին անվանում է «ճանապարհի ընկեր»՝ հիշեցնելով, որ նրա հետ ծանոթացել է դեռևս 1960-ական թվականների վերջին Թուրքիայի Ուսանողների ազգային միությունում, և իրենք սկսել են մղել համատեղ քաղաքական պայքար ու արդյունքում հիմնել են ԱԶԿ-ն։ Ֆիլմում Աբդուլա Գյուլը հիշեցնում է, որ արդեն մոտ 50 տարի է, ինչ ճանաչում է Էրդողանին, որի հետ համատեղ բավական լավ և դժվարին պահեր են ապրել։

Այդպիսով, կարող է թվալ, թե քաղաքական այս գործիչների հարաբերությունները շատ լավ են, սակայն դրանք վատթարացել են վերջին տարիներին, և Գյուլը հարկադրված է եղել 2014թ. Թուրքիայի նախագահի պաշտոնը զիջել Էրդողանին ու հեռանալ քաղաքականությունից։ Հավելենք, որ 2012թ. ՍԴ-ն, քննելով Գյուլի նախագահության ժամկետի հարցը, նրան տվեց վերընտրման իրավունք («7+5»)։ 2012թ. սկզբին թուրքական ընդդիմությունը պահանջում էր անցկացնել նախագահական ընտրություններ՝ ընդգծելով, որ Աբդուլա Գյուլը 2007թ. օգոստոսին նախագահի պաշտոնում ընտրվել է ոչ թե 7, այլ 5 տարով (2007թ. հոկտեմբերի ՍԲՀ-ով որոշվել էր Թուրքիայի նախագահի լիազորությունները 7 տարուց նվազեցնել մինչև 5 տարվա, սակայն դրա հետ մեկտեղ նրան տալ վերընտրման իրավունք («5+5»), ինչը բացառված էր դրանից առաջ)։ Արդյունքում՝ ՍԴ-ն վճռեց, որ Գյուլը 2007թ. նախագահ է ընտրվել 7-ամյա ժամկետով, սակայն ուշագրավ էր, որ դրա հետ մեկտեղ ՍԴ-ն Գյուլին տվեց վերընտրման իրավունք։ ՍԴ այս որոշման հիմքում ընկած էր 2 հիմնական գործոն։ Նշենք, որ ՍԴ-ն բանակի հետ միասին Էրդողանի (երկրի իսլամականացման) դեմ պայքարի միջնաբերդերից է, և նրա համար ավելի նախընտրելի էր երկրի նախագահի պաշտոնում տեսնել չափավոր հայացքներով, կանխատեսելի Գյուլին, քան բռնապետական հակումներով, անկանխատեսելի Էրդողանին։ Բացի այդ, ՍԴ-ն իր տվյալ քայլով հուսով էր հետագայում պառակտում առաջացնել ԱԶԿ-ի՝ Գյուլի և Էրդողանի համակիրների ներսում։ Արդյունքում՝ Թուրքիայում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2014թ. օգոստոսին (2007թ. նախագահական ընտրություններից 7 տարի հետո), որոնց ժամանակ ժողովուրդը ԹՀ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեց երկրի նախագահ (Էրդողան)։

Ընդգծենք, որ Աբդուլա Գյուլի անվան թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2013թ., երբ նա դեռ Թուրքիայի նախագահն էր, իսկ Էրդողանը պատրաստվում էր դառնալ նախագահ։ Դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ անցալում նախկին նախագահների թանգարանները բացվել են կա՛մ այն ժամանակ, երբ նրանք վաղուց մահացած են եղել, կա՛մ էլ նրանց նախագահության ժամկետը վաղուց է լրացել։ Գյուլի թանգարանում տեղ են գտել պատմական նյութեր, փաստաթղթեր, Գյուլի ելույթների ձայնագրություններ, նամակներ, անձնական իրեր, այդ թվում նաև նախագահի վաղ տարիքի, որոնք ներկայացնում են ազգային հետաքրքրություն, ինչպես նաև նախկինում չհրապարակված լուսանկարներ։

Էրդողանի մտահղացմամբ Աբդուլա Գյուլի թանգարանի ստեղծումը պետք է խաչ քաշեր նրա քաղաքական կարիերայի վրա։ 11-րդ նախագահի թանգարանի ստեղծումը նշանակում է, որ Էրդողանի համար Գյուլն արդեն «անցյալ» է։ Չնայած թանգարանի բացման ժամանակ Էրդողանն ընդգծեց նախկին նախագահի կարևոր արժանիքներն ԱԶԿ ստեղծման և իշխանության գալու մեջ, դրանից ամիսներ առաջ՝ 2016թ. փետրվարին, ԱԶԿ կայքում հրապարակվեց կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը։ Ցուցակում 74 հիմնադիրներից մնացել էր միայն 61-ը։ ԱԶԿ հիմնադիրների ցուցակից դուրս էին մնացել Աբդուլա Գյուլը, ԱԶԿ-ից առաջին արտգործնախարար Յաշար Յաքըշը (18.11.2002-11.03-2003), խորհրդարանի նախկին նախագահ (19.11.2002-22.07.2007) և փոխվարչապետ (01.05.2009-28.08.2015) Բյուլենթ Արընչը, ՆԳՆ նախկին ղեկավար (06.07.2011-24.01.2013) Իդրիս Նաիմ Շահինը, նախկին փոխվարչապետ (18.11.2002-29.08.2007) Աբդուլաթիֆ Շեները։

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլին Գյուլը հայտարարել էր, թե հենց ինքն է ԱԶԿ գլխավոր հիմնադիրը (ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԶԿ ստեղծման գաղափարն ինքը մտահղացել է 1999թ., բանտում եղած ժամանակ)։ Գյուլն ընդգծել է, որ ինքն է եղել ԱԶԿ-ից Թուրքիայի առաջին վարչապետը (18.11.2002-14.03.2003) և առաջին նախագահը (28.08.2007-28.08.2014)։ Նշենք, որ Աբդուլա Գյուլը գրեթե միաժամանակ (28.03.2003-28.08.2007) եղել է նաև Թուրքիայի արտգործնախարար և փոխվարչապետ։ Այդ ժամանակ թուրքական մամուլը գրեց, որ Գյուլը հանդիպել է նախկին պատգամավորների ու նախարարների հետ, որոնք դժգոհ էին Էրդողանից։ Անգամ խոսակցություններ էին տարածվել, թե Գյուլը ստեղծելու է իր կուսակցությունը, սակայն նա բացառեց քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը։ Գյուլի խոսքերով՝ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգը չի համապատասխանում Թուրքիային, որը չունի նման համակարգի կարիք. «Կարծում եմ, որ կառավարման խորհրդարանական համակարգն ամենաշատն է համապատասխանում Թուրքիային։ Չպետք է լինի թուրքական տիպի կառավարման նախագահական համակարգ»։ Օրեր հետո Էրդողանը նահանգապետերի հետ զրույցում հեռակա պատասխան տվեց Գյուլին. «Ասում են, թե չի կարող լինել կառավարման նախագահական համակարգ։ Իսկ ինչո՞ւ չի կարող լինել։ Կուբան, Ռուսաստանը, Արգենտինան՝ բոլորն ունեն նախագահական տարբեր համակարգեր»։

Եվ զարմանալի չէր, որ Գյուլը չմասնակցեց 2017թ. ապրիլի 2-ին Քայսերիում անցկացված ԱԶԿ նախընտրական հանդիպմանը։ Ակնկալվում էր, որ Գյուլն Էրդողանի ու Յըլդըրըմի հետ միասին կմասնակցի այդ հանդիպմանը, սակայն Գյուլը չփոխեց քաղաքական ծրագրերին չմասնակցելու իր որոշումը։ Բացի այդ, Գյուլի որդին՝ Մեհմեթ Էմրե Գյուլը, որն ուսանում է Մեծ Բրիտանիայում, ՍԲՀ-ի ժամանակ քվեարկել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում։ Այստեղ քվեարկությանը մասնակցել է միայն երկու մարդ, և երկու քվեաթերթիկում էլ եղել է «ոչ»։

Թուրքական մամուլում նաև հրապարակումներ եղան, որ Գյուլը կարող է գլխավորել «Երջանկություն» կուսակցությունը (Saadet Partisi)։ Կուսակցության առաջնորդ Թեմել Քարամօլաօղլուն, մեկնաբանելով դա, հայտարարեց, որ կուսակցության դռները բաց են Աբդուլա Գյուլի և յուրաքանչյուր մարդու առջև, որոնք ելք են փնտրում ներկա իրավիճակից։ Քարամօլաօղլուն ընդգծեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Գյուլը կմիանար իրենց կուսակցությանը, սակայն ուրախ կլիներ, եթե դա տեղի ունենար։

ՍԲՀ-ի ժամանակ լռություն պահպանած Գյուլը դրանից հետո գաղտնի հանդիպեց Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալի հետ, որը 1992-2010թթ. ընդմիջումներով գլխավորել է ԺՀԿ-ն և խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է։ Այդ մասին գրեց «Թուրքիե» թերթի հոդվածագիր Բաթուհան Յաշարը։ Նրա խոսքերով՝ հայտնի չէ, թե արդյոք Քեմալ Քըլըչդարօղլուն իմացել է Գյուլի ու Բայքալի հանդիպման մասին, և արդյոք Գյուլն առաջարկ ստացել է ԺՀԿ-ից։ Յաշարը չբացառեց, որ Գյուլը 2019թ. կդառնա նախագահի թեկնածու՝ ընդդեմ Էրդողանի։ Յաշարի կարծիքով՝ Գյուլը նախագահի թեկնածու կդառնա ոչ թե ԺՀԿ-ից, այլ ժողովրդի պահանջով. նա դրա համար պետք է հավաքի 100.000 ստորագրություն։ Սակայն Գյուլի գրասենյակը Twitter-ի միջոցով կեղծիք որակեց այդ ամենը։

Թուրքական ԶԼՄ պնդմամբ՝ Դենիզ Բայքալը 2019թ. կարող է դառնալ ԺՀԿ-ից նախագահի թեկնածու՝ չնայած ավելի վաղ Բայքալը հայտարարել էր, որ եթե ԺՀԿ-ից նախագահի թեկնածու դառնա ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա կաջակցի նրան։ Բայքալի խոսքերով՝ ներկա իրավիճակն իրեն հիշեցնում է 70-ամյա վաղեմության իրավիճակը, երբ 1946թ. Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինենյուն չեղարկեց միակուսակցական համակարգը, հաստատեց բազմակուսակցական համակարգ, և արդեն 4 տարի անց՝ 1950թ., Թուրքիայում տեղի ունեցավ իշխանափոխություն։ 1950թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Դեմոկրատական կուսակցությունը, որով Թուրքիայում վերջ տրվեց ԺՀԿ 27-ամյա կառավարմանը։ Դրա հետ կապված՝ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Բայքալը Քըլըչդարօղլուին առաջարկում է կա՛մ դառնալ նախագահի թեկնածու, կա՛մ էլ ճանապարհն ազատել իր համար։

Նշենք, որ Բայքալի ու Քըլըչդարօղլուի հարաբերությունները միանշանակ չեն։ 2014թ. սեպտեմբերին թուրքական մամուլը գրեց, որ Դենիզ Բայքալի հրաժարականի պատճառ դարձած սկանդալային (սեռական հարաբերությունների մասին) տեսանյութը պատրաստել է հենց Քեմալ Քըլըչդարօղլուն. «Տեսանյութը նկարահանվել է 2009թ. դեկտեմբերի 7-ին և համացանցում է հայտնվել դրանից 5 ամիս հետո` 2010թ. մայիսի 6-ին: 4 օր հետո՝ մայիսի 10-ին, ԺՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Դենիզ Բայքալը, իսկ մայիսի 22-ին Քեմալ Քըլըչդարօղլուն դարձավ ԺՀԿ նոր նախագահ: Ամեն ինչ ավարտվեց ընդամենը 16 օրում (մայիսի 6-22): Նշենք, որ մինչ այդ կասկածներ կային, թե սեռական սկանդալի միջոցով ԺՀԿ գրեթե 20-ամյա նախագահին ճանապարհից հեռացնելու նախաձեռնողը եղել է իշխող ԱԶԿ-ն:

Թվում է, թե ներկայում ոչ ոք չի կարող խոչընդոտել Էրդողանին, որպեսզի 2019թ. նա ընտրվի երկրի նախագահի պաշտոնում։ Դա իսկապես այդպես է ընդդիմադիր առաջնորդների պարագայում։ Սակայն Էրդողանի բոլոր խաղաթղթերը կարող է խառնել Աբդուլա Գյուլը։ Նա այսօր էլ ունի մեծ վարկանիշ, կարող է պարծենալ նրանով, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում սահմանել է միանգամից 3 ռեկորդ։ Խոսքն ամենաշատ երկրներ այցելելու (արտասահմանյան 110 այց, 84 երկիր), օտարազգի գործընկերների հետ ամենաշատ հանդիպումներ ունենալու (500 օտարազգի հյուր, որոնցից 116-ը՝ պետության ղեկավարներ) և երկրի ներսում ամենաշատ այցեր (76 քաղաք) կատարելու մասին է։

Այսպիսով, մեր կարծիքով՝ Աբդուլա Գյուլը 2019թ. կարող է դառնալ նախագահի միակ թեկնածուն, որն իսկապես կկարողանա ձեռնոց նետել Էրդողանին։ Դժվար է պատկերացնել, որ ընդդիմադիր առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն, Դենիզ Բայքալը, Էքմելեդդին Իհսանօղլուն, Դևլեթ Բահչելին, Սինան Օղանը, Մերալ Աքշեները, Սելահաթթին Դեմիրթաշը կարող են 2019թ. լուրջ մրցակցության մեջ մտնել Էրդողանի հետ։ Նրանից ձերբազատվելու միակ հույսը մնում է Գյուլը, որը շատերի (ՍԲՀ-ի ժամանակ «ոչ» ասածների) համար կլինի նախագահի ընդունելի թեկնածու։ Ակնկալվում է, որ երկրի ներսում նախագահական ընտրությունների եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ փուլում Գյուլին կարող են աջակցել հենց ԱԶԿ ընտրազանգվածի մի զգալի մասը (Էրդողանից դժգոհ հատվածը), քրդերը (Գյուլը քրդերի հարցում ունի ավելի մեղմ մոտեցում), անգամ գյուլենականները (աստիճանաբար ավելի շատ են համակրում մեղմ հայացքներով հայտնի Գյուլին) և ԺՀԿ ընտրազանգվածը (Էրդողանից ձերբազատվելու մղումը)։ Գյուլը կարող է ստանալ նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի հարևան այլ երկրների աջակցությունը, որոնց հոգնեցրել են Էրդողանի հայտարարություններն ու գործողությունները։

Ընդ որում, եթե Գյուլը 2019թ. դառնա նախագահի թեկնածու, ապա դժվար է կարծել, թե Էրդողանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Իսկ 2-րդ փուլում գերադասելի կլինեն հենց Գյուլի հնարավորությունները, քանի որ այդ փուլում ընտրազանգվածը հարկադրված կլինի ընտրություն կատարել, թերևս, Գյուլի և Էրդողանի միջև։ Այդպիսով Գյուլն առաջադրման և արդար ընտրությունների անցկացման դեպքում իսկապես կարող է դառնալ Թուրքիայի 13-րդ նախագահ, ընդ որում՝ նախագահական աննախադեպ լայն լիազորություններով, որոնց մասին վաղուց երազում էր Էրդողանը։ Դա կատարյալ ձախողում կլինի Էրդողանի համար, որը կձգտի ամեն գնով կառչել նախագահական աթոռից։ Գյուլի հաղթանակը ճանապարհ կհարթի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Նշենք, որ 2014թ. մայիսին նա հիշեցրել էր, որ Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն է՝ հավելելով, որ դեռ հույս կա փրկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Այստեղ արժե հիշատակել նաև 2015թ. Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի խորհրդական Ահմեդ Սևերի հեղինակած «Աբդուլա Գյուլի հետ 12 տարի. ապրեցի, տեսա, գրեցի» գիրքը, որում նշված էր, որ Գյուլը 2008թ. Հայաստան է մեկնել՝ չնայած այդ հարցում մնացել է միայնակ. Հայաստան Գյուլի այցին դեմ են եղել, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
286 reads | 11.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com