«ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ ՄԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի (Ռուսաստան) հետ:

– Պարոն Գալստյան, ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն ինչ-որ կերպ փորձում են հարգել Եղեռնի զոհերի հիշատակը, փորձում են լսելի դարձնել իրենց ձայնն այն երկրներում, որտեղ ապրում են։ Դուք տեսնո՞ւմ եք այն ընդհանուր նպատակը, որի համար ապրիլի 24-ին համախմբվում է հայ ժողովուրդը։

– Ես կարծում եմ, որ արդեն երկարատև ժամանակ ապրիլի 24-ը համարվում է սիմվոլիկ ամսաթիվ, երբ ամբողջ աշխարհի հայերը միավորվում են՝ ելնելով որոշակի փիլիսոփայական, համազգային, հոգևոր զեղումներից։ Սա տարվա 365 օրերից այն միակ օրն է, երբ հայկական գործոնն ամբողջ աշխարհում դառնում է քննարկման կարևոր թեմաներից մեկը ոչ միայն՝ մեզ համար, այլ նաև՝ ամբողջ աշխարհի։ Հետևաբար, այստեղ և՛ սիմվոլիզմ կա, և՛ պատմական հիշողություն, հատկապես, երբ խոսում ենք Արևմուտքի Սփյուռքի մասին, որտեղ հենց Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են։

Բայց չէի ասի, թե այս թեման համարվում է հիմնական գործոն Հայկական սփյուռքի համար, քանի որ այս օրը սկսվում և ավարտվում է ապրիլի 24-ին, իսկ հետո երկարատև ժամանակ որոշ տեղերում՝ ակտիվ, որոշ տեղերում՝ պասիվ գործողություններ են նկատվում, բայց ընդհանուր առմամբ, հայկական գործոնը սկսում է կորչել մինչև հաջորդ ապրիլի 24-ը։ Իհարկե, կան տարբեր խմբեր, կազմակերպություններ, որոնց համար այս հարցը համարվում է ամենօրյա, այդ թվում՝ հայկական լոբբիստների, որոնք տարին 365 օր զբաղվում են այս հարցով։ Մեծ հետազոտություն է անհրաժեշտ իրականացնել՝ հասկանալու համար, թե որ երկրում է այս հարցն առավել լայն քննարկման առարկա դառնում, և միայն դրանից հետո կարելի է հստակ պատասխան տալ։

– Այսինքն՝ այն ընդհանուր նպատակը չկա, որի համար կհամախմբվի հայ ժողովուրդը։

– Տեսեք՝ ո՞րն է Ցեղասպանության հարցում գլոբալ նպատակը, հանուն ինչի՞ ենք ապրիլի 24-ին համախմբվում, հանուն ինչի՞ ենք մյուս պետություններից պահանջում ընդունել այս փաստը, ինչի՞ համար ենք ֆիլմեր նկարահանում. այսինքն՝ ո՞րն է մեր հիմնական նպատակը։ Ես դեռևս նման նպատակ չեմ տեսնում. ստացվում է, որ մենք պահանջում ենք ճանաչում՝ հանուն ճանաչման։ Մենք պահանջում ենք արդարություն՝ հանուն արդարության։ Այսինքն՝ նպատակներն աբստրակտ ու կոտրված են։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ընդհանուր նպատակ չկա, բայց աշխարհի տարբեր անկյուններում ինչ-որ մեկն ունի ինչ-որ հանձնարարություններ, որոնք լուծվում են՝ տարբեր արձագանքներից ելնելով։

Օրինակ՝ ասում են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել, որպեսզի հետագայում նմանատիպ հանցագործություններ չլինեն։ Հասկանալի է, որ դրանք ընդհանուր արտահայտություններ են, ռոմանտիկ պատկերացումներ, որովհետև իրականում ամբողջ աշխարհում ծախսել մի քանի հարյուր միլիոն դոլար՝ հանուն համընդհանուր ճանաչման, և հուսալ, որ այդ ճանաչումը կկանխի հետագայում նման հանցագործությունները, իմ կարծիքով՝ անհեռատես և ռոմանտիկ նպատակ է։ Քանի՞ անգամ է եղել, որ ինչ-որ ցեղասպանություններ ճանաչվել ու դատապարտվել են, բայց դա ոչ մի կերպ չի ազատել աշխարհին հետագա հանցագործություններից։ Հոլոքոստի ճանաչումն օգնե՞ց կանխել Կամբոջայի կամ Դարֆուրի ցեղասպանությունները։ Այսօր մարդկության դեմ ամբողջ այդ հանցագործությունները շարունակվում են։

Քաղաքականությունը ոչ թե ռոմանտիզմ է, այլ պրագմատիկ ու չոր հաշվարկներ, որտեղ ռոմանտիզմն ընդհանրապես տեղ չունի։ Երբ հայտարարում ենք՝ մեր Ցեղասպանությունը պետք է ճանաչել, որպեսզի հետագայում նման հանցագործություններ չլինեն, ապա տեսեք՝ եթե վաղն ամբողջ աշխարհը ճանաչի, դատապարտի Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո մարդկության դեմ մի այլ հանցագործություն լինի, այդ դեպքում ստացվում է, որ ձեր առաքելությունը տապալվե՞լ է։

Հրեաները երբեք չեն ասել, որ պահանջում են Հոլոքոստի համաշխարհային ճանաչումն ու դատապարտումը նրա համար, որ նմանատիպ հանցագործություններ ապագայում չլինեն։ Երբեք նրանք նման բան չեն ասել, այլ ունեցել են իրենց առաջադրանքը, կենտրոնացած են եղել իրենց պրագմատիկ նպատակների վրա։

Այո, դա սարսափելի ողբերգություն է եղել, նրանք դա հասկանում էին, բայց ի տարբերություն մեզ՝ նրանք կարողացան լուրջ, ռեալ դասեր քաղել այդ ամենից՝ կառուցելով ուժեղ պետություն։ Մեր առաջին նպատակը պետք է լինի՝ թույլ չտալ նմանատիպ հանցագործության կրկնություն, առաջին հերթին՝ մեր նկատմամբ։ Ոչ թե ինչ-որ գլոբալ աշխարհի, այլ պետությունների մասին ռոմանտիկ հայտարարություններ անել, այլ մտածել, թե ինչ կարող ենք անել՝ հաշվի առնելով այդ դասերը, պաշտպանելու համար ինքներս մեզ դրա կրկնությունից։ Դուք հավատում եք, որ, եթե Ֆրանսիան ճանաչի այդ հանցագործությունը, և վաղը թուրքերը որոշեն հերթական անգամ կատարել նմանատիպ հանցագործություն, Ֆրանսիան մեզ պաշտպանելո՞ւ է, դա մեզ անվտանգության երաշխիքնե՞ր է տալիս, թե՞ ամերիկացիներն են մեզ օգնելու։

Հետևաբար՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ պատմությունը մեզ այս դասը մեկ նպատակի համար է տվել, որ 100 տարի անց մենք վերջապես հասկանանք՝ կարող ենք ու պետք է հույս դնենք միայն մեր ուժերի վրա, և վերջ։ Աշխարհում ոչ ոք հետաքրքրված չէ հայերին օգնելու հարցով։ Ինչքան էլ մենք դա ցանկանանք, ինչքան էլ համաշխարհային աստղերը PR անեն, ինչքան էլ խոսեն այդ մասին, տարբեր երկրների նախագահները հայտարարություններ անեն, դա ուղղակի գեղեցիկ է հնչում, լոբբիստական աշխատանք է, բայց երբ գործը հասնի կոնկրետ բաների, երբ մենք կանգնենք հերթական սպառնալիքի առաջ, ամբողջ աշխարհը հերթական անգամ ուղղակի կկուրանա և կձևացնի, թե նման բան չկա, որովհետև մենք դա արդեն անցել ենք։

Հրեաները նման ռոմանտիկ հայտարարություններ չէին անում, որովհետև հասկանում էին, որ պետք է ապահովագրեն իրենց։ Դրա համար ապրիլի 24-ը մեզ պետք է միայն մի բանի մասին հիշեցնի՝ յուրաքանչյուրս պարտավոր է իր ներդրումն ունենալ հայկական ազգային պետության ամրացման գործում, որովհետև այսօր միայն այդ պետությունն է մեզ համախմբում, միայն այդ պետությունն է մեր անվտանգության երաշխիքը, միայն այդ պետության հզոր բանակը կարող է մեզ փրկել, եթե, Աստված չանի, նմանատիպ սպառնալիք լինի։

Պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում այնքան ազդեցիկ կառույց է պետք ստեղծել, որ լինենք մյուսներից մեկ աստիճան բարձր, և, եթե հանկարծ առաջանա նման իրավիճակ, մենք վստահ լինենք, որ ունենք այնքան հզոր ազդեցություն Նահանգներում, որ նրանք մի կողմ չեն քաշվի։ Այսինքն՝ ոչ թե նրանք կուզենան մեզ օգնել, այլ մենք կստիպենք նրանց օգնել մեզ։ Այնքան ուժեղ պետք է լինի մեր ազդեցությունն աշխարհում, որ ստիպենք այդ աշխարհին՝ անհրաժեշտ պահին ուշադրություն դարձնել մեր խնդիրների վրա։ Իսկ աշխարհին ինչ-որ բան ստիպելու համար պետք է կազմավորել քո ազդեցությունը և ամրացնել ազգային պետությունը, որի կարծիքի հետ եթե հաշվի չնստեն, գոնե ուշադրություն կդարձնեն որոշակի հարցերում։

– Ո՞րը պետք է լինի այն ընդհանուր տեսլականը կամ նպատակը, որի շուրջ ամբողջ աշխարհի հայերը կարող են համախմբվել և տեսանելի արդյունքի հասնել։

– Ես կարծում եմ, որ ընդհանուր ռազմավարություն պետք է լինի Հայաստանի և Սփյուռքի համար, և ամեն տարի ապրիլի 24-ին, օրինակ՝ պետք է որևէ հայ ներգրավվի Սպիտակ տան աշխատակազմում, հաջորդ տարի՝ մի քանի հոգի՝ Իրանի ու մյուս երկրների կառավարման ապարատներում։ Այսինքն՝ ամեն տարի պետք է ցույց տանք, թե ինչի ենք հասնում, որպեսզի ապահովագրենք մեզ ապագայում։ Մեր նպատակը հենց դա պետք է լինի։ Ծաղիկներ տանելը և նման բաները, իհարկե, պետք են, բայց ես ոչ մի տեղաշարժ չեմ տեսնում այն առումով, որ եթե, օրինակ՝ վաղը որևէ բան լինի, ունե՞նք աշխարհում այնքան ազդեցություն, որ ստիպենք նայել մեր կողմը։ Բոլոր այն մարդիկ, որոնք ամբողջ աշխարհի հայերի ջանքերով կընդգրկվեն տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում, կդառնան մեր ազդեցության մեծացման ցուցիչները։

Տեսեք՝ եթե ԱՄՆ Կոնգրեսում 120 կոնգրեսական զբաղվում են հայկական լոբբինգով, բայց նրանց մեջ հայ չկա, ու հանկարծ հայերի նկատմամբ սպառնալիք է ստեղծվում, ամերիկացիները կամ մյուս ազգերի ներկայացուցիչները չեն պաշտպանի մեր հետաքրքրությունները, որովհետև միայն հայը կարող է հասկանալ սեփական ժողովրդի ամբողջ ողբերգությունը։ Ինչքան էլ լավը լինեն այլ ազգերը, ինչքան էլ լուրջ մենք ընդունենք նրանց օգնությունը, երբեք մեզ այնքան լավ չեն հասկանա, ինչքան ինքներս մեզ ենք հասկանում։ Դրա համար մեզ այնտեղ հայակենտրոն մարդիկ են պետք։ Օրինակ՝ հիմա Կարո Փայլանը Թուրքիայում ավելի մեծ աշխատանք է կատարում, քան տարբեր լոբբիստական կազմակերպություններն ամբողջ աշխարհում։ Նա Ցեղասպանության ճանաչման, այդ ուղղությամբ դիսկուրսի հարցում 200 անգամ ավելի աշխատանք է կատարում, քան բոլոր կազմակերպությունները՝ միասին վերցրած։

Դրա համար մեզ ավելի շատ նման մարդիկ են հարկավոր, այլ ոչ թե Ամերիկայից աստղեր բերել։ Ամերիկայից աստղեր եք բերում, մի քանի միլիոն դոլար վճարում եք, և ի՞նչ։ Այդ գումարը ներդրեք 2 հայի նախընտրական քարոզարշավում, և կունենանք 2 կոնգրեսմեն ԱՄՆ-ում։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում, որովհետև բոլորի համար միևնույն է։ Սա գլոբալ հարց է, բայց այդ հարցերով զբաղվող մարդիկ նախընտրում են իրենց տեղական PR-ով զբաղվել։ Ոչ ոք իրեն հարց չի տալիս, թե իրենց կազմակերպած միջոցառումներն ի՞նչ նպատակ ունեն, ի՞նչ հարցեր են լուծում։ Մեր գլխավոր և գլոբալ նպատակն է՝ թույլ չտալ հերթական ապրիլի 24-ի կրկնություն։

Ես՝ որպես վերլուծաբան, հրաշալի հասկանում եմ, որ հայերը չեն կարող կանխել ամբողջ աշխարհում տեղի ունեցող էթնիկ բնաջնջումները, հետևաբար՝ նրանք պետք է կենտրոնանան իրենց վրա։ Ինչո՞ւ ենք ամաչում ասել, որ մեզ արդեն ոչնչացրել են, իսկ ամբողջ աշխարհը ոչ միայն հետևում էր դրան, այլև իր ստորագրությունն էր այն փաստաթղթերի տակ, որոնք մեզ զրկեցին պատմական հայրենիքից, ապագայի հույսերից և ընդհանրապես ամեն ինչից։ Իհարկե, նրանց բոլորին դա ձեռնտու է, բայց մենք ինչո՞ւ ենք դրան ձգտում, չէ՞ որ մեզ համար դա ձեռնտու չէ։ Մենք չե՞նք հիշում, որ բոլոր այն երկրները, որոնք ոգևորությամբ ասում են, թե Ցեղասպանությունը պետք է ճանաչել, իրենց ինչպես են պահել այն ժամանակ։

Օրինակ՝ չե՞նք հիշում, թե ֆրանսիացիներն ինչպես իրենց պահեցին Լոզանի կոնֆերանսի ժամանակ, երբ հանուն նավթի՝ հանձնեցին բոլոր այդ տարածքները։ Մենք չե՞նք հիշում, թե ինչպես ֆրանսիացիներն ու անգլիացիներն օգտագործեցին Հայկական լեգեոնը, հազարավոր մարդիկ մահացան, բայց ի վերջո նրանք Կիլիկան հանձնեցին թուրքերին։ Մենք չե՞նք հիշում, թե ինչպես էր սովետական բոլշևիկյան ռեժիմը ստորագրում համաձայնագրեր, որոնք մեզնից խլեցին մեր հայրենիքի մեծ մասը։

Մի՞թե մենք չենք հիշում այս ամենը։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, աշխարհն ավելի քաղաքակիրթ ու համամարդկային չի դարձել, այլ ավելի վատ է, որովհետև մենք ապրում ենք կապիտալիզմի պայմաններում, որտեղ իշխում են փողն ու նյութական բարիքները։ Մենք չենք հասել այն աշխարհին, որտեղ բարոյականությունն ու արդարությունը համարվում են քաղաքականության հիմնական շարժիչ ուժը։

– Աշխարհի շատ պետություններ ճանաչել են Ցեղասպանությունը, բայց մեզ համար կարևոր է, որ Թուրքիան ճանաչի այն. դա երբևէ տեղի կունենա՞, և ի՞նչ քայլեր է պետք անել այդ ուղղությամբ։

– Անհրաժեշտ է Թուրքիայի ներսում դիսկուրս սկսել, որպեսզի հայտնվեն մարդիկ, որոնք սկսեն Թուրքիայի ներսում խոսել այդ մասին։ Այնտեղ ևս երկու մարդ՝ Հրանտ Դինքն ու Կարո Փայլանը, հսկայական գործ են արել։ Վերջին տարիներին որոշակի առաջընթաց կա, որը, իհարկե, չի փոխել ընդհանուր տրամադրությունները Թուրքիայում, բայց կան մտավորականության որոշակի խմբեր, որոնք սկսեցին այլ կերպ նայել այս հարցին, ինչը հուսադրող է։ Այս ուղղությամբ պետք է ավելի ակտիվ գործել, աշխատել Թուրքիայի ներսում։

Բայց անձամբ ես կասկածում եմ, որ թուրքերն այդ փաստը կճանաչեն, առավել ևս, որ հիմա նոր քաղաքական կուրս կա այնտեղ, Էրդողանը դառնում է սուլթան, այնտեղ ամեն ինչ փոխվում է։ Տեսեք՝ Թուրքիայում հանրաքվե անցկացվեց, և պանթյուրքական գաղափարները համակրող Էրդողանն ու նրա դաշնակիցները դառնում են պետության ղեկավարը, և մենք փաստացի գործ ենք ունենում ռեալ թուրքական սուլթանի հետ։ Հայաստանում որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե դա ինչ հետևանքներ կունենա մեզ համար։ Հայաստանում միայն ասում են՝ մենք ունենք ռուսական ռազմաբազա, ՀԱՊԿ անդամ ենք, թուրքերը մեզ վրա չեն հարձակվի, վերջ։
Իսկ մենք հաշվարկե՞լ ենք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե, օրինակ՝ Ռուսաստանում որևէ բան փոխվի 2018թ. ընտրություններից հետո, կամ, որ հիմա ՀԱՊԿ անդամ Ղազախստանի և Թուրքիայի միջև մերձեցում է ընթանում։ Երբ ասում եմ՝ պետք է ռազմավարություն մշակենք երկրորդ ապրիլի 24-ից խուսափելու համար, դա նշանակում է՝ պետք է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչպես է պետք այդ ամենին պատասխանել։ Ապրիլի 24-ը պետք է լինի այն օրը, երբ հայ մտավորականությունն ու իշխանությունները կհավաքվեն ու կքննարկեն բոլոր այս հարցերը, բայց այսօր մենք չունենք ո՛չ հայկական իշխանություններ, ո՛չ հայկական մտավորականություն, դրա համար ոչ ոք այս հարցերը չի դնում։

Թուրքերն ինչպես ցանկացել են մեզ ոչնչացնել, նրանց մոտ այդ ցանկությունը չի վերացել, և պետք չէ քարոզել, թե ժամանակակից Թուրքիան ուրիշ է, եվրոպական արժեքների կրող է։ Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, և հարմար առիթի դեպքում նրանք մեզ կոչնչացնեն, ու կապ չունի՝ 21-րդ, թե՞ 22-րդ դարում ենք։ Երկու այդպիսի պետություն կա, որ երազում են, այսպես ասած՝ մեր հարցերը լուծելու, հենց ֆիզիկական իմաստով մեզ ոչնչացնելու մասին՝ շատ լավ իմանալով, որ աշխարհը դրա վրա թքած կունենա։ Բայց ամենավատն այն է, որ նրանք հասկանում են՝ մենք էլ դրա վրա թքած ունենք, ինչը շատ լուրջ վտանգ է։

– Ի վերջո, ո՞րը պետք է լինի Հայաստանի՝ որպես պետության, հիմնական անելիքն այս ուղղությամբ։

– Առանցքային անելիքը պետք է լինի բոլոր պետական ինստիտուտների ամրացումը, և ամենակարևորը՝ պետք է դնել ամբողջ հայ ազգի գիտակցության մեջ ընդհանուրի գաղափարը, որ, օրինակ՝ մի օլիգարխի շահը վեր չէ համընդհանուր շահերից։ Պետք է ունենանք համազգային մոտեցում բոլոր այն հարցերում, որոնք կարևոր են մեզ համար, լինի դա Արցախի թե Հայաստանի ապագայի հարցը։ Դրանք այն հարցերն են, որ չեն վերաբերում միայն Հայաստանի կամ Արցախի քաղաքացիներին։

Դրանք այն հարցերն են, որ բոլորիս են անհանգստացնում, և կարող ենք միասնական քաղաքական ուժ դառնալ այդ հարցերում։ Հայերը ցանցային քաղաքական ազգ են, և պետք է ընդհանուր մոտեցում ունենան համընդհանուր հարցերում։ Դա կոչվում է պետական դիրքորոշում, երբ հստակ ամբողջ աշխարհին ասում ես՝ Արցախը Հայաստանի մի մասն է, իսկ երբ ամեն անգամ տարբեր բաներ ես ասում, քեզ լուրջ չեն վերաբերվում։ Նույնը՝ Ցեղասպանության վերաբերյալ։

168 ժամ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
358 reads | 03.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com