ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
 
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ       ՍՈՒՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Միջպետական հարաբերությունների զարգացման միտումները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություները գրեթե միշտ դրսևորվում են պետությունների շահերի և հատկապես դրանց բախման տիրույթում: Արդի միջազգային հարաբերությունները պետական շահերի գիտակցմամբ միջազգային քաղաքական գործընթացներում փոխադարձ վերահսկողությամբ հարաբերությունների իրականացումն է:

Ավելին, եթե միջազգային հարաբերությունները դիտում ենք քաղաքական ռեալիզմի տեսնակյունից, ասվածը էլ ավելի հիմնավոր է դառնում հատկապես միջազգային համակարգին բնորոշ տարերայնության համատեքստում: Այս օրերին առավել քննարկվող հարցերից է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման հարցը, որը ի սկզբանե չլինելով միակողմանի քաղաքական գործընթաց, ներառում է նաև այլ պետությունների հետ կապված շահերը և դրանց բախումները։

Լապշինի արտահանձնման գործընթացը կարծես մի թնջուկ է, որը անխուսափելիորեն էական ազդեցություն է ունենում միջպետական հարաբերությունների գնահատման ու վերլուծության հարցում: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վերլուծական մոտեցումները, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնում տվյալ քաղաքական գործընթացների վրա։
  • Առավել կարևոր է անդրադառնալ Լապշինի ձերբակալությանը, քանի որ ի սկզբանե գոնե մասնագիտական կոմպետենտ շրջանակների համար պարզ էր, որ ձերբակալումը արդեն իսկ բերելու էր արտահանձման փուլին: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք արտաքին քաղաքականությամբ զբաղվող ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի, Իսրայելի համապատասխան կառույցները ձերբակալման հետևանքները չէին կանխատեսում և վերլուծում: Այս առումով ավելի ճիշտ կլինի նշել, որ Լապշինի ձերբակալությունը և դրան տրամաբանորեն հաջորդած արտահանձնումը պետությունների կենսական շահերի գերակայությամբ պայմանավորված համատեղ անգործության արդյունք է։
  • Բելառուսի և Հայաստանի միջև միջպետական երկկողմ մակարդակում հստակ արտահայտված և իրականացվելիք հակադիր թշնամական քաղաքականություն չկա: Ավելի շուտ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից դաշնակիցների գնման ավանդական քաղաքանության հետ։ Ավելին, Բելառուսի միջոցով Ադրբեջանը կրակից շագանակ է հանում և միաժամանակ փչացնում է հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, պրոադրբեջանական հարցերում Բելառուսը մեր միակ հակադիր պետությունը չէ, և չպետք է մոռանալ նաև Ղազախստանին, Պակիստանին, Թուրքիային և այլն։
  • Այն մոտեցումները, որ Հայաստանը պետք է անհապաղ խզի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և տարբեր հարթակներից թշնամական դիրքորոշմամբ հանդես գա, առնվազն չգիտակցված և առհասարակ ոչ դիվանագիտական իրավիճակային լուծումներ են: Ընդսմին, դիվանագիտական հարաբերությունների խզում և կասեցում հասկացությունների միջև բովադակային տարբերություններ կան և էմոցիոնալ բավարարվածությունից ելնելով դիվանագիտական հարբերություններ խզելը առնվազն դատապարտված է միակողմանի անարդյունավետ քաղաքականության:
  • Դիվանագիտական պրակտիկայում հարաբերությունների խզման տարբեր օրինակներ կան: Սակայն եթե խոսում ենք խզման ունեցած ազդեցության և արդյունքների մասին, ապա դիվանագիտական հարաբերությունները խզելուց առաջ պետք է նախապես ունենալ դրան հաջորդող քաղաքական գործունեության հստակ պլանավորում և քայլերի հաջորդականություն, այլապես խզումը կմնա զուտ խզում և էլ ավելի կվատացնի հարաբերությունները։ Առավել վառ օրինակ է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու գործը, երբ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց քաղաքական պաշտոնական մակարդակով դա չունեցավ գործընթացի տրամաբանական շարունակություն: Այլ բան է, որ ԶԼՄ-ները առկա խնդիրը որոշ ժամանակ պահում էին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և դատապարտում էին նման պահվածքի դրսևորումները:
  • Բելառուսի և այլ պետությունների պրոադրբեջանական քաղաքականությանը դիվանագիտորեն պատասխանելու և միջպետական հարաբերությունները մեր կողմից չփչացնելու բազմաթիվ գործուն տարբերակներ կան։ Մասնավորապես, նպատակահարմար կլինի տարբեր հարթակներում բարձրացնել Բելառուսում ժողովրդավարության զարգացման խնդիրները, բելառուսական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներ կազմակերպել և այլն:
  • Այսօր Ադրբեջանի համար այս հարցում դաշնակից կողմը Բելառուսն է, սակայն վաղը կարող է լինել Ղազախստանը, Ուկրաինան, Իսրայելը և որքան էլ որ տարօրինակ է նաև մեր ռազմավարական դաշնակից ՌԴ: Մեր խնդիրը էլ ավելի հստակ պետք ձևակերպված լինի՝ փորձել երրրորդ կողմի միջոցով նպաստել մեր երկրի առջև ծագած խնդիրների լուծման գործընթացին: Անշուշտ, Ադրբեջանի համար Լապշինի արտահանձնումը դա խնդրի մի մասն է, դրանից բացի նրանք նպատակաուղղված են նաև վատթարացնելու հայ-բելառուսական հարաբերությունները:
  • Չպետք է մոռանալ, որ Ալեքսանդր Լապշինը մի քանի պետությունների /ՌԴ, Իսրայել, Ուկրաինա և այլն/ քաղաքացիություն ունի, և նրա արտահանձնումը առաջին հերթին հենց այդ երկրների թողտվության և անգործության արդյունքն է: Անխոս, այստեղ ահռելի աշխատանք ունեն անելու նաև մեր լոբիստական, ճնշման խմբերը որոնք ՀՀ ԱԳՆ անմիջական ուղղորդմամբ պետք է անեն այն, ինչը նպատակահարմար չէր լինի, որ ՀՀ-ն պաշտոնական մակարդակով իրականացներ: Ավելին, մենք պետք է դրդենք Լապշինի քաղաքացիության երկրներին ամեն կերպ հանդես գալու արտահանձնումը դատապարտող կոշտ դիրքորոշումներով։
  • Այն մոտեցումը, որ Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին Արցախ չայցելելու նախադեպ է ձևավորում, բավական միակողմանի մոտեցում է։ Այստեղ առավել կարևոր հարցերից է նաև քաղաքացիության իրավունքների ոտնահարման նախադեպի ստեղծումը ՌԴ, Ուկրաինաի, Իսրայելի և այլ պետությունների համար։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անկախ միջազգային հանրության անօգուտ նախազգուշացումներին, ոչ գործնական քայլերին նա, ի վերջո, Լապշինի արտահանձնմամբ մեկնարկում է իր բազմիցս հայտարարված «սև ցուցակի» իրականացումը։ Ավելին, «սև ցուցակի» մեկնարկը շարունակության հստակ միտումներ ունի, և դրա հետևանքները էլ ավելի կործանանար են լինելու հատկապես չեզոք դիրք դրսևորող երկրների համար։
  • ՀՀ ԱԳՆ-ում բացակայում կամ այլ անվանումով խիստ անարդյունավետ է աշխատում հաշվետվությունների վերլուծման բաժինը (General Inspection Unit), որը կոչված է ապահովելու դեսպանատների, ներկայացուցչությունների և ընդհանուր ԱԳՆ-ի աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը:
  • Լապշինի խնդրի շուրջ բացակայում էր ՀՀ ԱԳՆ անմիջական ուղղորդմամբ խորհրդարանական և հանրային դիվանագիտության իրականացումը որպես արտաքին քաղաքական դիրքորոշմանը նպաստող գործընթացներ։
  • Իրենց մեղավորությունն ունեն նաև Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը և նրա ղեկավարը, ոչ թե խնդրին արդյունավետ լուծումներ չտալու, այլ իրավիճակի մասին ճիշտ ժամանակին տեղեկատվություն չունենալու, դրանք չվերլուծելու և ղեկավարությանը համապատասխան լուծումների վերաբերյալ ծրագրային առաջարկներով հանդես չգալու համար։
Վերջապես, հարկ է նշել, որ արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է արհեստավարժ դիվանագիտական, քաղաքագիտական և քաղաքական կադրերի առկայություն և նրանց կարողությունները ճիշտ տեղում և ժամանակին օգտագործելու կարողություն։ Միաժամանակ նրանք պետք է միշտ համապատասխան կառույցների միջոցով ուշադրության կենտրոնում պահեն հարափոփոխ արտաքին քաղաքական գործընթցները և կարողանան կայացնել արդյունավետ արտաքին քաղաքական որոշումներ։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
747 reads | 14.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com