ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԵՌԱԿՈՂՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ. ՀՀ ԱԳՆ
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը:

Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994թ. հուլիսի զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Հատկանշական է, որ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև մեծ քաղաքական պայմանագրի կնքումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետը Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994թ․ և 1995թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես և նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար: Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց խախտումը: Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը և, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը: Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը:

1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: 

Հայաստանը կոչ է անում համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտավորեցնելու Ադրբեջանին խստորեն հետևել 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագրին և կատարել իր միջազգային հանձնառությունները՝ զերծ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրակացնելու է անհրաժեշտ քայլերն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
916 reads | 26.04.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com