«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ». ԴԻՎԱՆԱԳԵՏ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական և հասարակական իրադարձությունները պետք է դիտարկել այն իրողության մեջ, որ այսօր ընթանում է ողջ երկրագնդով մեկ` գլոբալիզացիա, ինտեգրացիոն շարժումներ: Արտաքին և ներքին քաղաքականությունը կարծես այնքան են մոտենում իրար, որ դրանց միջև միջնապատը վերանում է և ստացվում է մի իրավիճակ, որ բոլոր պետությունների ներքին և արտաքին քաղաքական խնդիրները դառնում են մեկը. «Այս իրադրության մեջ ի հայտ են գալիս նոր դերակատարներ, որոնք ամենատարբեր կարգի ոչ պետական մեխանիզմներ ու կառույցներ են: Ամենակարևոր խաղացողներից մեկը մեդիա աշխարհն է և այն, ինչ կատարվեց Հայաստանում` դրա փայլուն ապացույցն է, որի հետ հաշվի չնստել` նշանակում է հայտնվել պատմութան լուսանցքում: Ես չգիտեմ մեր ղեկավարությունը կարողանո՞ւմ է սա ըմբռնել, թե՞ ոչ»:

Արման Նավասարդյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ, չպետք է լիներ հիմա, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրանցում է մի շարք դրական տեղաշարժեր, Հայաստանը արտաքին հարաբերություններում ցուցաբերում է ճկունություն, տեղի են ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ. «Հայաստանն այն միակ երկիրն է, որ կարող է և՛ Արևմուտքի հետ լինել, և՛ Արևելքի: Այս ստատուսով մենք կկարողանայինք խաղալ բուֆերի դեր, ոչ միայն կամուրջ հանդիսանալ, այլ օգտակար լինել երկու բևեռների իրար մոտեցմանը: Այս իրադրության մեջ մենք մեզ ցուցաբերում ենք որպես ոստիկանական պետություն. ավելի վատ հարված մեր միջազգային իմիջին` ես դժվարանում եմ պատկերացնել»,-նշեց նա` հավելելով, որ այս ամենի կազմակերպիչները խելացի մարդիկ են և կարողացան հեռու մնալ Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի անունից հանդես գալուց:

Զանգվածների հոգեբանության տեսանկյունից, ըստ դիվանագետի, Հայաստանում  ստեղծվել է մի երևույթ, որը կարող է մեղմանալ,  բայց վերանալ այլևս չի կարող, որովհետև այս ամենն իր հետ կարող է բերել ուրիշ երևույթներ և, հաշվի առնելով առկա խնդիրները, կասկած չկա, որ այն կընդունի քաղաքական ուղղվածություն:

«Առաջին հայացքից, կարծես, այս ամենի հետևում ոչ ոք կանգնած չէ և իրոք երևի այդպես է: Ես մտածում եմ, որ կա՛մ չունեն լիդերներ, կա՛մ երիտասարդական անփորձության հարցը կա: Սա նոր գեներացիա է, բարեբախտություն է նրանց երևան գալը: Ասում են, որ սա քաղաքական երևույթ չէ, բայց կոռուպցիայի դեմ պայքարը հենց ներքաղաքական երևույթ է: Այս երկիրը բզկտում է երեք բան` կոռուպցիան, մենաշնորհը և արտագաղթը, եթե այսպես շարունակվի, մեր պետականությունը կարող է ընկնել հարվածի տակ»,-շեշտեց Նավասարդյանը` նշելով, որ Հայաստանի համար սա հազվագյուտ շանս է, որը պետք է օգտագործել, որովհետև պատմությունը նման շանս կարող է այլևս չտալ:

Արտակարգ և լիազոր դեսպանը գտնում է, որ եթե ներքին քաղաքականությունը կաղում է` շատ դժվար է դրսում խնդիրներ լուծել. կան տնտեսական խնդիրներ, դեմոկրատիայի հարց և եթե դրանք չկարողանանք կարգավորել` հնարավոր չի լինի լուծել այն խնդիրները, որոնց մասին մենք մտածում ենք: Ամեն պահ շարժումը կարող է ունենալ ավելի մեծ պոռթկում և ստանալ քաղաքական ուղղվածություն:

Այս համատեքստում անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե ոստիկանությունը ուժ չի կիրառելու, և քաղաքացիները հեռանալու են Բաղրամյան պողոտայից, դիվանագետը պատասխանեց. «Դե, Վալերի Օսիպյանը շատ լուրջ քաղաքական գործիչ է։ Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն էլ ցույց տվեցին իրենց իմպոտենցիան»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
921 reads | 04.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com