ՎՐԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ՌԵՎԵՐԱՆՍ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՀ արտաքին հարաբերությունների իրադարձությունների մեջ առանձնացավ ԼՂՀ ԱԺ ընտրության օրերին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Բիբիլովի հանդիպումը, որը մեծ աղմուկ բարձրացրեց Վրաստանում և փաստորեն վերածվեց դիվանագիտական սկանդալի երկու հանրապետությունների միջև:
DIPLOMAT.AM-ն այս թեմայի շուրջ զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

Արման Նավասարդյան-Տեղի ունեցածն, ըստ երևույթին, եղել է քաղաքական անփութություն կամ դիվանագիտական սայթաքում: Անվանումից ոչինչ չի փոխվում: Իսկ հանդիպումը որակել որպես անձանական հանդիպում, ինչպես ներկայացվեց հայկական կողմից, ծիծաղելի է, եթե այն չունենար տխուր հետևանքներ: Սա հիշեցնում է այն դեպքը, երբ երեխան թաքցնում է ծնողներից, որ կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Անհաջող և անհամոզեցուցիչ է հնչում նաև այն հայտարարությունը, թե Հայաստանը տեղյակ չի եղել, որ օսերը ժամանելու են Ստեփանակերտ:

Diplomat.am-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հարավային Օսիայի կեցվածքը:

Արման Նավասարդյան-Նրանք, եթե ունեցել են որոշակի նպատակ, ապա հասել են դրան: Այսինքն` կարևորել են հանդիպումը և դրան հաղորդել լայն հնչեղություն` ապացուցելով Վրացիներին, որ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, իրագործում են կոնտակտներ բարձր մակարդակով:

Diplomat.am-Ինչպիսի՞ն էր Վրաստանի ռեակցիան:

Արման Նավասարդյան-Խիստ բացասական, բնականաբար: Վրաստանի արտգործնախարարան այն անվանեց վատ, նշանակալից և միտումավոր: Նա նաև չբացառեց, որ Հայաստանի այսօրվա քաղաքական առաջնահերթությունները կարող են օգտագործվել ի վնաս Վրաստանի: Սա վատ կանխատեսում է: Եվ չնայած հայկական կողմի հայտարարությանը, թե միջադեպն հարթվել է, Վրաստանի պատասխանն ամենևին մեզ չի կարող գոհացնել: Եթե իրերն անվանելու լինենք իրենց անունով, ապա ստեղծված իրադրությունում վրացիներն իրենց չպահեցին բարեկամ երկրի նման, ինչի մասին նրանք ամեն անգամ երդումնալից հավաստիացնում են: Պաշտոնական Թբիլիսին այնքան աղմուկ-աղաղակ չբարձրացրեց հետախուզման մեջ գտնվող Սահակաշվիլիի և Ալիևի գրկախառնության կապակցությամբ, ինչպես նաև վերջինիս այն արտառոց հայտարարության առիթով, թե Աջարիան կարող է անցնել Ադրբեջանի տիրապետության տակ, որքան այս դեպքում: Ըստ իս, վրացիների թատերականացված վրդովմունքը հերթական ռևերանս էր Ադրբեջանի, ինչպես նաև ավագ եղբոր Թուրքիայի առջև` ի հեճուկս Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների: Բացի այս ամենից, վրացական վարքագիծն իր մեջ պարունակում է մեզ համար անընդունելի և սադրիչ բովանդակություն: Վրաստանի ԱԳՆ հայտարարում է, որ ‹‹վերհաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանում այսպես կոչված ‹‹խորհրդարանական ընտրությունները››: Նմանատիպ հայտարարություններ այսօր անում են մատների վրա հաշվված պետություններ` Թուրքիա, Պակիստան, Ուկրաինա: Մինչդեռ, Մադրիդյան սկզբունքներում, ՄԱԿ-ի, Մինսկի խմբի և շատ պետությունների դիքորոշման մեջ, եթե նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, անպայմանորեն խոսվում է նաև Ղարաբաղի ազգային ինքորոշման իրավունքի մասին, ինչը բացակայում է Վրացական ԱԳՆ-ի խոսքում: Վրաստանն այսպիսով լրիվ արհամարում է նաև 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը միջազգային հարաբերությունների անկյունաքարն է, առանց որի հենց ինքը` Վրաստանը երբեք չի լուծի իր հարցերը: Սա շատ կարոր հանգամանք է, որի վրա հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, երբ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները անմիջական հարևանի հետ: Իսկ դրա փոխարեն դեռ ներողություն ենք խնդրում նրանից: Սա պարզապես ո՛չ ադեկվատ, ո՛չ էլ սիմետրիկ դիրքորոշում է տվյալ դեպքում: Մենք կուլ ենք տվել դառը հաբ:

Diplomat.am-Իսկ ինչպե՞ս իրեն դրսևորեց մեր դեսպանը Վրաստանում, երբ նրան հրավիրեցին ԱԳՆ:

Արման Նավասարդյան-Նա ոչինչ չէր կարող անել, քան խոստանալ, որ կփոխանցի նոտան Երևան: Կա մեկ ուրիշ տարբերակ: Դեսպանը կարող էր հայտարարել, որ համաձայն չէ Թբիլիսիի հայտարարության հետ ԼՂ-ի կապակցությամբ, սակայն եթե նա նման հանձնարարական չէր ստացել Երևանից և աներ այդպիսի հայտարարություն, ապա կարող էր հետ կանչվել` ինքնագլուխ քայլի ու լոյալության խախտման համար: Սա արդեն կախված է դեսպանի անձնական հատկանիշներից: Նման վարքագիծը նրա՛ ընտրությունն է: Ամեն դեսպան չի գնա այդպիսի քայլի:

Diplomat.am-Հնարավո՞ր է խուսափել նման դիվանագիտական կազուսներից, ինչպիսի էր Գալուստ Սահակյանի Բիբիլովի հանդիպումը:

Արման Նավասարդյան-Հնարավոր է, եթե արտաքին քաղաքականության կառուցվածքը համակարգված է: Ես նկատի ունեմ, որ նման տիպի քայլերն անպայմանորեն պետք է համաձայնեցվեն ԱԳՆ-ի հետ: Եթե նշված հանդիպման մասին տեղյակ պահվեր ԱԳՆ, ապա համոզված եմ, որ անգամ երրորդ քարտուղարի մակարդակով խորհուրդ կտրվեր ձեռնպահ մնալ դրանից: Հետո վատ է, երբ Ազգային ժողովը, կառավարությունը կամ ուզած նախարարություն ունի իր մինի արտգործնախարարությունը: Սա ճիշտ չէ: Սրանից դեռ 4 դար առաջ բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը` կարդինալ Ռիշիլյեն, երբ հիմնեց Ֆրանսիայի ԱԳՆ, հայտարարեց, որ բոլոր արտաքին կապերը պետք է կատարվեն ա՛յդ կազմակերպության միջոցով, նրա՛ գլխավորությամբ և հսկողության տակ Այս պատգամը չպետք է մոռանալ:

Diplomat.am-Եվ վերջին հարցը: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Արման Նավասարդյան-Չեմ կարծում, որ այն մեծ հաշվով կփոխի որևէ բան մեր հարաբերություններում: Վրաստանը կշարունակի նույն դիրքորոշումը ԼՂ-ի և մյուս հարցերում, այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրանում գոյություն ունեն ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը և ուժերի հարաբերակցությունը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2435 reads | 12.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com