ԾՈՎԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ. ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՍԻԱԿԱՆ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ






 
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն այսօր աշխարհում տնտեսապես ամենաարագ զարգացող տարածաշրջաններից մեկն է: Տարածաշրջանում գործող հիմնական ուժերն են ԱՄՆ և Չինաստանը: Վերջինս օրեցօր մեծացնում է իր՝ ինչպես տնտեսական, այնպես և ռազմական ազդեցությունը տարածաշրջանում, մինչդեռ ԱՄՆ՝ խնդիր ունի պահպանելու իր ազդեցությունը:

Ըստ որոշ փորձագետների՝ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կարող է վերածվել ծովային սպառազինությունների մրցավազքի թատերաբեմի: Պատճառը ամերիկյան ռազմածովային ուժերի ծովակալ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբի պետ Գրիներտի հայտարարությունն է այն մասին, որ հետագա 10-15 տարիների ընթացքում ամերիկյան նավերի ավելի քան մեկ-երրորդը կտեղափոխվի Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջաններ: Ըստ Գրիներտի՝ Չինաստանի ռազմական ոլորտում գրանցվող աճը ազդում է միջազգային իրադրության վրա, իսկ ամերիկյան ռազմածովային ներկայությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում ուղղված է երաշխավորելու միջազգային ծովային ուղիների ազատ գործառնությունը:

Որոշ տվյալների համաձայն՝ ներկայումս ամբողջ աշխարհում տեղակայված են 285 ամերիկյան ռազմածովային նավեր: ԱՄՆ ունի 42 բազաներ, որոնցից 16-ը կենտրոնացված են գլխավորապես ասիական երկրներում, 3-ը՝ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (Ճապոնիա, Հրվ Կորեա, Սինգապուր):

2015թ. Չինաստանն իր ռազմական ծախսերով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: ՉԺՀ-ն իր ծախսերը նախատեսում է նախորդ տարվա համեմատ ավելացնել 10%-ով` հասցնելով մոտ 145 մլրդ դոլարի: Չինաստանն արդեն ունի ավիակիր. այս տարի նախատեսվում է ևս մեկ ավիակրի կառուցում:

Այնուամենայնիվ, թեև տարածաշրջանի երկրները չեն կարող կողմնակից լինել սպառազինությունների մրցավազքին, այդուհանդերձ մի շարք փոքր պետություններ ցանկություն են հայտնում, որպեսզի ԱՄՆ ընդլայնի իր ներկայությունը Հարավ-չինական ծովում, պաշտպանելու այդ երկրների անկախությունը և ծովում նավերի ազատ տեղաշարժը:

ԱՄՆ-ում չինական վտանգով անհանգստացած էին դեռևս 2000թ.. այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մշակվեց «Ասիա-2025» փաստաթուղթը, որում ներառվել էին չին-ամերիկյան հնարավոր բախման 5 սցենարներ՝
1) «Հնդկական քարտեզ». հնդկա-պակիստանյան հակամարտության վերսկսման դեպքում Չինաստանը կխուսափի ներքաշվել պատերազմի մեջ որպես Պակիստանի դաշնակից ընդդեմ Հնդկաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր ճակատի, ինչի հետևանքով չին-ամերիկյան հարաբերությունները կվերածվեն «Սառը պատերազմի»,
2) «Նոր չին-հնդկական համագործակցություն». Չինաստանը և Հնդկաստանը կհաղթահարեն եղած տարաձայնությունները, ինչի հետևանքով ԱՄՆ կկորցնի իր ազդեցության զգալի մասը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,
3) «Չինաստանը գործում է». 2015թ. տեղի կունենա բախում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որին նախորդելու է ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում. նախ՝ Ճապոնիայում և Հրվ Կորեայում ազգայնական շարժումների արդյունքում ԱՄՆ ստիպված դուրս է բերելու իր ռազմաբազաները, այնուհետև Չինաստանը լայնամասշտաբ հարձակման իմիտացիա է անելու ամերիկյան մնացած զորքերը տարածաշրջանից քշելու նպատակով: ԱՄՆ, խուսափելով հակամարտության՝ խոշոր պատերազմի վերածումից, ի վերջո հետ է քաշելու իր նավատորմը, ինչի արդյունքում Չինաստանը կտիրի Խաղաղ օվկիանոսի ողջ արևմտյան մասին,
4) «Անկայուն Չինաստան». Չինաստանում կսկսվի սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ոտքի կկանգնեն Տիբեթը, Ներքին Մոնղոլիան, Սինցզյանը, ուր անջատողականները ռազմական ապստամբություն կբարձրացնեն, չինական կառավարությունը ճնշելու համար ներքին խժդժությունները կդիմի կոշտ միջոցների, իսկ արտաքին քաղաքականության մեջ, բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, կստեղծվեն թշնամիների կերպարներ՝ տարածքային պահանջներ կներկայացվեն Ռուսաստանին և Ղազախստանին՝ սպառնալով ընդհուպ մինչև պատերազմ, կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի Ֆիլիպինների և Վիետնամի հետ: Այս պարագայում ԱՄՆ կավելացնի իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում,
5) «Ուժեղ Չինաստան». տնտեսական էքսպանսիայի միջոցով Չինաստանը ի վերջո գերիշխող դիրք է ձեռք բերում տարածաշրջանում՝ ամուր տնտեսական կապերով ամրապնդելով հարաբերությունները հարևան երկրների հետ: Չինաստանի հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրները նախընտրում են վեճերը լուծել բանակցությունների միջոցով՝ հիմնականում զիջելով չինական կողմին, Հնդկաստանը, ունենալով ներքին բազմաթիվ խնդիրներ, հաշտվում է իր՝ տարածաշրջանային երկրորդ տերության կարգավիճակի հետ՝ համաձայնեցնելով Չինաստանի հետ «ազդեցության գոտիների» հարցը: Թայվանն, աստիճանաբար, ամբողջովին անցնում է Չինաստանի վերահսկողության տակ, Հրվ և Հս Կորեաները, զբաղված լինելով միմիանց միջև եղած խնդիրներով, չեն կարող որևէ լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանում, Ճապոնիան, տարածքային անձեռնմխելիության և հումքի ներմուծման պահպանման երաշխիքներ ստանալով, չեզոք դիրք է զբաղեցնում, Չինաստանի ճնշմամբ, որին աջակցում են տեղական իշխանությունները, ԱՄՆ դուրս է բերելու իր ռազմաբազաները Հրվ Կորեայից և Ճապոնիայից: Արդյունքում ԱՄՆ կորցնելու է իր դիրքերը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3760 reads | 09.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com