ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՏԱԹԵՎ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտ,
լեզվագետ, լրագրող






Չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը՝ երկու երկրներում էլ երիտասարդները մեծ ջանքեր են գործադրում՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու եւ երկխոսության եզրեր գտնելու համար: Քիչ չեն նաեւ հայ-թուրքական երիտասարդական հանդիպումները: Այս հարցի շուրջ Diplomat.am-ի գործընկեր ՏԱԹԵՎ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ զրուցել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:

Ի՞նչ են տալիս այդ երկխոսությունները: Անհրաժե՞շտ են դրանք:

Իմ կարծիքով, դրանք տալիս են միմյանց հաղորդագրություն, մեսիջ, որ հանդիպակաց կողմում էլ կան մարդիկ, որոնք ուզում են մարդավարի լուծել հարցը, և ոչ բոլորն են արյունարբու: Իհարկե, տալիս են նաև մի շարք այլ բաներ, ասենք՝ կապեր միմյանց հետ, անմիջական հասկացություն, թե ով է դիմացինդ, երբեմն նաև՝ հակառակորդի հետ ընդհանուր լեզու գտնելու հաճույք, զգացում, որ խաղաղության համար մի քայլ կատարեցիր:

Անհրաժեշտության մասին չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ չէր պատերազմը, և ուրեմն ամենը, ինչ նրա հետ կապված է՝ լինի այն առաջ տանող, թե կասեցնել փորձող, անհրաժեշտ չէ: Դա ճակատագիր է, ստիպված իրադրություն, մի իրավիճակ, որ մարդ իր կամքով չէր ընտրի, եթե կարողանար:

Իսկ որքանո՞վ են հաջողված այդ փորձերը:

Նայած՝ որն է հաջողության բովանդակությունը: Եթե մարդիկ որոշում են հանդիպել, փորձում են քաղաքակիրթ ձևով իրենց հարցերը քննարկել ու կարողանում են դա անել՝  չնայած համընդհանուր թշնամանքին՝ իհարկե հաջողված են: Նայած՝ ինչ է մարդ սպասում այդ հանդիպումներից: Եթե սպասում է, որ դրանով հակամարտությունը կդադարի, դա անիմաստ սպասում է, ուրեմն չի էլ կարելի ասել, թե այդ փորձերը հաջողված չեն այդ իմաստով:

Կա տեսակետ, որ դրանք անարդյունավետ են, քանի որ յուրաքանչյուր արդբեջանցի, վերադառնալով հայրենիք, հակահայկական քարոզչության հետեւանքով կրկին վերադառնում է իր հին կարծրատիպերին եւ մտածելակերպին: Համամի՞տ եք: Ինչո՞ւ:

Նույնն էլ հայերի մասին կարելի է ասել: Դա տեսակետ է: Ես էլ հազար ու մի տեսակետ ունեմ: Չնայած տեսակետներին՝ կա իրականություն: Այդ հանդիպումները տեղի են ունենում, շարունակվում, նորանոր սերունդներ ուզում են միմյանց հանդիպել ու հարցերը քննարկել, ուրեմն կա մի շարժիչ ուժ, որը ստիպում է դա անել: Իսկ սպասումները, թե մի հանդիպումից կամ նույնիսկ մի քանի մարդիկ իրենց հասարակության ներսում կդառնան բացահայտ խաղաղություն քարոզողներ՝ մանկամիտ են:
Երկու կողմն էլ գնում են հանդիպելու՝ փորձելու համար միմյանց համոզել, որ իրենց կողմը ճիշտ է: Դա սխալ մոտեցում է: Կողմերը երբ հանդիպում են, պիտի մի երրորդ իրավիճակ, երրորդ ճշմարտություն փնտրեն, միմյանց հետ միասին կառուցեն, և միայն այդ դեպքում ինչ-որ փոփոխություն կլինի:

Կա նաեւ այլ կարծիք, որ այդ երկխոսությունների կազմակերպման գործում «պետության մատն էլ է խառը». երկու երկրներում էլ հասարակությանը նախապատրաստում են գալիք խաղաղությանը եւ միմյանց հետ համերաշխ ապրելուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Եթե դիտում ենք պետությունը հեռու, առանձին, թաքուն մի բան, որ իր բնակչության նկատմամբ դավեր է նյութում, դա էլ կարելի է պատկերացնել: Իսկ եթե հասկանում ենք, որ «պետությունը ես եմ», ապա հասկանալի է, որ այդպիսի «վտանգ» չկա:
Մյուս կողմից հոյակապ կլիներ, եթե պետություններն իրենց բնակչություններին խաղաղության նախապատրաստեին, սակայն, ավաղ, մենք տեսնում ենք առայժմ ճիշտ հակառակը. նրանք իրենց բնակչություններին նախապատրաստում են հիմնականում պատերազմի:

Հայ-թուրքական երիտասարդական ծրագրեր ավելի հաճախ են իրականացվում: Մի՞թե հայ երիտասարդների հետաքրքրքությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործի նկատմամբ ավելի մեծ է:

Չեմ կարող ասել՝ որն է ավելի հաճախ: Սակայն, իհարկե, տարբերություն կա. Թուրքիայի քաղաքացիները կարող են ազատ այցելել Հայաստան և հակառակը: Ադրբեջանի հետ պատերազմական վիճակ է: Դա դժվարացնում է բոլոր շփումները: Հետո Թուրքիայի քաղաքացիների հետ կոնֆլիկտի առարկան շատ փոքր է. այնտեղ հեշտությամբ կարելի է գտնել մարդկանց, որոնք ընդունում են ցեղասպանությունը և իրենք էլ են ուզում, որ այն ճանաչվի իրենց պետության կողմից: Նրանց հետ շփվելը հեշտ է ու հաճախ՝ հաճելի: Երբ նման կրթված ադրբեջանցի ես հանդիպում, շփվելը նույնպես հեշտանում է:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1233 reads | 30.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com