ԴԵՐՍԻՄՑԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Թուրքիայի Դերսիմի նահանգի հայտնի հասարակական ու քաղաքական 10 գործիչներ մարտի 20-ից մոտ մեկ շաբաթ ոչ թե պատմության ու աշխարհագրության դասագրքերից, այլ սեփական աչքերով են ծանոթանում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Մոդուս վիվենդի կենտրոնի նախաձեռնությամբ ու Սփյուռքի նախարարության աջակցությամբ մեր երկիր ժամանած դերսիմցիները Ցեղասպանության հուշահամալիրում չեն կարողանում թաքցնել հուզմունքը: Նրանց մեծ մասը վերջերս է իմացել հայկական ինքնության մասին և կոտորածի դաժանությունը զգում է սեփական մաշկի վրա:

«Դժվարանում եմ խոսել: Ցավ է ինձ համար այս ամենի մասին մանրամասն իմանալ: Տարիներ առաջ ես շատ բան չգիտեի: Ճիշտ է, մանկուց գիտեի իմ արմատների մասին, բայց վախից լռում էինք այդ մասին: Վերջին տարիներին այդ վախը նահանջում է, և մենք պայքարում ենք ոչ միայն քաղաքացիական ազատությունների, այլև ազգային ինքնությունը պահպանելու համար:  Իմ մեջ իսկական ալեկոծություն է, ես ամիսներ առաջ որոշեցի և եկա Հայաստան, մկրտվեցի ու դարձա իսկական հայ քրիստոնյա»,-Ծիծեռնակաբերդում ասում է Դերսիմի հայ բնակիչ Արմենակ (Զեքի) Սարըջան:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի խոսքով, «այս այցը խիստ կարևոր է այն առումով, որ նրանց մի մասը, ունենալով հայկական ծագում, այսօր ինքնության վերազարթոնք է ապրում: Մյուսներն էլ եթե անգամ դա չունեն, շատ ավելի մոտ են մեզ իրենց աշխարընկալումներով»:

Դիվանագետ Արա Պապյանի ղեկավարած Մոդուս Վիվենդի կենտրոնի նախաձեռնության շնորհիվ են դերսիմցիները Երևանում: Ցեղասպանության թանգարանում պատմական փաստերին ծանոթանալուց հետո հայ և զազա  գործիչները պատմում են իրենց ծրագրերի մասին: Սերկան Սարըաթաշը Միրան Փրկիչի հետ հիմնել է Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության միություն: Առաջիկա 2 ամիսների ընթացքում հիշատակի միջոցառումներ է կազմակերպելու այնտեղ՝ Թուրքիայի իշխանությանը կոչ անելով ընդունել կատարած հանցանքը:

«Ապրիլի 24-ին մենք լինելու ենք Դերսիմի մի անդունդի եզրին, որտեղից ցեղասպանության ժամանակ ներքև են գլորել բազմաթիվ հայերի: Այդ վայրից մենք Թուրքիայի իշխանությանը հիշեցնելու ենք իր հանցավոր անցյալը»,-ասում է Սերքան Սարըաթաշը, իսկ Միրան Փրկիչը ավելացնում է՝ «Գրեթե 100 տարի մենք ստիպված էինք ապրել ծպտված, թուրքի կամ քրդի անուններով, բայց մեր պապերի գերեզմանաքարերին հո հայկական անուննե՞ր են գրված: Մենք արդեն բացահայտել ենք մեզ, մենք հայ ենք, շատերս քրիստոնյա հայեր, մնում է, որ Պոլսո պատրիարքարանը, Սուրբ Էջմիածինը և Հայաստանի իշխանությունը մեզ ընդունեն որպես հայ»:

Դերսիմի միությունների դաշնության նախագահ Ահմեդ Բալկըսը խոսում է իրենց ապրած տարածաշրջանում հայկական պատմամշակութային կոթողների մասին: Որոշել են՝ ցեղասպանության 100-ամյակին հանուն հայերի անելու են հատուցման քայլ՝ վերականգնելով Մազկերտի կիասաքանդ եկեղեցին: Դերսիմի տարածաշրջանում կա 5 քաղաք, մի քանի տասնյակ գյուղ, ոչ պաշտոնական հաշվարկներով՝ մոտ կես միլիոն հայ և 162 հայկական եկեղեցի:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1137 reads | 25.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com