ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







1994 թ. մայիսի 5-ին Բիշքեկում ՀՀ, Ադրբեջանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարների միջեւ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո հակամարտության կողմերին բաժանող սահմաններում երբեք այսքան կրակոց չէր հնչել: Անցյալ տարվա օգոստոսին Սոչիում կայացած եռակողմ (Պուտին, Սարգսյան, Ալիեւ) հանդիպմանը հաջորդած համեմատաբար խաղաղ ամիսներին 2015-ը, ասես, «վենդետա» է հայտարարել: Դիպուկահարների կրակոցներ, մարտական գործողություններ, դիվերսիաներ: Կարելի էր այդ ամենն ընդունել որպես վիճակագրական տեղեկատվություն, եթե չլիներ մեկ այլ տագնապալից եւ մեզ համար մերժելի, մեր հոգեկանին ու բանականությանն անհարիր իրողություն. զոհվում են մեր երեխաները, մեր գենոֆոնդի երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչները: 

Ինչո՞վ բացատրել սահմանային իրադրության կտրուկ վատթարացումը, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, հրաձգային զենքից բացի ականանետների, անգամ միջին տրամաչափի հրանոթների օգտագործումը: ԶԼՄ-ները տարբեր կերպ են մեկնաբանում այս ամենը: Ոմանք գտնում են, որ եթե սա դեռ պատերազմ չէ, ապա մոտ է փոխակերպվելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Լավ հասկանալու համար դեպքերի տրամաբանությունը, ադրբեջանցիների գործողությունների պարադիգման, մոտակա ու հեռահար թիրախները, իմ կարծիքով, պետք է առաջին հերթին սահմանազատել Բաքվի ռազմաքաղաքական նպատակների ներքին ու արտաքին գործոնները:

Ներքին գործոններ: Նավթի զգալի պաշարները բորբոքում են ադրբեջանական ղեկավարության երեւակայությունը. տնտեսության աննախընթաց վերելք, կայուն քաղաքական իրադրություն, համերաշխ քաղաքակիրթ հասարակություն: Հետո երկիրը դառնում է ծաղկուն Էլդորադո կամ Թոմաս Մորի «Ոսկե կղզին»: Մինչդեռ. Ադրբեջանի ընտրած տնտեսական կուրսն իրականում ական է՝ դրված ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ նրա քաղաքական ու տնտեսական անկախության տակ: Բաքվի «Зеркало» օրաթերթում կարդում ենք. «Իշխանությունների վարած «բաց դռների» քաղաքականությունը, եթե անգամ բերել է  մի քանի միլիարդ դոլար, ապա այդ նույն օտարերկրյա ներդնողներին հաջողվել է երկրից քամել այնպիսի գումար, որը մի քանի անգամ գերազանցում է ներդրումները»: Քանի որ նավթը եւ գազը հանդիսանում են Ադրբեջանի գոյատեւման միակ աղբյուրը, իշխանությունները հաշվում են, որ դրանց մշակումը եւ շահագործումը վճռված հարց է: Մինչդեռ՝ այդ հարցը դեռ վճռված չէ արեւմտյան նավթային «հսկաների» կողմից, որոնք չեն շտապում ներդնել իրենց կապիտալը մի երկրում, որը պատերազմի մեջ է հարեւան պետության հետ եւ ունի ներքին քաղաքական անբարենպաստ պայմաններ: Իսկ այդ պայմանները գնալով վատանում են: Ադրբեջանին այսօր հատուկ է ժողովրդական զանգվածների աղքատացում, հասարակության ահռելի բեւեռացում, մասսայական կոռուպցիա, կադրային նեպոտիզմ եւ դիլետանտիզմ: Այս ամենից բացի, Ալիեւի վարչակարգը խիստ մտահոգված է նավթի գների անկումով, որն ուղղակիորեն հարվածում է հարուստների քսակին: Իսկ դա նրանց համար ավելի մեծ աղետ է, քան երկրի ազգային շահերի կորուստը, ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությունն էլ հետը: Այս ֆրուստրացիայի դեմ պաշտպանության մեխանիզմներից մեկը Ալիեւի համար սահմանային իրավիճակի սրումն է, որը եթե անգամ հոգեկան հանգստություն բերի նրան, որեւէ հեռանկար չունի եւ՛ իր, եւ ի՛ր երկրի համար: Ալիեւի քաղտեխնոլոգները եւ խորհրդականները հավանաբար հուշում են սահմանային սադրանքներ՝ ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով. հին, փորձված քաղաքական տրյուկ: Թշնամի հարեւանին, այն էլ քրիստոնյա, սպանելը նրանց հաշվարկներով, ադրբեջանցիների հայրենասիրական ոգին վառ պահելու, վարչակարգի՝ ընդդիմությանը դիմակայելու լավագույն միջոցներից մեկն է, եթե այդպիսին, իհարկե, դեռ գոյություն ունի քաղաքական դաշտում:

Արտաքին գործոններ: Սրանք ավելին են, քան ներքին գործոններն ու պատճառները: Աշխարհում ընթացող գլոբալ գործընթացները, նոր աշխարհակարգի կայացման մարտահրավերները եւ միջազգային հարաբերությունների բազմաբեւեռ համակարգի ստեղծման շուրջ ընթացող  սուր հակամարտությունը ազդակ հանդիսացան Ալիեւի իռացիոնալ քաղաքական հավակնությունների համար, երբ նա փորձում է մասնակցել երկրագնդի վերաձեւավորման գործընթացներին՝ գոնե ռեգիոնալ մասշտաբով: Փոքր պետության մեծ ամբիցիաների տեր լիդերը թերեւս սահմանային կրակոցներով է ուզում գրավել մեծ տերությունների ուշադրությունը ՀՀ «ագրեսիվ եւ զավթողական» քաղաքականության վրա: Ալիեւը հավանաբար ցանկանում է նաեւ «վրեժխնդիր» լինել Մոսկվայից եւ Վաշինգտոնից: Առաջինից՝ իր երդվյալ թշնամու՝ ՀՀ հետ ռազմավարական հարաբերությունների պատճառով, եւ ձեռքի հետ էլ ստուգել, թե ի՞նչ կերպ կարտահայտվի ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ հիմա էլ ԵՏՄ-ի  հավատարմության դաշինքը ՀՀ նկատմամբ: Երկրորդից՝ իրեն քննադատելու, ճնշելու, անգամ՝ աբստրուկցիայի ենթարկելու համար՝ կապված Ադրբեջանում դեմոկրատիայի բացակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության սահմանափակումների հետ: Նման քաղաքական կոմբինացիաները բնորոշ են Ադրբեջանի դիվանագիտությանը, որը փորձում է խաղալ ռուսական եւ ամերիկյան լարերի վրա: Բաքվի գործողություններում հաշվարկված է ռուս-ուկրաինական հակամարտության գործոնը եւս, իսկ ժամանակի առումով Ադրբեջանի սադրանքներում ուրվագծվում է թուրքական հետքը՝ կապված Մեծ եղեռնի 100-ամյակի հետ:  

Հոգեբանական տեսանկյունից Ադրբեջանի հաշվարկներում առկա է Գյումրու ողբերգությունը, որից նա հաճույքով կօգտվեր ՀՀ-ում հուսաբեկություն եւ տագնապ սերմանելու հույսով, ինչից ինքը՝ Բաքու՛ն է վախենում, երբ թաքցնում է սահմանային բախումներում իր զոհերի թիվը՝ տասնապատկելով հայերի կորուստները: Ալիեւին, հավանաբար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում սովորեցրել են. «Veritas nihil veretur nisi abscondi»՝ «Ճշմարտության համար ոչինչ սարսափելի չէ, բացի այդ ճշմարտությունը թաքցնելը»: Ափսոս, որ նախագահական աթոռին նա մոռացել է հին հռոմեացիների այս իմաստությունը:

Եւ վերջինը: Կլինի՞ արդյոք լայնածավալ պատերազմ մեր երկրների միջեւ: Չի լինի: Պատճառները, որ չի լինի՝ շատ են: Խնդիրն այն է, որ ԼՂ հիմնահարցը դուրս է եկել 11.5 հազար քառակուսի կմ ազգային ինքնորոշում պահանջող հանրապետության սահմաններից: Ստեփանակերտի՝ բանակցային գործընթացից օտարվելը (ոչ առանց մեր դիվանագիտության մեղքով) ՀՀ-ին եւ Ադրբեջանին երես առ երես տեղափոխել է հակամարտության դաշտ: Երկու սուվերեն պետություն, միջազգային իրավունքի 2 սուբյեկտ: Եւ, փոխանակ բանակցային-փոխզիջումային ճանապարհով հասնելու հանգուցալուծման՝ Ալիեւը հավակնում է ոչ միայն ԼՂ, այլեւ ՀՀ տարածքներին: Հիտլերն էլ գտնում էր ողջ Եվրոպա՛ն է իրեն պատկանում: Երբ բռնակալն ունի ուղեղի բորբոքային սինդրոմ, նա տեղափոխվում է վիրտուալ միջավայր եւ դառնում ֆանտասմագորիայի պատանդ: Իսկ հիվանդին ամեն ինչ ներվում է: Ալիեւը, իհարկե, հիվանդ չէ, ոչ էլ անմեղսունակ: Այն, ինչով նա զբաղված է, կոչվում է էժանագին դիվանագիտական բլեֆ կամ քաղաքական բուֆոնադա:

Մինչդեռ, միջազգային հարաբերությունների ռեալիան հուշում է, որ գլոբալ խաղացողները՝ ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ, թույլ չեն տա հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական բախումներ: Ոչ թե այն պատճառով, որ շատ են մտահոգված ՀՀ եւ Ադրբեջանի ճակատագրերով, այլ ելնում են իրենց տարածաշրջանային շահերից: Եւ մեկ էլ՝ քաջ գիտակցում են, որ այստեղ ծագած պատերազմը կդառնա բիկֆորդյան քուղ համաշխարհային հրդեհի համար: Այսօր ոչ մի մեծ տերություն, անկախ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական հետաքրքրություններից, չի մտնի մեծ պատերազմի մեջ: Թուրքիան, որ Թուրքիա է եւ հավակնում է Մեծ Մերձավոր Արեւելքի ու արաբական աշխարհի լիդերության, օսմանյան փառքի վերակենդանացման, չգնաց Սիրիայի վրա հարձակվելու ռիսկին: Հայաստանը ագրեսոր չէ, նա պատերազմ չի սկսի: Ադրբեջանն ագրեսոր է, սակայն եւս պատերազմ չի սկսի՝ գիտակցելով, որ այն ճակատագրական կլինի իր համար: Չնայած իր սնապարծությանը եւ փոքրիկ «բոնապարտի բարդույթին»՝ պետք է հուսալ, որ Իլհամը դա լավ է հասկանում: Ես չեմ բացառում կայծակնային, մի քանի օր տեւող ռազմական գործողությունների տարբերակը, որի հավանականությունը նույնպես փոքր է: Սակայն հարկ է լինել աչալուրջ, զգոն եւ մոբիլիզացված՝ կանխելու նման վտանգը, ընդհուպ՝ եթե հարկ լինի իրականացնել կանխարգելիչ հարված: Այդուհանդերձ, ամենավատ խաղաղությունը պատերազմից լավ է: Իսկ խաղաղությունը ձեռք է բերվում միայն բանակցության ճանապարհով: Ուրեմն՝ ՀՀ արտաքին քաղաքականության դոմինանտը պետք է լինի բանակցային գործընթացների վերականգնումը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
4665 reads | 25.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com