ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 4 ՏԱՐԻ ԱՆՑ. ՋԻՆԸ ՇՇԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
2011-ի մարտի 15-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Դամասկոսի գլխավոր հրապարակում ու նախագահից հրաժարական պահանջեց՝ դժգոհելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու ցածր կենսամակարդակից: Հետո պարզվեց, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած էր ոչ թե սիրիացի ժողովուրդը, այլ Սիրիայի տարածքի վրա աչք դրած որոշ պետություններ ու համաշխարհային բիզնեսի խոշոր խաղացողներ: Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան ու արաբական այլ պետություններ ծնկի բերած եԱրաբական գարուն« օպերացիան Սիրիայում հանդիպեց ուժեղ դիմադրության:

«Ընդդիմությունը ընդունելի կլինի այն դեպքում, երբ այն գործում է հանուն պետության ու ժողովրդի:  Սիրիայում այսօր կա ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմություն, նրանցից որոշներն իրոք սիրիացիների մի մասի կամքն են արտահայտում, բայց հիմնականում ընդդիմությունը օտար երկրների կամքն են կատարում: Սիրիայում չկա չափավոր ընդդիմություն, դա միֆ է, քանի որ նրանց գրաված տարածքներում տեղի է ունենում ցեղասպանություն: Սիրիայի կառավարական զորքի դեմ այսօր կռվում են ահաբեկիչներ, ոչ թե ընդդիմադիր գործիչներ»,-միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում 2015-ի փետրվարին ասաց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ասադի վարչակարգի դեմ կռվող Ալ-Նուսրա, Ազատ բանակ, Իսլամական ճակատ խմբավորումները կարողացան հաջողության հասնել մինչև 2014-ը: Այդ ժամանակ նրանք գիտակցեցին, որ եթե նույնիսկ տապալեն Ասադին, թագավորելու են ավերակների վրա, չնայած թագավորելու անթաքույց հավակնություն ցույց տվեց նոր ստեղծված Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը: Սա ծայրահեղ իսլամիստական կառույց է, որի գործունեության հիմքում նաև խաղաղ բնակիչներին գլխատելու և ողջ-ողջ այրելու միջոցով ահ ու սարսափ տարածելն է: Այդկերպ Իսլամական պետությունը կարողացավ կարճ ժամանակում գրավել Սիրիայի տարածքի 30%-ը:

4 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում ծայրահեղականներին ու ահաբեկիչներին աջակցող խոշոր տերությունները հասկացան, որ շշից բաց են թողել ջինը, որը Մերձավոր Արևելքը տանում է  ինքնաոչնչացման՝ ծնունդ տալով համաշխարհային նոր սպառնալիքի: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մարտի սկզբին խոստովանեց, որ սիրիական ոչ մի կառույց ընդունակ չեղավ փոխարինել Ասադի վարչակարգին ու ստանձնել Սիրիայի կառավարման պատասխանատվությունը, հետևաբար պետք է բանակցել Սիրիայի գործող նախագահի հետ քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար:

Հայ վերլուծաբանները հակված չեն հավատալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այլևս պետք չէ գերտերություններին, եթե նույնիսկ լինի բանակցություն, իսկ համաշխարհային ահաբեկությունը դեռ երկար ժամանակ կլինի ազդեցիկ գործոն՝ պետություններ քանդելու և դրանք սեփական շահերի համար օգտագործելու համար:

Նաիրի Հոխիկյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2788 reads | 17.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com