ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԲԼԵՖ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ. ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐ
Հայաստանում հրեական «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Իսրայելի Կոմպոզիտորների Միության անդամ

 

 
Համաշխարհային պատմությանը քիչ են հայտնի ազգերի ոգու դիմացկունության, անհողդողդության,  տոկունության օրինակներ, որոնց բաժին են ընկել անթիվ տառապանքներ և զրկանքներ: Այս պատվավոր շարքում որպես խիզախության վառ օրինակներ գոյակցում են երկու հինավուրց ազգեր՝ հրեաները և հայերը, որոնք չնայած բոլոր դժվարություններին և փորձություններին, ինչ-որ հրաշքով իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն գոյատևելու, այլ նաև մաքառման իրենց ճանապարհին հարստացնելու մարդկության հոգևոր ժառանգությունը մշակույթի և գիտության նվաճումներով:

Հինավուրց և ողբերգական ճակատագրի կամոք սփյուռք ունեցող այս երկու ժողովուրդների պատմական ինքնության խորքում արմատացած իրողությունը միմյանց նկատմամբ նրանց առանձնահատուկ փոխըմբռնման և հարգանքի պատճառն է: Աշխարհում ապրող ոչ մի հայ կամ հրեա չի կարող և երբեք չի էլ կարողանա մնալ անտարբեր անմեղ զոհերի մահվան և տառապանքների, 20-րդ դարում մարդկության դեմ գործված երկու հրեշավոր հանցագործությունների հանդեպ:

Իմ ծնողները և նրանց ընտանիքները անցել են տարհանման, աքսորի և համակենտրոնացման ճամբարների բոլոր արհավիրքների միջով: Ճակատագիրը նրանց բերեց Հայաստան, որտեղ ծնվել եմ ես և որտեղ ապրում եմ շուրջ 60 տարի: Ինձ համար կրկնակի ցավալի է, բայց միևնույն ժամանակ բացարձակապես պարզ է, թե ինչու են որոշակի շրջանակներում խղճուկ ջանքեր գործադրվում վերլուծության տրամաբանության շրջանակներից դուրս գտնվող կեղծ «փաստաթղթերի» միջոցով աշխարհի հրեականության շրջանում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք սերմանելու ուղղությամբ:

Նմանատիպ միամիտ փորձերից մեկը Times of Israel լրատվամիջոցի «Իսրայել Բարուք» անունով ներկայացող բլոգերի հոդվածն է (http://blogs.timesofisrael.com/the-deep-roots-of-bds/ ): Ենթադրաբար Լոս Անջելեսում ապրող  պարոն Բարուքը իր միանշանակ հայտարարությունները հոդվածների տեսքով հրապարակելիս երբեք Հայաստան չի այցելել, ոչ մի տեղեկություն չունի հայ ժողովրդի և այս հողում հրեաների ավելի քան 2000 տարվա բնակեցման պատմության մասին: Այնուամենայնիվ զարմանալի համառությամբ նա ցուցաբերում է հայերի և Հայաստանի նախապատվությունների մասին «խորը գիտելիքներ»:

Հիմնվելով Քալիֆորնիայի համալսարանի մի խումբ հայ ուսանողների օրինակի վրա, փորձում է ակնհայտ ատելություն քարոզել հայերի և Հայաստանի նկատմամբ հրեաների շրջանում: Վերջին շրջանում նմանատիպ կասկածելի հայտարարություններով մի քանի հոդվածներ են լույս տեսել, որոնք պատկանում են թուրքական և ադրբեջանական քարոզչական թեզերի հանրահայտ խոսափող-վերլուծաբաններին, որոնց թվում է ադրբեջանական գովազդ հիշեցնող «Իսրայել Բարուքի» հոդվածը (http://sdjewishjournal.com/site/7541/in-defense-of-peace-and-hope/ ):

Գրեթե կասկած չի մնում, որ այս վերջին «վերլուծությունը»  ևս 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրք-ադրբեջանական քարոզչական արհեստանոցի հերթական չստացված սադրանքն է: Այս ռազմավարությունը ցավոք նպատակաուղղված է՝ շեղելու հայերի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից և ուղղելու նրանց ռեսուրսները ցեղասպանությունը ժխտողների և ադրբեջանական նավթային եկամուտներից սնվող ու հովանավորվող հակահայկական արշավների հակազդմանը:

Ցավալի է, որ անգամ որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում տուրք են տալիս այս քարոզչական խեղաթյուրումներին` գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնալով զոհ և զոհաբերելով Իսրայելի հանրային կարծիքը, Իսրայելի երկարաժամկետ շահերը նման էժանագին թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչական նախաձեռնություններին:

Վերադառնալով վերը հիշատակված հոդվածին` պետք է նշել, որ այստեղ «չստացված» բառը պետք է օգտագործել ամենալայն և համապարփակ իմաստով, քանզի վերլուծությունը իր մեջ պարունակում է անորակ լրատվության բոլոր հայտնի չափանիշները՝ բացահայտ կեղծ տեղեկատվություն, ճշմարտության թաքցնում և «Սոկրատեսը կատու է» բնույթի եզրահանգումներ: Այստեղ նա «խորամանկորեն» գեթ մեկ անգամ Հայաստանը չի հակադրում նախկինում իր գովազդած Ադրբեջանին, որպեսզի «թաքցնի» այս հոդվածի պատվիրատուների հետքը:

Քալիֆորնիայի համալսարանի հայազգի մի քանի ուսանողները, որոնք որևէ տոկոս չեն կազմում Քալիֆոռնիայի ստվար հայ համայնքի համեմատությամբ, ինչ դիրքորոշում էլ հայտնած լինեն, աններելի է այն ներկայացնել որպես ամերիկահայ համայնքի տեսակետ այնպես, ինչպես չի կարելի Ադրբեջանի շահերն առաջ տանող որոշ հրեա լոբբիիստների գործունեությունը ներկայացնել որպես հրեաների կամ Իսրայելի վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ:

Հոդվածում երկրորդ աշխարհամարտի տարիներին հայկական սփյուռքում գործող մի քանի հայ գործիչների փորձերը համագործակցելու հիտլերյան Գերմանիայի հետ ներկայացվում է որպես այդ գործիչների կողմից  Հոլոքոստի սատարում: Այնինչ, այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրությունները, ինչպես նաև հենց ժամանակի աղբյուրները վկայում են, որ վերը նշված անհատները փորձում էին համագործակցության խողովակներ փնտրել նացիստական Գերմանիայի ներկայացուցիչների հետ պատերազմի անհաջող ելքի դեպքում (ինչպիսին կարող էր լինել Ստալինիգրադում խորհրդային զորքերի պարտությունը)  ներխուժել ցանկացող Խորհրդային Հայաստանի սահմաններին կենտրոնացած թուրքական դիվիզիաների կողմից հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից փրկելու, ինչպես նաև գերության մեջ հայտնված ազգությամբ հայ խորհրդային զինվորների ճակատագրերը փրկելու նպատակով: Այս մարդիկ որևիցե կապ չեն ունեցել հրեաների ոչնչացման հետ:

Խորհրդային ռազմագերիներից, ի դեպ, ավելի մեծ թվաքականակով լեգեոններ են ստեղծվել նաև այլ ազգություններից, մասնավորապես՝ ադրբեջանցիներից:

Հեղինակը նաև մոռանում է նշել, որ հայերը նացիզմի և ֆաշիզմի դեմ պայքարի առաջնագծում էին ինչպես խորհրդային զորքերի կազմում, այնպես էլ սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Չնայած փոքր քանակին և Հոլոքոստի իրականացման վայրերից աշխարհագրական հեռավորությանը բավական մեծ թիվ են կազմում նաև հրեաներին Հոլոքոստի տարիներին օգնության ձեռք մեկնած հայերը, որոնք ստացել են «Առաքինիների» պատվավոր կոչումը, ինչի մասին այցելուներին են հիշեցնում Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանի փաստաթղթերը: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը:

Ինչ վերաբերում է ժամանակակից Հայաստանին, ես, ի տարբերություն քաղաքական մեքենայություններով (այդ բառի վատագույն իմաստով) զբաղվող վերը նշված պարոնների, անձամբ գիտեմ այդ հիանալի երկրի և ժողովրդի մասին: Որպես Երևանում ծնված զտարյուն հրեա, որպես Հայաստանում հրեական համայնքի հիմնադիրներից մեկը, կարող եմ վստահությամբ հաստատել, որ հրեաներն այս երկրում մշտապես վայելել են  իրենց նկատմամբ հայ ժողովրդի խորը հարգանքը և իշխանությունների ավելի քան բարյացակամ վերաբերմունքը: Հայաստանում գոյություն չունի և երբեք գոյություն չեն ունեցել հակասեմիտիզմի դրսևորումներ:  

Հայկական ազգային գաղափարախոսությունը երբեք չի եղել ուղղված որևիցե ազգի, առավել ևս՝ հրեաների դեմ: Այստեղ ոչ մեկի մտքով չի անցել այնպիսի բնույթի կոչեր, ինչպիսին օրինակ Բաքվում 1990թ. Ազգային ճակատի կարգախոսն էր «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը, քանի որ նախընտրում է կամ գիտակցաբար լռել կամ էլ չգիտի, քանի որ նրա նման մյուս մի քանի ամենագետ հեղինակների նման, ակնհայտորեն անգամ մեկ օրով էլ Հայաստանում չի եղել:

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես ոչ մի դեպքում չեմ փորձում մեղադրել ադրբեջանական ժողովրդին հակասեմականության մեջ, հակառակը, եթե իմ ազգակիցներն այդ երկրում իրենց լավ են զգում, ես միայն ողջունում եմ դա, բայց համարում եմ անբարոյական ի շահ այդ պետության քաղաքականության  ապացուցել և քարոզել Հայաստանում գոյություն չունեցող հակասեմականության մասին:
Համարում եմ ծայրահեղ անարժան այսպես կոչված «փորձագետների»՝ հրեական համաշխարհային հանրույթին հայ ժողովրդի դեմ տրամադրելու վարքագիծը ազգային զգացմունքների շահարկմամբ և ինչ-որ քաղաքական նպատակների հետապնդմամբ:

Իսկ ինչ վերաբերում է ADL-ի իրականացրած հարցմանը, ապա հեղինակը հերթական անգամ կեղծում է փաստերը՝ նշելով, թե իբր այս կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, որ ADL-ը բազմիցս հանդես է եկել ժխտողական կոչերով: Բացի այդ, ներկայացված հարցումը իրականացվել է կասկածելի մեթոդաբանությամբ, իսկ նրա արդյունքները հակահայկական պրոպագանդայի կողմից օգտագործվում են ամբողջովին խեղաթյուրված և բացահայտ ընտրովի ձևով: Նախ, հենց նույն հարցման արդյունքներով ավելի շատ հակահրեական պատասխաններ են ստացվել Ադրբեջանում հարցվածների կողմից, իսկ երկրորդը, լինելով հրեա, ես ինքս էլ ապշեցի՝ տեսնելով, թե ADL-ի կողմից ինչպիսի պատասխաններ են ներկայացվում որպես հակասեմականության ցուցիչներ: Նմանատիպ հարցումներ եթե անցկացվեն անգամ Իսրայելում, ապա միգուցե այնտեղ ևս չեն կարողանա խուսափել հակասեմականության պիտակ ստանալուց:

Այստեղ հարց է առաջանում, ո՞ւմ է այսօր ձեռնտու նմանատիպ կեղծ թեզերի առաջ քաշելը: Պատասխանը, կարծում եմ, ավելի քան պարզ է: Ուստի ես կոչ եմ անում հանրությանը ժամանակ առ ժամանակ միայն պրոադրբեջանական և հակահայկական հոդվածներով, հայացքներով ներկայացող լրագրողներին, հեղինակներին, քաղաքական գործիչներին զերծ մնալու հրեաների անունից հանդես գալու և համաշխարհային հրեականությանը ևս մեկ գոյություն չունեցող հակամարտության պարտադրման փորձերից, իսկ հրեական լրատվամիջոցներին նմանատիպ միակողմ վերլուծություններին հարթակ տրամադրելուց: Իսկ իրենց «փորձագետ» համարող մասնագետներին որպես հրեան հրեայի անձամբ հրավիրում եմ այցելել Հայաստան մասնագիտական փորձի հարստացման և առավել օբյեկտիվ պատկերացում ձևավորելու նպատակով:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1036 reads | 28.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com