ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԼԾԱԿ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ






Միջազգային հարաբերություններում տնտեսական պատժամիջոցների կիրառումը հայտնի է դեռ Հին Հունաստանից: Ք.ա. 432թ. Աթենքի առաջնորդ Պերիկլեսը արգելք դրեց Մեգարա քաղաքի հետ առևտրին (այդ նաև Պելեպոնեսյան պատերազմների բռնկման պատճառներից մեկն էր): Նոր շրջանում պատժամիջոցների կիրառման տարածված եղանակը տնտեսական շրջափակումն էր, հատկապես` ծովային շրջափակումը: Այդ ընթացքում ամենից շատ վերջինս կիրառվել է ամենամեծ ծովային գերտերության` Մեծ Բրիտանիայի նկատմամբ (12 անգամ):

Նորագույն շրջանում պատժամիջոցներին դիմելու դեպքերը առավել լայն տարածում են գտել, ընդ որում` ոչ միայն առանձին պետության կամ պետությունների խմբի կողմից, այլև միջազգային կազմակերպությունների: ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածը նախատեսում է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանմանը կամ վերականգնմանն ուղղված այն միջոցները, բացառությամբ` ռազմական ուժի օգտագործման, որոնք կարող են ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից. դրանք են` «տնտեսական հարաբերությունների, երկաթգծային, ծովային, օդային, փոստային, հեռագրական, ռադիո և այլ կապի միջոցների ամբողջական կամ մասնակի ընդհատում, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների խզում»:

Ամերիկացի Գ. Հաֆբաուերը «Economic Sanctions Reconsidered» (3rd edition. November 2007) աշխատության մեջ համահեղինակների հետ համատեղ առանձնացրել էր Առաջին համաշխարհային պատերազմից մինչև 2000թ. փաստագրված պատժամիջոցները` ըստ նպատակների (տես` աղյուսակ 1): Ընդհանուր առմամբ, 86 տարվա ընթացքում արձանագրվել է պատժամիջոցների կիրառման 204 դեպք` 34% հաջողությամբ:

Պատժամիջոցների նախաձեռնությամբ հաճախ է հանդես գալիս ԱՄՆ-ը: Այսպես, դեռ 1919թ. ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնը ասել է. «Բոյկոտի ենթարկված պետությունը մոտ է կապիտուլացիայի: Դիմեք տնտեսական, խաղաղ, լուռ, մահացու միջոցների և ուժի կիրառման անհրաժեշտություն չի լինի: Այդ սարսափելի դեղամիջոց է: Բոյկոտվող պետության սահմաններից դուրս դրանից ոչ ոք չի մահանում, սակայն այն ստեղծում է ճնշում, որին, իմ կարծիքով, ոչ մի ժամանակակից երկիր դիմադրել չի կարող»:

Թեև ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ևս մշտապես չէ, որ հաջողության են հասել: 1960թ. մինչ այսօր ամերիկյան կազմակերպություններին արգելված են Կուբայի հետ շփումները, նույնիսկ` երրորդ երկրների միջոցով: Եվ չնայած 2010թ. տվյալներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար, այնուհանդերձ ԱՄՆ-ն իր նպատակին, այն է` Կուբայի ժողովրդավարացմանը, չի հասել:

Նախորդ տարի Ուկրաինական ճգնաժամին և ՌԴ կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչմանն ի պատասխան` ԱՄՆ-ը նախաձեռնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, ինչին միանում են նաև ԵՄ երկրները և ԱՄՆ-ի այլ դաշնակիցներ: Այս պատժամիջոցները բերում են Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի, միևնույն ժամանակ ՌԴ և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2014թ. աճել էր 7%-ով: Դա այն դեպքում, երբ ԵՄ-ՌԴ ապրանքաշրջանառությունը նվազել էր 4,3%-ով:

Պատժամիջոցների ազդեցությունն իր «մաշկի վրա» է զգացել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառել ինչպես առանձին պետություններ (ԱՄՆ), պետությունների խմբեր (2010թ. Կանադայի, Ճապոնիայի, Հրվ Կորեայի, Ավստրալիայի միասնական պատժամիջոցները), այնպես էլ միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ): Նպատակը Իրանի միջուկային ծրագրի փակումն էր, սակայն մինչ օրս ԻԻՀ-ը պաշտոնապես չի դադարեցրել այդ ծրագիրը:

Աղյուսակ 1
 
Նպատակը Հաջողած դեպքեր Չհաջողած դեպքերը Ընդամենը Հաջողությունը (ըստ %-ի)
Քաղաքական չափավոր փոփոխություններ 22 21 43 51
Ռեժիմի փոփոխություն և ժողովրդավարացում 25 55 80 31
Ռազմական արկածախնդրությունների խափանում 4 15 19 21
Ռազմական պոտենցյալի վերացում 9 20 29 31
Քաղաքական այլ զգալի փոփոխություններ 10 23 33 30
Ընդհանուր` 70 134 204 34


20-րդ դարի երկրորդ կեսին, երկբևեռ աշխարհակարգի պայմաններում պատժամիջոցները կիրառվում էին կամ ԱՄՆ-ի, կամ ԽՍՀՄ կողմից. պետությունը, որի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվում ԱՄՆ-ի կամ ԽՍՀՄ կողմից, կարող էր առևտրական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կամ սոցիալիստական ճամբարի երկրների հետ համապատասխանաբար:

Սառը պատերազմի ավարտին 1990-1991թթ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրաքի նկատմամբ պատժամիջոցներից հետո Իրաքի տնտեսությունը սկսեց անկում ապրել, մեծապես տուժում էր բնակչությունը: 1990թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 661 բանաձևը նախատեսում էր հարկադիր, բայց ոչ ռազմական միջոցների կիրառում Իրաքի նկատմամբ: Այդ միջոցները ներառում էին ապրանքների բոլոր տեսակները, բացառությամբ բժշկական նպատակներով ապրանքները և մարդասիրական օգնության համար նախատեսված սննդամթերքը: Միայն 1990-2003թթ. Իրաքի, Աֆղանստանի, Հարավսլավիայի և այլ պետությունների վերաբերյալ ՄԱԿ պատժամիջոցների հարցերով հանձնաժողովները անցկացրել են 717 նիստ: Այդ նույն տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրաքի վերաբերյալ ընդունել է 24 բանաձև: Եվ հենց ծանր պայմաններում հայտնված Իրաքի փորձն է, որի արդյունքում այսօր պատժամիջոցները գերազանցապես կիրառվում են ոչ թե ընդհանրապես պետության հանդեպ, այլ պաշտոնյաների, անհատների և կամ կազմակերպությունների հանդեպ:

Այդուհանդերձ, տնտեսական պատժամիջոցները միջազգային հարաբերությունների անբաժան մասն են, թեև դրանք որպես գործիք հիմնականում օգտագործում են արևմտյան երկրները, հատկապես` ԱՄՆ-ը: Դրանք բավարար վնաս են հասցնում տվյալ պետության տնտեսությանը, սակայն արդյունավետ չեն նպատակային առումով, այսինքն` որպես այդպիսին չեն բերում քաղաքական կուրսի, քաղաքական ռեժիմի և այլ փոփոխությունների: Այսպես, Հաֆբաուերը նաև առանձնացրել է պատժամիջոցները ըստ տեսակների (տես` աղյուսակ 2): Այս կերպ ևս արդյունավետության տոկոսը կեսից ցածր է: Պատժամիջոցների հաջողությունը համեմատաբար առկա է ֆինանսական, արտահանման և ներմուծման վերաբերող պատժամիջոցների միասնական կիրառման դեպքում:

Աղյուսակ 2
 
Տեսակը Հաջողած դեպքեր Չհաջողած դեպքերը Ընդամենը Հաջողությունը (ըստ %-ի)
Ֆինանսական, արտահանում և ներմուծում 25 37 62 40
Ֆինանսական 19 34 53 35.8
Արտահանում կամ ներմուծում կամ երկուսը միասին 10 30 40 25
Ֆինանսական և ներմուծում 9 20 29 31
Ֆինանսական և արտահանում 5 23 28 17.9
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2241 reads | 21.02.2015
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com