ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ







Եվրամիության ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին:

Բացի այդ, եվրոպական պատվիրակությունն անդրադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարին: Քննարկվել են ԻՊ գրոհայինների մասին տեղեկատվության փոխանակման հարցը, ինչպես նաև նրանց դեմ պայքարի համակարգված ռազմավարությունը: Նա նաև հայտարարել է, որ քննարկման ավարտական փուլում է փախստականների կարիքների համար Թուրքիային մոտ 70 մլն եվրո հատկացնելու հարցը:

Քաղաքական տրամաբանությունը չի թելադրում զարմանալ եվրոպական արժեքների դեմ ուղղակիորեն հակադրվող Անկարայի թիվ 1 ղեկավարի դրսևորած վարքագծի դիմաց ԵՄ-ի այս տեսակ արձագանքման առիթով։

Հակառակ նրան, որ Բրյուսելը առկախել էր Անկարայի հետ ԵՄ-ի անդամակցության միտող բանակցությունները, հատկապես Կիպրոսի հարցի պատճառով, տարբեր հարցերի գծով Թուրքիայի պաշտոնական հետագա կեցվածքները, Կիպրոսի հանգույցից շատ ավելի պատճառներ հրամցրեցին բանակցությունները չվերաձեռնարկելու համար։ Խոսքը չի վերաբերում միայն ցեղապաշտական բնույթի, սեռային խտրականության, իսլամական ամբոխ սիրաշահելու համար արևմտյան քաղաքակրթությունը ամբողջ հարցականի տակ առնող նմանատիպ հայտարարություններին, որոնք հնչեցին Թուրքիայի նախագահի կողմից։

Հիմնական հարցը, Արևմուտքի մղումով և քաջալերանքով սկսած, սակայն վերահսկողությունից դուրս եկած և այժմ միևնույն Արևմուտքի կողմից սահմանափակ պատերազմ հայտարարված Իսլամական պետության նկատմամբ Անկարայի աջակցության քաղաքականությունն է։

Այս մեծ հակասությունն է, որը շատ բացահայտ ձևով ոչ միայն անուշադրության է մատնվում ընդհանրապես Արևմուտքի և այս դեպքում ԵՄ-ի կողմից, և որը լուրջ կասկածի տակ է առնում միջազգային այդ կառույցների ԻՊ-ի նկատմամբ հայտարարված և գործադրության դրված քաղաքականությունների հետևողականությունն ու հավաստիությունը։ Այստեղ կարելի է առարկել, որ Անկարան իսլամական զինյալների նկատմամբ իր դիրքորոշումը փոխելու նկրտումներ է ցուցադրում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ ոչ Սիրիայում, ոչ էլ Իրաքում, օտարերկրացի զինյալներ չեն ուզում տեսնել: Դավութօղլուն դա բացատրել է նրանով, որ օտարերկրացի զինյալները խեղաթյուրում են Սիրիայի ընդդիմության «արդարացի» պայքարի իմաստը:

Դեկլարատիվ մակարդակի վրա կատարված այս փոփոխությունը Անկարայի կողմից պարզ կդառնա, երբ Թուրքիան իր սահմանը փակի նման զինյալների ազատ ելումուտի համար։ Միրիական կառավարական ուժերի կողմից Հալեպի շրջափակմանը հետևող գործողությունները լույս են սփռելու հետագա ընթացքի վրա։

Էրդողանի կիրառած առաձգականությունը այս խաղում բավական նեղացել է։ ՌԴ նախագահի Անկարա կատարած այցելությանը անմիջապես հետևած ԵՄ-ի պատվիրակության այցելությունը միայն Անկարային սիրաշահելու փորձերով չի բացատրվում։ Այստեղ հստակ ճնշում կա ԻՊ-ի զարգացման և տարածման ընթացքին մեծ աջակցություն ցույց տված Անկարայի վրա, որի ղեկավարը Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների համաժողովում իր ելույթում ասել էր. «Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով: Որքան երկար ենք մենք հանդուժելու այս իրավիճակը»: Էրդողանը կոչ էր արել մահմեդական երկրներին միավորվել Արևմուտքի դեմ պայքարում:

Նման հռետորաբանություն գործածող երկրի հետ ԵՄ-ն խոստանում է վերսկսել անդամակցության բանակցությունները։ Բանակցել և գումար հատկացնել, որպեսզի Անկարան չաջակցի ԻՊ-ի կայացմանը։ Բայց սա միակ առաջադրանքը չէ։ 

Իսլամականներին աջակցություն չտալու առումով Անկարայի կողմից կատարվող շրջադարձի նախանշանները դեռևս գետնի վրա չեն առարկայացել։ Մնացյալը` անդամակցության բանակցությունների վերսկսման հետ կապված, պարզապես պատժամիջոցների ենթակա Մոսկվայի հետ Անկարայի համագործակցության դռները միտված են նեղացնելու։ Մանավանդ, որ հազիվ ավարտած Պուտինի հանդիպումները Էրդողանի հետ, ԵՄ-ի պատվիրակները հասան Անկարա և սկսեցին բանակցել Արեւմուտքի դեմ պատերազմի հայտարարության համազոր հռետորաբանությամբ հանդես եկող Էրդողանի հետ։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
708 reads | 11.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com