ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս








Վերջին շրջանում Ռուս-Ամերիկյան հակամարտությունը դարձել է բոլոր ԶԼՄ-ների հիմնական թիրախը: Մամուլը հեղեղված է հակամարտության հետ կապված նորություններով: Բոլորը խոսում են Միացյալ Նահանգների նավթադոլարային քաղաքականության եւ տարատեսակ պատժամիջոցների մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, իսկ Ռուսաստանը, իր հերթին, փորձում է այսպես կոչված գազի քաղաքականություն վարել, որպեսզի որևէ կերպ կարողանա հակադրվել արևմուտքի քաղաքականությանը: Եվ, կարծես թե, ոչ ոք չի անդրադառնում մեկ այլ գերհզոր պետությանը` Չինաստանին, ում չափազանց ձեռնտու է այս իրավիճակը: Սկսենք դեռ հակամարտության սկզբից, երբ 2014-ի գարնանը Չինաստանը ստորագրեց գերշահավետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, ըստ որի Չինաստանը ցածր գներով գնելու է ռուսական գազ, տնտեսելով միլիարդավոր դոլարներ: Նշենք, որ Ռուսաստանը ստիպված գնաց այս քայլին, կանխատեսելով, որ մոտ ապագայում արտաքին շուկայի շատ մեծ սեկտոր է կորցնելու, և չի կարողանալու իրացնել գազը, իսկ Չինաստանը այդ ստեղծված իրավիճակից օգտվեց:

Այժմյան նավթադոլարային քաղաքականությունը ևս մեծ դիվիդենտներ է ապահովում Չինաստանին: Չինաստանը չունի նավթի պաշարներ եւ ստիպված է ձեռք բերել այն արտաքին շուկայից, այդ իսկ պատճառով տվյալ իրադրությունը, երբ նավթի մեկ բարելի արժեքը ընկել է մինչեւ 69,50 դոլար, չափազանց շահավետ է Չինաստանի համար, քանի որ նա կարող է էժան գներով նավթ ձեռք բերել: (Համեմատության համար նշենք, որ 2014-ի հունիս ամսին նավթի մեկ բարելը արժեր մոտավորապես 105 դոլար):

Բացի վերոնշյալ առավելություններից, Չինաստանը կստանա հնարավորություն ավելի մեծ ներդրումային ծրագրեր իրականացնել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, որոնք թույլ կտան նրան «կառավարել» այդ շրջանը: Ստեղծված իրադրությունում Ռուսաստանը ստիպված է իր հայացքը ուղղել դեպի Ասիա` մասնավորապես դեպի Չինաստան, որպեսզի ձեռք բերի այն ապրանքները, որոնք նա ձեռք էր բերում Արևմուտքից, հետևաբար Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը զգալի կմեծանա, ինչը ևս ձեռնտու է Չինաստանին:

Որոշ տնտեսագետների կանխատեսումներով, այս հակամարտության պայմաններում, Չինաստանը 2023-2025թթ. ընկած ժամանակահատվածում իր տնտեսական ցուցանիշներով առաջ կանցնի Միացյալ Նահանգներից, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը փորձում են ներքին խռովություններ ստեղծել Չինաստանի ներսում, մասնավորապես Հոնգ Կոնգում: Սակայն Չինաստանը արդեն կարգավորել է իրադրությունը:

Կարող ենք փաստել, որ ստեղծված իրադրությունից հաղթող է դուրս գալիս Չինաստանը, ում տնտեսությունը և քաղաքականությունը խաղում են հակասությունների վրա և մաքսիմալ օգտվում ստեղծված իրավիճակից:

Վերջում ցանկանում եմ մեջբերել Նապոլեոն Բոնապարտի խոսքերը, ով խորհուրդ էր տալիս չարթնացնել «քնած կարմիր վիշապին» (Չինաստանին), այլապես հետևանքները անդառնալի կլինեն:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1333 reads | 11.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com