ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





Գառնիի տաճարը հպարտությամբ ցույց ենք տալիս օտարերկրացիներին, պարծենում, որ 2000 տարի առաջ հայ ժողովրդի՝ աշխարհի հետ շփումն այնպիսի բարձր մակարդակի էր, որ կարող էր հունա-հռոմեական ոճի տաճար կառուցել, լավն ընդօրինակել և իրենն ավելացնելով՝ զարգացնել սեփականը։ Իսկ եթե մեր հյուրերը պատահաբար հարցնեն, թե Հայաստանը, գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչու է հիմա հայտարարում, թե հաջորդ հարյուրամյակը պատրաստվում է ապրել աշխարհից մեկուսացած, ապա կաշխատենք մեղմել մեր կողմից, թերևս, անզգուշաբար արված նման հայտարարությունը։ 

Անշուշտ, Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ, չի կարող մեկուսանալ համայն աշխարհից և, առաջին հերթին, անմիջական հարևաններից։ Ընդհակառակը, ի տարբերություն շատ ու շատ երկրների, որոնք զարգանում են միանգամայն հանգիստ և կայուն աշխարհաքաղաքական պայմաններում, մենք, ճակատագրի բերումով, հայտնվել ենք Ամերիկա-Ռուսաստան-Եվրոպա-Իրան-Թուրքիա ռազմաքաղաքական-տնտեսական շահերի բախման կիզակետում։ Այս հանգամանքը մեր առջև դնում է արտաքին քաղաքականության կուռ և համապարփակ հայեցակարգ ունենալու հրամայական, որի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը կարող էր մասնակցել Հայաստանի և Սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալը։ Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է դիվանագիտական գործունեության ծրագիր-պլան՝ ժամանակի և տարածության մեջ։ Մեր քաղաքական իրողության պայմաններում ես կառանձնացնեի նաև քարոզչական, հակաքարոզչական և լոբբինգային մեխանիզմների խիստ կարևորությունը, որոնք գրեթե բացակայում են դիվանագիտական ծառայությունում։ Ընդ որում, հայկական դիվանագիտությունը պետք է լինի հետևողական և առավելագույնս ակտիվ։ Այդ են պահանջում այսօր Հայաստանի պետական շահերը։ Այս բոլորի փոխարեն, 1998 թվականից սկսած, մենք ապավինեցինք կոմպլեմենտար քաղաքական գծին։ Ապավինեցինք և անհույս խճճվեցինք գերհզոր ԱՄՆ և ՌԴ երեքհարյուրամյա դիվանագիտական ցանցում։ Այն աստիճան, որ հիմա դժվարանում ենք զանազանել՝ ով է ավելի իրազեկ Ղարաբաղի հիմնահարցին՝ ՌԴ արտգործնախարա՞րը, թե՞ մերը։ 

Երբ չկա հստակ, հետևողական, համադրված և կոլեկտիվ ջանքերով մշակված ծրագրային արտաքին քաղաքականություն, երբ այն լղոզված է, և գայթակղություն կա դիվանագիտությանը պատվաստել մաքիավելիզմի շյուղեր, արդյունքում ստանում ես ձախողումների շղթայական ռեակցիա։
Այսպես, օրինակ՝ ազգովի Հայաստանում և արտերկրում լոբբինգային աշխատանք ենք տանում Ամերիկայի նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին` հավաստիացնելով ժողովրդին, թե հաղթելու դեպքում նա իբր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, տառացիորեն ընտրությունների օրը, երբ մարդ չկար, որ չիմանար, որ Բուշը հաղթում է, մասնակցում ենք Երևանում ամերիկյան դեսպանի կազմակերպած ընտրություն-խաղին և հպարտանում, որ ճնշող մեծամասնությամբ «քվեարկել» ենք մյուսի օգտին (ավելի լավ առիթ դեսպանի համար՝ իմանալ who is who, դժվար է պատկերացնել)։ 

Իսկ երբ ունենք պետքարտուղարի օգնականի կոշտ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, մասսայական փսիխոզով վիճարկում ենք նրա իրավասությունն ու բարոյական կերպարը։ 

Ուկրաինայի պարագայում շտապում ենք շնորհավորել Յանուկովիչին, իսկ հետո ուրախացնում ենք մեր հայրենակիցներին, թե, գիտե՞ք որ, նախկին պրեմիեր Յուլիա Տիմոշենկոյի հայրը հայ է, լեգիտիմ ընտրված Յուշչենկոն ժամանակին զինծառայությունն անցել է «մեր կողմերում», այսօր էլ ներքին գործերի նախարարն է հայ։ (Ինչպիսի բարեպատեհ առիթ հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա վերելքի համար։ Մինչդեռ նման դեպքերում դեսպանն առնվազն հետ է կանչվում)։ 

Ըստ երևույթին, կոմպլեմենտարիզմի հերթական «նվաճումներից» է Սերգեյ Լավրովի ծագման հայտնագործությունը, որի մասին մեր լրատվական միջոցները «իմիջիայլոց» հիշեցնում են ադրբեջանցիներին՝ նրա տարածաշրջանային այցելությունների ժամանակ։ 

Սրանք մեր արտաքին քաղաքականության ընդամենը մի քանի գունատ շտրիխներն են, որոնց ֆոնի վրա առանձնապես փայլատակում են ԵԽԽՎ-ում Աթկինսոնի զեկույցը և դրա շուրջ ծավալված ապակողմնորոշիչ գործունեությունը, երբ սևը ներկայացվում է սպիտակ, և փորձ է արվում հիմարացնել ժողովրդին։ 

Սակայն այս ամենը «մանր վրիպումներ» են, եթե համեմատելու լինենք դեպի Իրաք հայկական զորախմբի «էքսպեդիցիայի» հետ։ Արդյունքում՝ մենք կրկին ոչինչ չշահեցինք, այլ կորցրինք։ Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան ավելի կարծրացրին իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա մեր նկատմամբ արաբական և իսլամական աշխարհն այս հարցում, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը։ Եվ հետո, չէ՞ որ մենք Հայաստանը հայտարարել էինք ողջ հայության հայրենիք։ Երբ ընդունվում էր այդ որոշումը, արդյոք հաշվի առնվո՞ւմ էին Մերձավոր Արևելքի բազմահոծ համայնքների շահերն ու հետագա ճակատագիրը, տարածաշրջանի հայկական եկեղեցիների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքը։ 

Այբբենական ճշմարտություն է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է։ Սա նշանակում է, որ այս երկու կատեգորիաները պարունակում են հավասարազոր արժեքներ, առաջին հերթին` ժողովրդավարական արժեքներ։ Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ժողովրդավարական (չշփոթել ժողովրդական դիվանագիտության հետ), հնարավորինս՝ թափանցիկ, մատչելի և ըմբռնելի հասարակության լայն խավերի համար։ Գոյություն ունեն համազգային գերակայություններ, որոնց նկատմամբ խիստ զգայուն են բոլոր սոցիալական խմբերը։ Հայկական իրականության մեջ այդ գերակայությունները Ղարաբաղի հարցն է և Հայոց ցեղասպանությունը, որոնց շուրջ ընթացող բանակցությունները և գործառույթները, դիվանագիտության գաղտնապահության թույլատրելիության սահմաններում, պետք է դառնան ժողովրդի սեփականությունը։ Մինչդեռ ղարաբաղյան բանակցությունները (օրինակ՝ Գոբլի ծրագիրը Մեղրու վերաբերյալ) մնացին գուշակումների և շահարկումների շրջանակներում։ Սա վտանգավոր դիվանագիտություն է՝ վտանգավոր հեռանկարներով։ 

Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը և նրա ղեկավարին։ Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում։ Դրանք համակարգային արատների հետևանք են, որոնք հնարավոր կլինի շտկել՝ XXI դարի համամարդկային և դեմոկրատական արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1389 reads | 02.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com