ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Նոյեմբերի 6-ից Արցախում տեղի ունեցող լայնածավալ զորավարժությանը մասնակցում է մոտ 47.000 զինծառայող հայկական երկու հանրապետություններից: «Միասնություն-2014» անունը կրող վարժանքը կողքից դիտող և մինչև ատամները զինված ադրբեջանցիները հավանաբար չդիմացան լարվածությանն ու դիմեցին սադրանքի: Ուսումնավարժական թռիչքի ժամանակ նոյեմբերի 12-ի 13:45-ին սահմանին մոտ խփվել է Արցախի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ՝ անձնակազմի 3 անդամով: Տեղեկությունը դեպքից րոպեներ անց հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ներկայացվելով որպես սահմանի խախտում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը այլ բան էր ասում:

«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է եղել, որը հանգեցրել է իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ եւ իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել»,-հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ նշելով, թե հայկական ռազմական ուղղաթիռը ոչ թե խախտել է սահմանը, այլ առաջին գծից 500 մետր հեռավորությունից հարձակման կուրս է վերցրել ու փորձել կրակել Ադրբեջանի դիրքերի վրա: Հենց դա է իբրև եղել պատճառը, որ նրանց հակաօդային ուժերը ոչնչացրել են ՄԻ-24-ը: Արդեն գիշերը ադրբեջանցիները տեսանյութ տարածեցին՝ ցույց տալով, թե ինչպես են կործանում հայկական ուղղաթիռը: 

Ուշադրություն դարձրեք, ադրբեջանցի սահմանապահները առաջին գծից են կրակում ՄԻ-24-ի վրա: Երևում է նաև, որ մեր ուղղաթիռները շարժվել են ոչ թե Ադրբեջանի դիրքերի, այլ հակառակ ուղղությամբ: Այսինքն հերթական անգամ թշնամին թիկունքից է կրակում: Կործանելուց հետո էլ ադրբեջանցիները ինտենսիվ կրակել են հայկական դիրքերի վրա՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին ու օգնել անձնակազմին: Արդեն օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք հայ ռազմական օդաչու՝ լեյտենանտ Ազատ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը: 


Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ «Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»: 

Գրոհի նման որևէ մարտավարական թռիչք ցույց չի տալիս նույնիսկ ադրբեջանցիների նկարած տեսանյութը: Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից սադրանքի ենթարկվելու և կորուստ ունենալու դեպքում հայտարարվում է արտակարգ վիճակ, երբեմն լայնածավալ պատասխան ռազմական գործողություններ: Այդպիսի վտանգը կանխելու համար միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի հետևից հայտարարություններ արեցին՝ դատապարտելով հրադադարի խախտումը: Եվրամիությունը կոչ արեց հետաքննել դեպքը և պատժել մեղավորներին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դատապարտեց, իսկ Մինսկի խմբի համանախագահները մտահոգվեցին, որ սահմանին վիճակը լարված է, և ամեն պահ կարող է վերսկսվել պատերազմը: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց. 
«Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդպիսի հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը»: 

Իրադարձությունները սրընթաց կերպով սկսեցին զարգանալ նոյեմբերի 13-ի առավոտից, երբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը ոչ թռիչքային գոտի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը զգուշացրեց չթռչել Արցախի օդային տարածքով: Ի՞նչ կանի հայկական կողմը, դեռևս հայտնի չէ, բայց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է՝ ադրբեջանական կողմի համար սրա հետևանքները շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: 2014-ի ամռանը սադրանքից հետո այդպիսի դաս ադրբեջանցիները ստացան՝ տալով մի քանի տասնյակ մարդկային կորուստ:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
637 reads | 13.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com