ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌՎԱ ՎՏԱՆԳԻՑ
Ուկրաինան ոչ ոքի ոչինչ չի զիջի և ոչինչ չի վճարի՝ հանուն եվրոպական կողմնորոշման: Ուկրաինան այլևս չի հավատա խոստումների և ամեն ինչ կանի իր անվտանգության ու տարածքային ամբողջության համար: Հոկտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը՝ հիշեցնելով Խորհրդային միության փլուզումից հետո միջուկային զենքից Կիևի հրաժարվելու դեպքը, երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը երաշխավորում էին այդ երկրի անվտանգությունը, բայց հետո բոլոր խոստումները մնացին օդում կախված: Այսօր զիջումների չի գնա նույնիսկ գազային սպառնալիքների դեպքում:

«Գազի գնի վերաբերյալ բանակցության արդյունքները պետք է ձեռնտու լինեն բոլոր կողմերին: Խոսել Ռուսաստանի ձմեռային, աշնանային կամ այլ եղանակային սպառնալիքների մասին, սխալ է, որովհետև մենք տնտեսական ճնշումների պատճառով չենք կարող գնալ զիջումների»,-նշել է դեսպան Իվան Կուխտան:

Միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ օրերս արված հայտարարությանը, թե Ռուսաստանը կոնկրետ սպառնալիք է Ուկրաինայի գոյությանը և պետք է մեծ փողեր ծախսել այդ երկրի պահպանության համար, Իվան Կուխտան պատասխանել է՝ Սորոսի անհանգստության հիմքերի մասին երևի միայն նա կիմանա: Ռուսաստանն առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունը: Կրեմլի հետ բանակցությունը պետք է շարունակել, որովհետև հարևանների հետ պետք է կարողանալ համերաշխ լինել. «Ուկրաինան ընտրել է եվրոպական ուղի, մենք որդեգրում ենք եվրոպական քաղաքական և տնտեսական ստանդարտներ, բայց կողմ ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, որովհետև մենք հարևաններ ենք: Սա բազմաբնակարան շենք չէ, որտեղ կարող ես տունը փոխել ու էլ երբեք չտեսնել հարևանիդ: Պետք է հարևանների հետ համերաշխ լինել, և մենք ձգտում ենք այդ նպատակին»:

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը Իվան Կուխտան համարել է սպասված: Հաղթեցին վարչապետի և նախագահի գլխավորած երկու կուսակցությունները, որոնք էլ հավանաբար կկազմեն կոալիցիոն կառավարություն՝ եվրոպական հստակ ծրագրերով: Չնայած քվեարկություն չի եղել Ղրիմում և ուկրաինական բանակի հսկողությունից դուրս տարածքներում, բայց դեսպանը ընտրությունը անվանել է օրինական: Փոխարենը օրինական չի համարել Երևան-Սիմֆերոպոլ հնարավոր ավիաչվերթը: Դրա մասին Հայաստանն ու Ուկրաինան պաշտոնապես դեռևս չեն խոսել:

DIPLOMAT.AM
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
681 reads | 29.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com