ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ. ՋՈՐՋ ՍՈՐՈՍ
Ամերիկացի ֆինանսիստ միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվոպայի գոյությանը և նախազգուշացնում է Արևմուտքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կուլիսների հետևում համաձայնագրեր չկնքել, որոնք նրան ազատություն կտան գործելու Ուկրաինայում կամ նախկին Խորհրդային Միության այլ շրջաններում: 

«Ռուսաստանը Եվրոպային մարտահրավեր է նետել, որը սպառնում է վերջինիս գոյությանը,- գրում է Սորոսը New York Review of Books-ում հրապարակված հոդվածում:- Ոչ եվրոպացի առաջնորդները, ոչ այդ երկրների քաղաքացիներն ամբողջությամբ չեն գիտակցում այս խնդիրն ու չգիտեն՝ ինչպես այն հաղթահարել»: 

Սորոսը կարծում է, որ Պուտինը կսպասի Գերագույն ռադայի ընտրությունների ավարտին, ինչից հետո Ուկրաինայի նախագահին կառաջարկի գազային պայմանագիր ու այլ գրավիչ առավելություններ, սակայն պայմանով, որ Պորոշենկոն վարչապետ նշանակի Պուտինի համար ընդունելի մեկին: 

Համաձայն հեղինակի` սա բացառում է վարչապետի պաշտոնին ցանկացած մեկի նշանակումը, ում անունն ասոցացվում է Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը հասած ուժերի հաղթանակի հետ: 

«Ըստ իս` քիչ հավանական է, որ Պորոշենկոն նման առաջարկ ընդունի,- շարունակում է Սորոսը: – Սակայն դրանից հետո Պուտինը կկարողանա կրկին վերադառնալ ավելի փոքր չափերի հաղթանակի մտքին, որին նա դեռևս կարող է հասնել. դա մինչ ձմեռ ուժի միջոցով Ռուսաստանը Ղրիմին ու Մերձդնեստրին միացնող ցամաքային ճանապարհի ստեղծումն է: Կամ էլ նա կարող է նստել բազմոցին ու սպասել Ուկրաինայի ֆինանսատնտեսական աղետին»: 

Սորոսը կասկածում է, որ Պուտինը դիտարկում է նաև մեծ գործարքի կնքման հնարավորությունը, որի շրջանակում ՌԴ-ն կօգնի ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում, օրինակ` հրաժարվելով Սիրիային խոստացված С-300 հրթիռների մատակարարումից: Այդ դեպքում ԱՄՆ-ն կպահպանի օդում իր գերիշխանությունը, իսկ Ռուսաստանին կթույլատրվի հարևան երկրներում իր հայեցողությամբ գործել: 

«Սակայն ինչն էլ ավելի վատ է, այն է, որ նախագահ Օբաման կարող է նման որոշում ընդունել,- նշում է Սորոսը: -Սա ողբերգական սխալ կլինի` հեռուն գնացող աշխարհաքաղաքական հետևանքներով»: 

Սորոսը նշում է, որ Ուկրաինայի կորուստը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար «հսկայական» կլինի: 

«Հաղթանակած Ռուսաստանը շատ ավելի ազդեցիկ կլինի ԵՄ շրջանակներում ու պոտենցիալ սպառնալիք կդառնա մեծաքանակ ռուսալեզու բնակչությամբ Բալթյան երկրների համար,- զգուշացնում է Սորոսը:- Ուկրաինային աջակցելու փոխարեն ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պաշտպանել ինքն իրեն իր սեփական տարածքում: Սա ՌԴ հետ անմիջական ռազմական հակամարտության մեջ մտնելու վտանգ է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, ինչից այդ երկրներն այդքան ուզում են խուսափել: Եվրամիությունը կդառնա էլ ավելի պառակտված ու անկառավարելի»: 

Տաթև Ֆռանգյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1064 reads | 28.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com