ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԷԼ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿ ՏԱԼ, ՈՐ ՈՒՇՔԻ ԳԱ ՄԵՐ ՔԱՅԼԻՑ ՀԵՏՈ․ ԴԵՍՊԱՆ
Հայաստանում պաշտոնական այցի շրջանակներում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, անդրադարձ կատարելով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, նշել է, թե Եվրամիությունում Հայաստանի մասին չեն մոռացել։ Արտգործնախարարի խոսքով իրենք հարգում են Հայաստանի ընտրած արտաքին քաղաքական ուղին։ 

Հայ-ռուս սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այս հարցի առնչությամբ տեսակետ հայտնեց, թե նման հայտարարությամբ հանդես է եկել ոչ միայն Գերմանիայի արտգործնախարարը․ նույն բանն ասել է նաև դեսպան Անրի Ռենոն գնալուց առաջ, նույն բանի մասին խոսել է Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև իրանցիները։ 

«Սա նորից գալիս է ասելու, որ այն պանիկան, որի մեջ ընկել են ԵՏՄ-ի օպոնենտները, ավելի էմոցիոնալ է, այսինքն դա ես համարում եմ պոռթկումներ, քան լուրջ և հանգիստ հաշվարկների վրա արված հայտարարություններ։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ մեր դիվանագիտական միտքը, քաղաքական կուլտուրայի հետ կապված խնդիրները, ռուսի ասած, «оставляет желать лучшего»»,- նշեց Արման Նավասարդյանը։  Ըստ նրա՝ այդ դրության մեջ, որ այսօր մենք ենք հայտնվել ռուսների հետ նույն նավակում, պետք է գոնե կարողանանք պահն օգտագործել, ինչպես նման իրադրություններում խելացի դիվանագետներն են անում։ 

«Պետք է ընտրել ֆորմուլաներ՝ գործողության ճիշտ մտածելակերպ, որպեսզի այն, ինչը մեզ վնաս է, դառնա օգտակար ֆակտոր։ Այստեղ հնարավոր է օգտագործել միջնորդական առաքելությունը, որը փոքր պետությունների կարևոր քաղաքական և դիվանագիտական հնարքներից է։ Մենք հիմա 3 միլիոնով հայտնվում ենք 17 միլիոնանոց շուկայի առաջ: Հիմա ի՞նչ, մազերս փետե՞նք, որ Եվրոպայի մեջ մտնեինք, ավելի լավ կլիներ, քան սա կամ մեկ այլ բան․ ոչ, մենք կարող ենք, ինչպես իրանցիներն են առաջարկում, կարող ենք կապ, միջնորդ հանդիսանալ, ինչը փոքր պետությունների դիվանագիտական լավագույն միջոցներից մեկն է, մենք դա օգտագործենք մեր օգտին. դառնանք Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ՝ կապող օղակ»: 

«Արևմուտքին էլ, ըստ երևույթին, պետք է ժամանակ տալ, որ ուշքի գա մեր քայլից հետո։ Բայց այն, որ ասում են, թե տրագեդիա է և պետք է լինի աշխարհի վերջը, ծիաղելի է պարզապես։ Եթե մենք այսքան ժամանակ խոսում ենք մեր դիվանագիտական պարտություններից, կարծում եմ, որ ինչ որ կատարվեց, ամեն դեպքում ճիշտ քայլ էր։ Խոսքն, իհարկե, հարցի այլ ասպեկտների մասին է՝ անվտանգությունը»,-եզրափակեց Նավասարդյանը։ 

Զառա Ղազարյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
615 reads | 27.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com