Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԻՐԱՑ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՓՅՈՒՌՔ
ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ









Դեռեւս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 6-ին ի լուր աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է եւ՝ քրիստոնյա ու գերազանցապես իսլամ ընդունած, եւ որ իր «հայրենակիցները» հիմնականում հարեւան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, եւ որ Վրաստանը պատրաստվում է նրանց տրամադրել քաղաքացիություն:

Զավեշտալի է, որ այս ջանում են պաշտոնականացնել:

Տեղին է այս առթիվ անդրադառնալ հայերի ու վրացիների ամենամոտավոր թվակազմին, բերելով հիմնավոր, անգամ մտացածին տվյալներ, եզրակացությունը թողնելով ընթերցողներին, թեև հարկ է հիշեցնել, որ վրացիների թվակազմը մշտապես ուռճացվել է, եւ դա ունեցել է ծրագրված ու «հիմնավորված» նախապատմություն:

Վրաց էթնիկական հավակնությունների վերաբերյալ ստորեւ…

Իսկ հայության վերաբերյալ կարծիքները համընկնում են մեր բնակչության ծնելիության եւ մահվան, իրական ու անաչառ հաշվարկների, եւ նրանց աճի գործակցի տվյալներին: Համաձայն ամենամոտավոր ու ամենահամեստ տվյալների, հայության թիվն աշխարհում կազմում է 11-13 մլն, չհաշված կիսաքրդացած, կիսաթուրքացած, ինչպես նաեւ իսլամացած` 2-3մլն. համշենահայությանը, որոնց նախնյաց հոգու կանչը ներկայումս Թուրքիայում հաճախ իրեն զգացնել է տալիս ամսաթերթի պարբերաբար ներկայացվող տվյալներն ու խմբագիր Սերգեյ Վարդանյանի վերլուծությունները:

Տեղին է հիշել նաև, որ մշտապես հայության թվակազմը դիտավորյալ նվազեցվել է. և առայսօր ջանում են այն պարտադրել՝ թե́ սփյուռքին, թե́ մեզ՝ այստեղ (նախկին ԽՍՀՄ-ում և ներկա ԱՊՀ-ում), որպեսզի հայությունն իր թվակազմի վերաբերյալ տարակարծիք լինի, հստակություն չունենա միավորվելու հարցում և Հայաստանը բնակեցնելու՝ բնակչությամբ համալրելու, ինչպես նաեւ հագեցնելու առումով երազազերծ լինի: Իսկ դա որդեգրվել ու պաշտոնականացվել էր դեռեւս ԽՍՀՄ-ում: Նվազեցվել է նաեւ Հայրենական կոչված պատերազմին մասնակցած հայության թվակազմը՝ քողարկելու համար ՝ ‎‎ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայության ունեցած վաստակը:

Մոռացության գիրկն ընկած, հազվադեպ են լուսաբանվում պատմական կարևորագույն իրողություններ: Այսպես, ԽՍՀՄ-ի հայ արական բնակչության ավելի քան մեկ երրորդը՝ 650.000 (մեծ մասն անօրինաբար) քշվել էր ռազմաճակատ և կռվում էր ճակատային ամենավտանգավոր հատվածներում, այդ թվում՝ Բեռլինի կենտրոնական փողոցներում: Ի դեպ, խորհրդային ազգային դիվիզիաներից հենց միայն հայկական 89-րդին էր պատիվ վերապահվել մասնակցելու Բեռլինի գրավմանը և նրան պարտադրել էին ամեն քայլափոխի, անթիվ ու անհամար զոհերի գնով, հասնելու Բրանդեսբուրգյան դարպասներին, որի պատերին մինչև վերջերս պահպանված հայատառ հայանուն գրություններն այդտեղ նրանց հերոսական ներկայության վկայություններն էին:

Չմոռանանք, որ զույգ վրացական և զույգ Ադրբեջանական ազգային դիվիզիաները պատերազմի սկզբից ի վեր գտնվել են չպատերազմող Իրանի տարածքում, հիմնականում զբաղված լինելով եղնիկի, ինչպես նաև իսլամական այդ երկրում արգելված վարազի որսագողությամբ:

Պատմական այս փաստերը հանրությանը ներկայացվում են ոչ այնքան ժամանակին ավերներ գործած հայատյացությունն օբյեկտիվորեն քննադատելու, որքան վատաբանելու, փնովելու և քարը քարի վրա չթողնելու համար չարության կայսրություն կոչված խորհրդային-համայնավարական ողջ համակարգը:

Հիշում եմ 1981թ. Երեւանում (Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում) հրավիրվեց սփյուռք ունեցող հանրապետությունների խորհրդաժողով, որտեղ հաշվետվությամբ հանդես եկան այդ կառույցների ղեկավարները. ճշտվեցին արտերկրում հայրենակիցների թվաքանակը, որից էլ կախված էր լինելու նրանց առաջիկա և շարունակական ֆինանսավորումը` Մոսկվայից: Բոլոր այդ կառույցները ընկերությունները էին (առավել նվազ կառույց) եւ բոլորի գործունեության ծավալը` միասին վերցրած, մեր կապի կոմիտեին չէին հասնի: Սակայն հետաքրքրական է եւ ուշադրության արժանի տարօրինակ մի դրվագ: Եթե Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտի մի գիտաշխատող խոսում էր սփյուռքահայության թվակազմի մասին, խիստ նվազ՝ 6.5-7մլն., չգիտեմ պարտադրված, թե ոչ, այնինչ՝ Վրաստանի ընկերւթյան ղեկավար պրոֆեսոր Օթար Տղինելիշվիլին հանդես եկավ ցինիկ ու ինքնավստահ մի հայտարարությամբ, որ Թուրքիայի տարածքում բնակվում են 6-6.5մլն. վրացիներ: Ոչ ոք բացատրություն ու ապացույցներ չպահանջեց: Առանձնազրույցի ժամանակ իմ հարցին, թե թիվը կարո՞ղ է հավելյալ 3 զրոյի սխալմունք ունի, նա տիպիկ արեւելյան՝ կեղծ բարեկամական ժպիտը դեմքին «պարզաբանեց», որ Թուրքիայում նրանց լազեր կամ ճաներ են անվանում, որոնք վրացիներ են, բայց իրենք չգիտեն, որ վրացի են, եւ իրենց ընկերության հիմնական առաքելությունն ունենալու է՝ նրանց ազգային դարձի բերելու ուղղվածություն: Ես ապշել էի եւ ասացի, որ մարքսլենինյան բնորոշմանը չի համապատասխանում նրա «տեսությունը»: Նա էլ, թե՝ «երիտասարդ ես, կհմտանաս պատմագիտության եւ վիրագիտության մեջ եւ կընկալես ճշմարտությունը»:
Թող զարմանալի չթվա, որ արտասահմանում վրացիների գոյության մասին նրա «թեզը» պաշտոնականացվեց:

Դեռեւս Վրաստանի առաջին նախագահ Զվիադի Գամսախուրդիայի օրոք լայն տարածում գտավ այն «հայեցակարգը», որ իբր Վրաստանի հայերը ծագումով վրացիներ են (եւ նրանք չգիտեն, որ վրացիներ են), և որ ժամանակին հայ առաքելական եկեղեցին է նրանց հայացրել: Ուրեմն` Վրաստանի հայկական եկեղեցիներն էլ վրացական են եղել եւ հետո հայացվել են:

Հենց նրա հանձնարարությամբ Վրաստանի Ազգային Ակադեմիայի Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում ստեղծվեց «գիտական» կոչված մի խումբ, որը պատրաստակամորեն, մի քանի օրվա ընթացքում, հայ կոչված անձանց, ազգանվան հիման վրա` նրանց դիմում-խնդրանքին «ընդառաջ»՝ «հստակորեն» տալիս էր այդ մարդկանց ինքնության մանրամասները՝ պատկանելիությունը վրաց էթնոսին, ծննդավայրը, նախնական ազգանունը և այլն:
Ֆաշիստական այս գործելակերպին ճարահատյալ զոհ գնացին մի քանի տասնյակ հազար անսկզբունք մարդիկ ու գրչի մի հարվածով դարձան վրացի:
Ինչո՞վ են սրանք տարբերվում թուրքերից:

Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոյանը ժամանակին ժխտում ու փնովում էր ազգային գաղափարախոսությունը Հայաստանում, մինչդեռ վրացիք, դեռեւս խորհրդային տարիներին, ունեին իրենց «ընդհատակյա» գաղափարախոսությունը, որով ե́ւ նախկինում, ե́ւ այսօր կլանում են այլազգիներին` հիմնականում հափշտակելով հայոց գենետիկ եւ մշակույթային արժեքները:

Պարզից էլ պարզ է, որ Սաակաշվիլու արկածաբնույթ հայտարարությունը, ամենաբարեկամ Թուրքիայում, բնավ պատահական չէ: Դա այն լազ կամ ճան կոչված ժողովուրդն է, որը թեեւ ունի սեփական լեզու՝ մի քանի բարբառներով, էթնիկական ուրույն կազմ, վրացականից տարբերվող յուրահատուկ կենցաղ եւ իր ազգին բնորոշ անկապտելի այլ հատկանիշեր, թյուրագրվում եւ հաստատագրվում է որպես վրացի:

Բայց, ինչպես ծրագրում էր վերոնշյալ պրոֆեսորը, նրանք արդեն վրացի են եւ 32 տարվա ընթացքում 6-6.5-ից դարձել են 10մլն, իսկ Վրաստանն էլ հետը` 15 միլիոն, այնինչ մերը, որ 1981թ. «տվյալներով» հազիվ 6.5-7մլն. էր, պարզվում է բնավ աճ չի էլ ունեցել: Հարկ է իրազեկել, որ խորհրդային քանդաբազարից հետո Վրաստանից եւս հեռացել է 1-1.5մլն. հիմնականում անբարեհույս ոչ վրացի, բայցեւ` ոչ ադրբեջանցի, այլ՝ հայ, հույն, ասորի, հրեա եւ այլն:

Կուզեի սոսկ ավելացնել, որ Վրաստանի Հանրապետության հիմնական ազգաբնակչությունը կազմող վրացի ազգը, ժողովուրդների կոնգլոմետատ է (4.5մլն), բաղկացած էթնիկ մի քանի միավորներից` մեգրել, սվան և այլն, որոնք թեեւ գիր չունեն, վրացիների պես իբերա-կովկասյան կոչված լեզվընտանիքի մաս են կազմում, լեզվամտածողությամբ բավականին հեռու գտնվելով միմյանցից: Բայց նրանց էլ են արդեն «վրացի դարձրել»:

Սույն բացահայտումները վկայում են, որ վրացիք, իրենց արեւելյան հարեւանների նման, դեռեւս ազգաստեղծման բավիղներում են:

Հետեւելով վրացական տրամաբանությանը, հայերս կարո՞ղ ենք պարզաբանել, թե ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, աշխարհում պահանջատեր քանի հայ է մնացել:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
900 reads | 14.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com