ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ՄԱԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների մեծ մասը Թուրքիա տեղափոխելու որոշումը շարունակում է անհանգստացնել հայկական կողմին: Չնայած մեր արտգործնախարարությունը պաշտոնապես ոչ մի դժգոհություն չի հայտնել, բայց 1000-ից ավելի հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ նշելով բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, եթե Թուրքիան դառնա միջազգային կազմակերպության կենտրոնակայաններից մեկը:

Սլովակիա, Կիպրոս, հիմա նաև Հայաստան: Այս պետություններին կապում է թուրքական ձգտումների դեմ պայքարելու ընդհանուր ճակատը, սակայն եթե եվրոպական երկու երկրները աշխատում են պետական մակարդակով, Հայաստանի պարագայում, արտգործնախարարության խոսքով, չի կարելի խախտել արարողակարգը և ՄԱԿ-ի համընդհանուր սկզբունքները: Հասարակական կազմակերպությունների այս ներկայացուցիչները Հանրային խորհրդի հետ ստիպված են սեփական միջոցներով հանդես գալ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Ստամբուլ տեղափոխելու որոշման դեմ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ասում է, որ «Մեր անհանգստությունները դեռ չեն փարատվել, մենք գտնում ենք, որ չի կարելի այդ գրասենյակները տեղափոխել Թուրքիա: Մենք շեշտել ենք, որ դրանով խաթարվելու են Հայաստանի և միաժամանակ այլ երկրների հարաբերությունները ՄԱԿ-ի կառույցների հետ»:

ՄԱԿ-ի պաշտոնական պատասխանում նշվում է ֆինանսական խնդիրը՝ որոնք պատրաստ է իր վրա է վերցնել Թուրքիան: Հայ մասնագետները շեշտում են մարդու և պետությունների իրավունքների վրա հիմնված միջազգային կազմակերպության սկզբունքները, որոնք գերակայություն ունեն ֆինանսական և տիրապետած այլ ռեսուրսների նկատմամբ: Հրանուշ Խառատյանի խոսքով, ՄԱԿ-ը այսօր ավելի շուտ վերածվում է խոշոր ներդրողների քաղաքական պատվեր կատարելու հարթակ:
«Թուրքիան բավական շռայլ է, հաշվի առնելով, որ իր առաջիկա բազմաթիվ ծրագրերում հաճախ պետք է կարիք ունենա ՄԱԿ-ի օժանդակությանը»,-նշում է Խառատյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, «այն, որ Թուրքիան ձգտում է Ստամբուլը դարձնել աշխարհի մայրաքաղաքներից մեկը, գաղտնիք չէ, և այն, որ Թուրքիան եղել և մնում է մարդու իրավունքները խախտող պետություններից ամենաակտիվը, նույնպես հայտնի է»:

Կիպրա-սլովակյան պետական և հայկական ընդամենը հասարակական պայքարի շնորհիվ ՄԱԿ-ի ղեկավարությունը կրկին քննարկման է դրել տարածաշրջանային գրասենյակները Թուրքիա տեղափոխելու նպատակահարմարությունը: Թուրքիայի արտգործնախարարն ու վարչապետը հայտարարել են առաջարկների նոր փաթեթի մասին:

Նաիրի Հոխիկյան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1056 reads | 16.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com