ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ
Օրերս Թուրքիայում գտնվող «Իրաքի և Լևանտի Իսլամական Հանրապետության» (ISIL) խմբավորումները, որոնք ենթարկվում են «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական օղակին, Թուրքիայի վարչապես Ռեջեփ Էրդողանին սպառնացել էին ահաբեկչական նոր գործողություններ ծավալել Ստամբուլում և Անկարայում, եթե վերջինս մինչ հոկտեմբերի 7-ը չբացի թուրք-սիրիական անցակետերը, որոնք փակվել էին իսլամիստների կողմից Ազազ քաղաքը հսկողության տակ վերցնելուց հետո:

Ըստ ռուսական REGNUM պարբերականի՝ կարիք չկա կասկածելու խմբավորումների նման սպառնալիքներին, քանի որ նրանց ահաբեկչական գործողությունների պատճառով այս տարվա մայիսին թուրքական Ռեյխանլի քաղաքում զոհվեց 53 և վիրավորվեց 100 մարդ:

Մինչդեռ թուրքական կառավարությունը «բարեկամություն» է անում Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների հետ, որոնք հանդես են գալիս Սիրիայի ազգային կոալիցիայի ներքո նախագահ Ասադի դեմ, որտեղ հիմնական ռազմական թևն է Սիրիայի ազատագրական բանակը: Այս խմբավորումների շտաբները Անկարայում են: Հետաքրքիր է՝ ում է աջակցելու Անկարան այն դեպքում, երբ Սիրիայի ազգային կոալիցիայի ենթակայությունից դուրս գալու միտում ունեն արդեն 10 խմբավորումներ: 

Դժվար թե մինչև հոկտեմբերի 7-ը Էրդողանը բավարարի ISIL-ի պահանջները:

Հետևաբար, Թուրքիան կանգնած է ահաբեկչական մեծ գործողությոնների կենտրոն դառնալու վտանգի առջև: Այս ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ով, ի տարբերություն Էրդողանի «ամբիցիոզ» բնավորության, ավելի հավասարակշռված է թվում, ամերիկյան The Washington Post թերթում հարցազրույց է տալիս: 

Այսպես օրինակ. նա նկատում է, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումը, ըստ էության, խնդրի լուծում չէ, քանի որ, եթե «գործը թողնել բախտի քմահաճույքին, այսինքն՝ վերահսկողություն չսահմանել, վտանգ կա, որ Միջերկրական ծովի ափերում կլինի այն, ինչ եղավ Աֆղանստանում»: (Ըստ REGNUM պարբերականի՝ իսլամիստների իշխանության գալը ավելի բարդ հետևանքներ կունենա, քան Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանությանը գալը, այն բանից հետո, երբ երկրից դուրս եկան միջազգային կոալիցիոն ուժերը):

Մինչդեռ Գյուլը նշում է, որ սիրիական ապստաբները ռազմամթերքի կարիք ունեն, որը, ի հեճուկս ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաների մտավախությունների, ծայրահեղականների ձեռքում չի կարող հայտնվել, քանի որ Սիրիայում ծայրահեղականներ չկան:

Հարց է առաջանում. այս դեպքում ի՞նչ «աֆղանիզացիայի» մասին է խոսքը կամ ո՞վ է Թուրքիային սպառնում ահաբեկչական գործողություններով: Ինչևէ, այս հարցի պատասխանը թուրք պաշտոնյան դեռևս չունի:

Ինչպես ասում են՝ «փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ»: Անկարան իր վրա վերցնելով «առաջինը հանդես գալու» դերը՝ իր ներդրումն ունեցավ Դամասկոսում իրավիճակի սրման մեջ:

Այժմ սառեցված է նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամագրման գործընթացը և, ամենայն հավանականությամբ, կողմերը հարցում համաձայնության են եկել, ու մոտ ապագայում զարգացումներ այս գործընթացում չեն սպասվում:

Պակաս լարված չեն Թուրքիայի հարաբերությունները նաև ԱՄՆ-ի և Իսրայելի հետ:

Ինչի սա կհանգեցնի՞: Թուրքիայում վերջերս արձանագրված տնտեսական զարգացման ցածր ցուցանիշը վկայում է, որ անխուսափելի կլինեն աճող զանգվածային ցույցերը: Այս ամենին գումարած՝ Սիրիայի փախստականները, որոնց թիվն ավելանում է, ու քրդերի հարցը: Այս ֆոնի վրա արմատական իսլամիստների ցանկությունը՝ Թուրքիայի տարածքում իրականացնել ահաբեկչական գործողություններ, կարող է լայնածավալ մեծ ցնցումների պատճառ դառնալ՝ ավելի մեծ, քան կարող է թվալ սիրիական ճգնաժամը:

Իսկ հետևանքներն անդառնալի կլինեն ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքի, Անդրկովկասի, Հարավային Եվրոպայի համար:

Իրավիճակը գնալով նմանվում է նախորդ դարաշրջանի 30-40-ականներին, երբ տասնյակ պետություններ ընկան նացիստական օկուպացիայի և ֆաշիստական ռազմատենչ առանցքի՝ Բեռլին-Հռոմ-Տոկիո, ազդեցության տակ: Սակայն այդ ժամանակ Արևմուտքի ժողովրդավարությունները գործադրում էին ամեն ջանք՝ համոզելու Հիտլերին և Մուսոլինիին խաղաղություն սահմանելու, որը վերջիններիս կողմից դիտվում էր իբրև «թուլության» նշան:

Արդյունքում՝ ֆաշիզմի պրակտիկան մարդկությանը արժեցավ 50 միլիոն կյանք և հանգեցրեց բազմահազար նյութական կորուստերի:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1435 reads | 03.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com