ԹԵ ԻՆՉՈՒ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ ԱՆՀԱՎԱՍԱՐԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է արցախյան հակամարտության վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մրցավազքին, ռազմական հռետորաբանությանը և գերտերությունների հետ գործակցությանը:

Խաղաղության և հակամարտությունների օբյեկտիվ լուծման առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպության զեկույցում, սակայն, նույն հարթությունում են դիտվել այնպիսի հարցեր, ինչպես Ռամիլ Սաֆարովի հերոսացումն ու Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Անզեն աչքով նկատելի է, որ փորձ է արվում հավասարության նշան դնել երկու երկրների նպատակների և իրագործած ծրագրերի միջև, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանը անթաքույց ագրեսիա է քարոզում, ինչը համառորեն անտեսում են միջազգային դիտորդները:

Ռիսկերի սեզոն Հայաստանի ու Ադրբեջանի համար: Այսպես է վերնագրել իր արտակարգ զեկույցը Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան մասնաճյուղը: Մտահոգվելով, որ մեր ռեգիոնում ավելի հաճախ են սկսել օգտագործվել «կայծակնային պատերազմ», «նախազգուշական հարված», «համարժեք պատասխան» տերմինները, ճգնաժամային խմբի անդամները շեշտել են, որ արցախյան զինված հակամարտությունը հաստատուն քայլերով մտել է գերբարձր զգայունության փուլ, ինչը նշանակում է, որ երկրորդ պատերազմը սարերի հետևում չէ:

«Խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել 2011թ., և երկու պետությունների միջև սկսվել է սպառազինման մրցավազք ու ավելացել է կոշտ հռետորաբանությունը: Մեծ թվով միջադեպեր են տեղի ունենում շփման գծում, այդ թվում նաև հակամարտության բուն կետից՝ Լեռնային Ղարաբաղից հեռու։ Լինում են սադրիչ բնույթի գործողություններ, ինչպես Բաքվի կողմից հայազգի սպային կացնահարած ադրբեջանցուն ներում շնորհելը և Երևանի այն հայտարարությունը, թե ԼՂ-ում վերաբացվելու է օդանավակայանն ու իրականացվելու են ֆիքսված չվերթներ»,-նշված է զեկույցում:

Փաստորեն միջազգային խմբի գնահատմամբ, դաժան մարդասպանությունն ու քաղաքացիական անձանց տեղափոխելը նույն արժեքներն են, իսկ խաղաղ նպատակներով օդանավակայան շահագործելը ոչ այլ ինչ է, քան սադրանք:

Ճգնաժամային խումբը, չգիտես ինչու, չի մատնանշում վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ու ԼՂՀ սահմանին տեղակայված մասսայական ոչնչացման «Սմերչ» զինատեսակները, որոնց թիրախ են ընտրված արցախահայ խաղաղ բնակիչները, մինչդեռ «Միջազգային դիվանագիտությունը պետք է կարևորի «հանգիստ շրջանի» հաստատումը, որի ընթացքում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն կոշտ հռետորաբանությունը։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է միջազգային մակարդակի լուրջ միջամտություն, որը ևս մեկ անգամ կհիշեցնի կողմերին հակամարտության վերսկսման դեպքում հետևանքների մասին»։

Ռուսաստանին կոչ անելով սահմանափակել Հայաստանին ու Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ ճգնաժամային խմբի տարածաշրջանային ծրագրերի նորանշանակ տնօրեն Լոուրենս Շիթսը երկու հարևան իշխանությունների համար կանխատեսում է փորձություններով հարուստ աշուն:

Հոկտեմբերին Իլհամ Ալիևը նախագահ կդառնա երրորդ անգամ, Հայաստանում էլ իշխանությունն ամրապնդած մարդիկ ստիպված կլինեն դիմանալ ընդդիմության ճնշմանը: 

Ազդեցություն կունենա՞ դա արցախյան հակամարտության վրա. ճգնաժամագետները չեն բացահայտում, բայց զեկույցում հատուկ տողով շեշտվում է՝ Հայաստանում անկայուն ներքաղաքական վիճակ է, և պետք է գնալ խելամիտ գործողությունների ճանապարհով: Թե որն է խելամտության, եվրոպական դրամաշնորհներով զիջումների գնալու և նավթի հոտի սահմանը, զեկույցում մնում է անպատասխան: Փաստ է, սակայն, որ սահմանին հայ զինվորին գնդակահարելը, ռազմագերիների նկատմամբ միջազգային կոնվենցիաներով անընդունելի վարքագիծը, Իլհամ Ալիևի մակարդակով ամբողջ հայ ժողովրդին թշնամի համարելն ու ոչնչացնելու սպառնալիքները կարևոր չեն Վրաստանում գործող ճգնաժամային խմբի համար: Ավելի շուտ, ցանկալի չէ այդ մասին հիշելը:

Նաիրի Հոխիկյան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
639 reads | 28.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com