ՍԱՀՄԱՆ, ՊԱՏ ԵՎ ԶՐՈ ԽՆԴԻՐՆԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր







Լրատվամիջոցների հաղորդած այն լրատվությունը, որ Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հավանական։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ։ 

Կարեւորը, ներկա պահին, նման քայլի շարժառիթների վրա կենտրոնանալն է։ 

Առաջադրված սահմանային անցակետի վրա փետրվարի 11-ին պայթել էր ռումբով բեռնված մեքենա։ Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իր գերատեսչությունը արձանագրություն է ստորագրել՝ զինված ուժերի հետ տվյալ ծրագրի իրագործման համար: Նա հավելել է, որ անցակետի աջ և ձախ կողմերին պիտի կառուցվեն արգելափակոցներ՝ պատի և վանդակացանցի տեսքով, ինչպես նաև պիտի տեղադրվեն դիտարկման սարքեր: Նախարարի կարծիքով, այդ ամենը կբարձրացնի տվյալ շրջանի անվտանգության մակարդակը և կնվազեցնի սահմանի ապօրինի հատման դեպքերը: Յազըջըն հայտարարել է, որ ամբողջովին պիտի նորոգվեն սիրիական սահմանի մյուս անցակետերը՝ համալրվելով դիտարկման ժամանակակից սարքերով: 

Մի քանի դիտարժան երեւույթների վրա հարկ է կենտրոնացնել լուսարձակները։ 

Պատի կառուցումը միաժամանակ թե՛ ապահման եւ թե՛ մաքսային նկատառումներով է։ Այստեղ չկան առեւտրի եւ մաքսային խնդիրների վերաբերող վիճակագրական տվյալներ, հատկապես գաղափար կազմելու համար թե ոչ օրինական մուտքերի կամ ստվերային առեւտրի ի՞նչ շրջանառության մասին է խոսքը։ Իսկ ապահովական բաժնի համար խոսվում է ականված մեքենայի մեկ դեպքի մասին։ 

Եթե մի պահ մտածենք, որ պատի կառուցման ծրագիրը հիմնականում ապահովական նկատառումով է, ապա այդ դեպքում հարց է ծագում, որ նման մեծ ծրագրի որոշում մեկ դեպքի պատճառով դժվար թե կայացած լիներ։ 

Պատի կառուցումը անպայման առնչվում է դարձյալ Թուրքիա-Սիրիա սահմանին միջազգային երաշխաւորությամբ մարդասիրական գոտու ստեղծման Անկարայի առաջադրանքին։ Փախստականներ ընդունելու եւ միջազգային հիմնադրամների հոսք ակնկալելով խորքում առաջադրվածը մարդասիրականից աւելի անվտանգության գոտու առաջացումն է, որը հետապնդում է Անկարան։ 

Այս առաջադրանքին զուգահեռ այժմ պատնեշի կառուցումը միեւնույն նպատակին ծառայեցվող գործողություն է։ Այս անգամ էլ առեւտրային եւ մաքսային շղարշների տակ։ 

Ուրեմն մարդասիրական եւ մաքսային ու առեւտրային շղարշների տակ խորքում անվտանգության գոտիների ստեղծումն է, որը կառաջադրվի Անկարայի կողմից։ Մտավախությունը եթե առերեւույթ սիրիական թափանցումն է, ըստ էության սակայն Սիրիայի քրդերի վտանգն է եւ առհասարակ համաքրդական գործոնի մղձաւանջը։ 

Իրադրությունները հարափոփոխ բնույթ ունեն մնայուն։ Իրաքի քրդերի հետ բնականոն հարաբերություններըը կարող են կտրուկ շրջադարձ ապրել, երբ տարբեր մակարդակների վրա համաքրդական միաւորումների պահը հասունանա։ Այդ դեպքում էլ Թուրքիան իր եւ Իրաքի սահմանային անցակետերի երկայնքին պատեր կառուցելու ծրագրեր է մշակում, այս անգամ էլ այլ պատրվակներով։ 

Աշխարհաքաղաքական ծրագրերի առումով Իրանի հետ Թուրքիայի սահմանի անպատնեշ ներկա դրությունը կայունության իմաստով շատ հեռանկարային չի թվում։ 

Իսկ Հայաստանի շրջափակմանը մնայուն բնույթ տալու համար Թուրքիան գուցե մտածի նաեւ այդ փակ սահմանը պատելու մասին։ 

Պատ, պատնեշ, վանդակացանց կառույց, արգելափակոց, շրջափակում։ Այս բոլորը Թուրքիայի հետ սահման ունեցող երկրների նկատմամբ առաջադրված եւ գոյություն ունեցող ծրագրեր են։ Անկարան կար ժամանակ հոխորտում էր հարեւան երկրների հետ զրո խնդիրներ կարգախոսով։ Այս կարգախոսը երբեմն հիշելը վնասակար չէ։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1056 reads | 28.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com