ԵՐԲ ԳՈՐԾԸՆԿԵՐԴ ԲԻԶՆԵՍ Է ԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ՀԵՏ
Հայաստանի քաղաքական դաշտն առ այսօր չի արձագանքել ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին: Օրերս միայն հայտարարություն տարածեց ընդգծված արեւմտամետի համարում ունեցող "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը՝ նկատելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, եւ Ռուսաստանի քայլը դիտարկում են որպես նահանջ ռազմավարական գործընկերային հարաբերություններից:

Ռուս-ադրբեջանական ռազմական այս գործարքն ունի լուրջ ենթատեքստեր: Նախ՝ ՌԴ-ն զենք է վաճառում ու զինում իր ռազմավարական գործընկերը համարվող Հայաստանի հակառակորդին, մի երկրի, որի հետ Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմի մեջ:

Ռուսական կողմը ամենեւին էլ չի փորձում արդարանալ: Նախօրեին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն էր հայտարարել, թե իրենք զենք վաճառելիս պահպանում են ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները: Իսկ Երեւանում ՀԱՊԿ խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան է հայտարարել, թե սա իրենց համար բիզնես է, եւ ՌԴ-ն նույնկերպ զենք է վաճառում նաեւ շատ այլ երկրների: «Դա ՌԴ շուկան է, այլ հարց է, որ այս դեպքում ՌԴ-ն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»,-ասել է նա:

Բորդյուժայի խոսքերի մեջ կա նաեւ տրամաբանություն. այնուամենայնիվ, ՌԴ-ն պարտավոր է առաջնորդվել ոչ թե Հայաստանի, այլ իր երկրի շահերով: Իսկ տվյալ դեպքում իրենց շահը թելադրում է 1 մլրդ դոլարի զենք վաճառել, շահույթ ստանալ եւ այլն, եւ այլն: Առավել եւս, երբ նույն ՌԴ-ն ռազմական ներկայություն ունի Հայաստանում, ասել է թե՝ իրենց տրամաբանությամբ նրանք փորձում են այդպես հավասարակշռություն պահպանել: Սակայն այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք. ՌԴ-ն իր գործողություններով (այդ թվում՝ Հայաստանում ռազմական ներկայությամբ) պարզապես նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների ավելացմանը, ինչն էլ հանգեցնում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության սրման:

Սա, բնականաբար, իր հետեւանքն է ունենում նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վրա՝ ավելի բարդացնելով հարցի լուծումը: Այնպես որ, լավ կլիներ, եթե նաեւ քաղաքական ուժերը գնահատական տային կատարվածին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
"Ժողովուրդ" օրաթերթ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
597 reads | 04.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com