ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Ռուսական լրատվամիջոցները երեկվանից տեղեկություն են տարածում, թե պաշտոնական Մոսկվան սկսել է Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլարի զենք մատակարարելու գործընթացը: Խմբաքանակում կան նորագույն և հզոր զինտեխնիկայի այնպիսի տեսակներ, որոնցով հագեցած չէ նույնիսկ ռուսական բանակը: 94 հատ Т-90С տանկ, 100 БМП-3 ռազմական մեքենա, Мста-С տեսակի 18 ինքնագնաց հրետանային սարքավորում՝ իր սպասարկող տեխնիկայով ու ավտոմքենենարերով: Սա Ադրբեջանին մատակարարվող զինամթերքի մի մասն է, որն այս օրերին շարժվում է դեպի Բաքու՝ հունիսի 26-ին մասնակցելու հարևան երկրում անցկացվելիք խոշոր ռազմական շքերթին:

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դադաշ Ռզաևի խոսքով. «Ադրբեջանը կարողանում է խոշոր ներդրումների շնորհիվ ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ բանակը: Մեր զինված ուժերի օրը տեղի ունենալիք շքերթի ժամանակ կտեսնենք, թե ինչ ռազմական հզորություն ունի Ադրբեջանը: Միայն Թուրքիայից մենք ձեռք ենք բերել 60 հատ նոր կործանիչ օդանավ, իսկ այն, ինչ հիմա Ռուսաստանը վաճառում է մեզ, չի հասցրել ապահովել անգամ իր բանակին»:

Ռզաևը համոզված է՝ շատ մոտ է Հայաստանի հետ պատերազմ սանձազերծելու ժամանակը, և դա կլինի նորագույն զինտեխնիկայի, ոչ թե մարդկային ներուժի պայքար:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը»:

Ռուսական կողմին ուղղված պաշտոնական որևէ հայտարարություն չենք լսում ոչ արտգործնախարարությունից, ոչ էլ բարձրաստիճան որևէ պաշտոնյայից: ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն, ի դեպ, հունիսի 19-ի առավոտյան Հայաստանի խորհրդարանում խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործակցության հեռանկարների մասին՝ գուցե պարզաբանելով, թե ում դեմ է ուղղված լինելու դաշնակից Ռուսաստանի 1մլրդ դոլարանոց զենքը: Կրեմլի ոչ պաշտոնական փորձագետները շեշտում են՝ սա հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն պահպանելու ծրագիր է: Հունիսի 26-ին ականատես կլինենք, թե ինչպիսի հավասարակշռության մասին է խոսքը: Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտեց՝ Մոսկվա-Բաքու հարաբերությունները խորանում են բոլոր ուղղություններով:

Նաիրի Հոխիկյան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
974 reads | 19.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com