ՔՈՒՐԴ-ԹՈՒՐՔ ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՊԱՔՐԻՍՏՈՆԵԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Քրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն՝ Սիրիայի Թել Աբյաթի արվարձաններում մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։

Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձավ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։

Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առեւանգման, տարբեր դավանապատկան եկեղեցիների ավերման, ռմբակոծման եւ հոգեւոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։

Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (և ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանավանդ որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։

Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջեւ։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երեւույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։

Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում ինչ տեսակ կենտրոններից են ֆինանսավորվում եւ զինվում։ Այլ աղբյուրներ վկայակոչելը այս հանգրվանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից եւ աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միևնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «ալ Քաիդայի» առնչակից խմբավորումներին որեւէ աջակցություն չի ցուցաբերել։ 

Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարության մեջ բերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։

Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութօղլուի, այսպիսով մեկուսանում է իր հակադրությամբ։

Թէ որքանով է Անկարային հաջողվում Թուրքիայի քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքան ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ 

Դավութօղլուն առանց հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «ալ Քաիդան» ֆինանսավորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են իբրեւ թե դեպի Անկարա…

Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
793 reads | 30.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com