ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ Է ՄՆԱՑԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
«Կաշխատեմ առավել ամփոփ լինել և տալ հիմնական բանաձևը, որը դեռևս ուշ չէ շրջանառության մեջ դնել այսօրվանից, քանի դեռ պատերազմը սկսված չէ, քանի դեռ մենք մի քանի ամիս ենթադրում եմ` ունենք»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպումն այսպիսի անսպասելի և նույնիսկ զարմանալի հայտարարությամբ սկսեց Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդն իր ասուլիսում խոսեց միայն Հայաստանի շուրջ ստեղված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին` անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև «ռուսական իմպերիալիզմին»:

Հայրիկյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է: Նա քննադատության ենթարկեց նաև հայկական դիվանագիտությանը` նշելով. «Այս քսան տարիների ընթացքում մեր դիվանագիտության ուղղակի բացակայության պատճառով, չնայած ավելի պարկեշտ է ասել անկատարության պատճառով` մենք հնարավորություն տվեցինք, որ հարևան պետությունը միջազգայնորեն կարողանա տրամադրել միջազգային հանրությանը ընդհուպ մինչև իր կողմից պատերազմով արդարությունը վերականգնելու իրավունքի ընդունում»:

Եվ ահա, ըստ Պարույր Հայրիկյանի, Իսրայելը, Ուկրաինան և Ռուսաստանը Ադրբեջանին այնպես են զինել, որ վերջինիս կողմից պատերազմը վերսկսելու գայթակղությունը շատ մեծ է: ««Հայաստանը, հայերը օկուպացրել են Ադրբեջանի 20 տոկոսը»,- սա հնչում է արդեն 19 տարի, և դրան ի պատասխան` մեր դիվանագիտությունն ընդամենն ասում է, որ մենք ինքնորոշման կողմնակից ենք, մենք ուզում ենք մեր հարևանների միջոցով բանակցությունների միջոցով հաջողության հասնենք»,- խնդիրը ներկայացրեց Հայրիկյանը: «Հիմա մեզ սպառնացող վտանգը շատ ավելին է, քան ինչ-որ տարածքներ կորցնելը»,- նշեց Պարույր Հայրիկյանը` ավելացնելով, որ Թուրքիայում նույնպես կան «իմպերիալիստական շրջանակներ», որոնց նպատակը հենց սկզբից Հայաստանին որպես հանցագործ ներկայացնելն է:

Հետևաբար` այս պայմաններում, երբ նույնիսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, Պարույր Հայրիկյան առաջարկում է իր բանաձևը և նշում, թե ինչ պետք է իրականացներ Հայաստանի դիվանագիտությունը, որը չի արվել: Պարույր Հայրիկյանը, վկայակոչելով 1920 թ. օգոստոսի 10-ին կնքնված և ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի` մինչ օրս իր ուժը չկորցրած իրավարար վճռով հաստատված Սևրի դաշնագիրը, նշեց, որ միայն միջազգային իրավունքը կարող է օրինական լինել Հայաստանի պատմական տարածքների ժառանգության հարցում, այլ ոչ թե Ստալինի գծած քարտեզը: «Ամենաբարձր ատյաններից բոլոր մակարդակներով Հայաստանը պետք է 90-ականների սկզբից` անկախության վերականգնումից անմիջապես հետո, ազդարարեր` մենք վերականգնում ենք մեր պետությունը մեր պատմական տարածքների մի փոքր հատվածների վրա, որովհետև, ինչպես Եվրոպական միությունն արդեն ընդունել է, հայ ազգի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, իսկ հետո, ի վերջո, Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված տարածքներ, այդ տարածքները Հայաստանը կորցրել է բոլշևիկյան օկուպացիայի հետևանքով, այդ տարածքների` Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 տոկոսը գտնվում են Թուրքիայի և Ադբրեջանի տրամադրության տակ` բոլշևիկյան Ռուսաստանի հանցավոր ազդեցությամբ: Սա պետք է դառնա բանաձև»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

«168 ժամ»
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
629 reads | 18.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com