ԿՈՍՈՎՈՅԻ ԳՈՐԾՈՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ
Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, ԵՐԵՎԱՆ










Սույն հոդվածը ներկայացնում է Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության վերլուծությունը` կանգ առնելով ՄԱԿ-ի դատարանի կողմից քննարկված հիմնական խնդիրների վրա: Մասնավորապես հոդվածում անդրադարձ է կատարվում անկախության միակողմանի հռչակման և դրա իրավաչափության չափանիշների խնդրին, ինչպես նաև միջազգային իրավունքի երկու հանրաճանաչ սկզբունքների` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հարաբերակցության հիմնահարցին:

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի պառլամենտը, որը ընտրվել էր ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունեց անկախության հռչակագիր` Կոսովոն հայտարարելով «անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն»: Սերբիան, որից միակողմանիորեն անջատվել էր ալբանաբնակ այդ երկրամասը, վիճարկեց Կոսովոյի անկախության հռչակման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Սերբիայի նախաձեռնությամբ Կոսովոյի անկախության հռչակման իրավաչափության հարցը մտավ ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի օրակարգ: Խնդրի քննարկման արդյունքումայս կառույցն ընդունեց 63/3 բանաձևը, որով որոշվում էր դիմել Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) հետևյալ հարցի վերաբերյալ խորհրդակացական եզրակացություն ստանալու նպատակով:

Արդյո՞ք Կոսովոյի ինքնակառավարման անցումային մարմինների կողմից Կոսովոյի անկախության հռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

2010թ. հուլիսի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված խորհրդատվական եզրակացությունն առանցքային նշանակություն ունի միջազգային իրավունքի զարգացման համար մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կիրառման իմաստով: Թեև ՄԱԿ-ի դատարանի այս ակտը պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների համար պարտադիր իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի հեղինակությունը և միջազգային իրավունքի ձևավորման ու զարգացման հարցում նրա կարգավիճակն այս իրավական ակտը դարձնում են առանձնակի կարևոր և փաստացի կատարման համար պարտադիր: Այդուհանդերձ ՄԱԿ-ի դատարանի խորհրդատվական եզրակացությունը միայն մասամբ արդարացրեց միջազգային քաղաքական և գիտական շրջանակների ակնկալիքները` կապված միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հարաբերակցության պարզաբանման հետ: Միջազգային այս հեղինակավոր դատական մարմինը բավական սահմանափակ մեկնաբանություն տվեց իր քննությանը ներկայացված իրավական խնդրին` չանդրադառնալով իրավական այնպիսի հիմնահարցերի, ինչպիսիք են անկախության միակողմանի հռչակման իրավական հետևանքները, մասնավորապես Կոսովոյի անկախության ճանաչման իրավաչափությունը և իրավական հետևանքները, ու թե արդյո՞ք Կոսովոն, լինելով Սերբիայի` որպես ինքնիշխան պետության վարչատարածքային միավոր, միջազգային իրավունքի համաձայն, իրավասու էր Սերբիայից իրեն միակողմանիորեն անկախ հռչակել:

ՄԱԿ-ի դատական ատյանն անպատասխան թողեց նաև ինքնորոշման սկզբունքի գործողության շրջանակի հարցը, ինչպես նաև իրավական գնահատական չտվեց տարածքի անջատմանը` որպես այդտեղ բնակվող հանրույթի հիմնարար իրավունքների պաշտպանության միջոց (remedial secession): Չնայած քաղաքական և ակադեմիական շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանը քննադատության է արժանացել Կոսովոյի գործով քաղաքական ենթատեքստ պարունակող կողմնակալության և իրեն ներկայացված իրավական հարցի սահմանափակ մեկնաբանության համար, Դատարանի սույն ակտում կան հույժ կարևոր որոշակի դրույթներ:

Այս գործով ՄԱԿ-ի դատարանի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դատարանը փաստացի հաստատում է Կոսովոյի անկախության իրավաչափությունը և անուղղակիորեն ճանապարհ հարթում անջատական այլ շարժումների համար հասնելու անկախության: Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրահանգումների տրամաբանությունը պետք է դիտարկել այն գրավոր հայտարարությունների հետ անխզելի միասնության մեջ, որոնք Կոսովոյի հարցի կապակցությամբ ներկայացվեցին ՄԱԿ այս կազմակերպության անդամ պետությունների կողմից: Պետությունների զգալի մասը, այդ թվում միջազգային հարաբերությունների հիմնական «դերակատարները»` ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և այլք, հանդես եկան ինքնորոշման սկբունքի պաշտպանությամբ` իրենց դիրքորոշումը հիմնավորելով քաղաքական և իրավական տեսանկյունից բավական հետաքրքիր փաստարկներով:

ՄԱԿ-ի անդամ պետությունների այդ հայտարարությունները մասամբ լրացնում են այն բացթողումներն ու տարընթերցումները, որոնք առկա են Կոսովոյի գործով Դատարանի հրապարակած ակտում, ինչպես նաև վկայում են այն մասին, որ ինքնորոշման սկզբունքի հետգաղութատիրական մեկնաբանման հարցում աստիճանաբար ձևավորվում է opinio juris:

1. Անկախության միակողմանի հռչակման իրավաչափության խնդիրը միջազգային իրավունքում.

Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից քննության առնված հիմնական հարցը Կոսովոյի պառլամենտի կողմից ընդունված անկախության հռչակագրի իրավաչափության հարցն է: Դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ կարդում ենք. «Խնդիրը, որը դրված է Դատարանի առջև հետևյալն է` որոշել, թե արդյո՞ք անկախության հռչակագրի ընդունումը խախտել է միջազգային իրավունքը, թե ոչ: …Դատարանն ի գիտություն է ընդունում այն փաստը, որ միջազգային իրավունքը չի պարունակում անկախության հռչակագրերն արգելող նորմ: Հետևաբար Դատարանը համոզված է, որ 2008թ. փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագիրը չի խախտել միջազգային իրավունքը»: Այս հարցի կապակցությամբ որոշում կայացնելիս Դատարանը կիրառել է այսպես կոչված «Լոտուսի կանխավարկածը»:

Այս իրավական դոկտրինը մշակվել է 1927թ. Արդարադատության մշտական դատարանի` Ազգերի Լիգայի դատական մարմնի կողմից Լոտուսի հայտնի գործով: Հետագայում այս կոնցեպցիան կիրառվել է արդեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից Նիկարագուայի գործով որոշման, ինչպես նաև միջուկային զենքերի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի իրավաչափության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության մեջ: «Լոտուսի կանխավարկածի» համաձայն` այն, ինչ միջազգային իրավունքի նորմերով արգելված չէ, թույլատրելի է:

Միջազգային արդարադատության մշտական դատարանի ձևակերպմամբ Լոտուսի կանխավարկածը կիրառվում է անկախ պետությունների միջև հարաբերությունների նկատմամբ և ամրագրված է հետևյալ կերպ. «Միջազգային իրավունքը կարգավորում է անկախ պետությունների միջև առաջացող հարաբերությունները: Հետևաբար պետությունների համար պարտադիր իրավաբանական ուժ ունեցող նորմերը պետությունների ազատ կամարհայտության արդյունք են, որը արտահայտված է կոնվենցիաներում և սովորույթներում` նպատակ ունենալով կարգավորել հարաբերությունները մարդկանց անկախ հանրույթների միջև կամ գործելու ընդհանուր նպատակների շուրջ: Այսպիսով պետությունների անկախությունը չի կարող որևէ կերպ սահմանափակվել»:
Այս դոկտրինի կիրառմամբ ՄԱԿ-ի դատարանը չի կարևորում այն հանգամանքը, թե արդյո՞ք միջազգային իրավունքում գոյություն ունի միակողմանիորեն անկախություն հռչակելու իրավազորություն, այլ իր եզրակացության հիմքում դնում է միայն միջազգային իրավունքում անկախության միակողմանի հռչակումն արգելող նորմի բացակայության փաստը: «Լոտուսի կանխավարկածի» կիրառման արդյունքում Դատարանը գտնում է, որ միջազգային իրավունքում գոյություն չունի նորմ, որն արգելում է անկախության միակողմանի հռչակումը: Դա նշանակում է, որ ինքնիխան պետության կազմում գտնվող որևէ վարչատարածքային միավորի կողմից անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ, հետևաբար այն իրավաչափ է: Արդարադատության միջազգային դատարանի կողմից վերոհիշյալ սկզբունքի կիրառումն առաջացնում է որոշ անհստակություններ պարզաբանելու անհրաժեշտություն:

Նախևառաջ, «Լոտուսի կանխավարկածը» վերաբերում է միայն պետություններին՝ որպես միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտների: Կոսովոյի նկատմամբ այս սկզբունքը կիրառելով` Դատարանը փորձում է ընդլայնել «Լոտուսի կանխավարկածի» ներգործության շրջանակը`դրանում ընդգրկելով նաև այն կազմավորումներին, որոնք հանձին Կոսովոյի, դեռ պետության կարգավիճակ ձեռք չեն բերել: Կարելի է ենթադրել, որ ՄԱԿ-ի դատարանի այս մոտեցումը նպատակ ունի ուժեղացնել այդպիսի սուբյեկների դիրքերը և բարձրացնել նրանց դերը միջազգային ասպարեզում` այդպիսով անուղղակիորեն նպաստելով ինքնորոշման սկզբունքի միջազգային լեգիտիմության աճին:

ՄԱԿ-ի դատարանի դատավոր Սիմման հանդես է գալիս «Լոտուսի կանխավարկածի» քննադատությամբ` պնդելով, որ այն հնացած է: Նրա պնդմամբ, ի տարբերություն 20-րդ դարի, երբ միջազգային իրավունքն իր բնույթով կոնսենսուալ էր և այդ պատճառով բացառում էր պետության անկախության որևէ սահմանափակում, այժմ միջազգային իրավակարգը պայմանավորված չէ բացառապես պետությունների համաձայնությամբ կամ կոնսենսուսով, այլ իր վրա մեծապես կրում է հանրային իրավունքի գաղափարների ազդեցությունը:

Կարելի է ենթադրել, որ միջազգային այդ հեղինակավոր դատական ատյանի ներկայացուցիչը նկատի ունի jus cogens նորմերի առաջացումը, որոնց կատարման կամ դրանք չխախտելու պարտավորություն ունեն բոլոր պետությունները: Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ jus cogens նորմերը միջազգային հանրության կոլեկտիվ գործունեության արդյունք են, այլ կերպ ասած` միջազգային հիմնարար այդ նորմերը առաջացել և իրենց կարգավիճակը ձեռք են բերել պետությունների` որպես միջազգային իրավակարգի մասնակիցների համընդհանուր կամ առնվազն ծանրակշիռ մեծամասնության համաձայնությանբ, ուստի ենթակա են կատարման միջազգային հանրության կողմից` կամավոր ստանձնած պարտավորությամբ: Այսպիսով, պետությունների համաձայնությունը շարունակում է մնալ միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը, ինչը բխում է ինքնիշխան հավասարության սկզբունքից, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում: Հայտնի միջազգայնագետ Թոմաս Բերին նույնպես կիսում է դատավոր Սիմմայի կարծիքը այս խնդրի շուրջ, բայց իր տեսակետը հիմնավորում է այլ փաստարկներով` մասնավորապես նշելով հետևալը. «Ինչն արգելված չէ, թույլատրելի է» սկզբունքը կիրառելի է պետության ներսում, որովհետև պետության ներքին իրավակարգը ամբողջական է և ներդաշնակ: Չնայած վերջին տասնամյակներում գործադրված ջանքերին, միջազգային իրավակարգը տակավին մնում է բաժանված բավական աններդաշնակ մասերի, և այս մոտեցման կիրառումը լավագույն լուծումը չէ` միջազգային իրավունքում առկա բացերը լրացնելու համար»:

Հաջորդ փաստարկն այն է, որ իրավական բնույթ չունեցող նորմերը չպետք է անտեսվեն: Ուղեցույցները, սկզբունքները և միջազգային առաջադեմ փորձը պարբերաբար սահմանում են այն կառուցակարգը, որի շրջանակներում միջազգային հարաբերությունների մասնակիցները կարող են գործել: Եթե միջազգային իրավունքի սուբյեկտը խախտում է այս նորմերը, նա կարող է ենթարկվել պատասխանատվության:

Ամփոփելով «Լոտուսի կանխավարկածի» կիրառման կապակցությամբ արտահայտված կարծիքները`հարկ է նշել, որ վերոնշյալ սկզբունքի նշանակությունը չպետք է գերագնահատել, բայց սխալ կլինի նաև «Լոտուսի կանխավարկածի» լրիվ անտեսումը: Հավանաբար այս դոկտրինը պետք է զրկվի ընդհանուր սկզբունքի կարգավիճակից (իրականում այն արդեն չունի այդ կարգավիճակը), սակայն միջազգային իրավունքում կարող են լինել ոլորտներ, որտեղ այս նորմի կիրառումը կունենա դրական արդյունք: Թե որ ոլորտներն են, որ պետք է հանդիսանան այս սկզբունքի կիրառման օբյեկտ, ցույց կտա պետությունների գործունեության պրակտիկան (state practice) և միջազգային դատական մարմինների, այդ թվում ՄԱԿ-ի դատարանի ներդրումը կարևոր է պետությունների գործունեության`գոյություն ունեցող պրակտիկային իրավական ձև տալու և այդպիսով միջազգային նոր սովորույթների ստեղծմանը նպաստելու իմաստով: ՄԱԿ-ի դատարանը Կոսովոյի և վերը նշված այլ գործերով հետևողականորեն կիրառել է «Լոտուսի կանխավարկածը»` այդպիսով ընդգծելով այդ սկզբունքի կենսունակությունը:

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Դատարանի վերաբերմունքին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործունեության պրակտիկայի նկատմամբ` որպես lex specialis: Դատարանը նշում է, որ. «ՄԱԿ-ի կանոնադրության և մասնավորապես դրա 7-րդ գլխի 24-րդ և 25-րդ հոդվածների համաձայն` ԱԽ-ը կարող է ընդունել բանաձևեր, որոնք առաջ են բերում միջազգային-իրավական պարտավորություններ: Դատարանը մեկնաբանել է ու կիրառել այդպիսի բանաձևեր մի շարք գործերով և այդ բանաձևերը հետևողականորեն դիտարկել որպես միջազգային - իրավական պարտավորությունների համակարգի բաղկացուցիչ մաս»:
Այսպիսով, ԱԽ-ի բանաձևերը ճանաչելով որպես միջազգային իրավունքի կարևոր աղբյուր` Դատարանը շարունակում է. «Մի շարք մասնակիցներ վկայակոչում են ԱԽ-ի բանաձևերը, որոնք դատապարտում են անկախության հռչակման կոնկրետ դեպքերը, մասնավորապես 216 և 217 բանաձևերը Հարավային Ռոդեզիայի վերաբերյալ (1965թ), 541 բանաձևը Հյուսիասային Կիպրոսի վերաբերյալ (1987թ) և Սերբիայի Հանրապետության վերաբերյալ ընդունված 787 բանաձևը (1992թ): Դատարանը, սակայն, ի գիտություն է ընդունում այն փաստը, որ վերը նշված բոլոր դեպքերում ԱԽ-ը գնահատական էր տալիս անկախության հռչակման այդ դեպքերի ժամանակ գոյություն ունեցող կոնկրետ իրադրությանը: Այսպիսով անկախության հռչակման վերը նշված դեպքերի անիրավաչափությունը պայմանավորված է ոչ թե անկախության հռչակման միակողմանի բնույթով,այլ այն փաստով, որ անկախության հռչակման վերը նշված դեպքերը կապված էին կամ կարող էին կապված լինել ուժի անիրավաչափ կիրառման կամ միջազգային իրավունքի այլ ակնհայտ խախտման, մասնավորապես հիմնարար բնույթի նորմերի խախտման հետ: Կոսովոյի դեպքում ԱԽ –ը երբևէ չի որդեգրել այդ դիրքորոշումը: Վերը թվարկված բանաձևերի բացառիկ բնույթը թույլ է տալիս Դատարանին հաստատել, որ ԱԽ-ի գործունեությունից չի կարող բխեցվել անկախության միակողմանի հռչակման որևէ ընդհանուր արգելք»: Դա նշանակում է, որ Դատարանը, հղում անելով ԱԽ-ի բանաձևին որպես lex specialis, նախապայման է սահմանում անկախության հռչակման իրավաչափության համար, այն է` անկախության հռչակումը չպետք է որևէ կերպ կապված լինի jus cogens նորմերի կամ միջազգային իրավունքի այլ նորմերի ակնհայտ խախտման հետ: Անկախության հռչակման ևս մի նախապայման կքնարկվի ստորև:

Անկախության հռչակման իրավաչափության համատեքստում հաջորդ խնդիրը, որն արծարծված է ՄԱԿ-ի դատարանի խորհրդակցական եզրակացության մեջ, անկախության հռչակման իրավունքը կրողի հարցն է: Դատարանը նշում է, որ «Անկախության հռչակագրի հեղինակների ինքնությունը… այն հարցն է, որն էական նշանակություն ունի անկախության հռչակագրի իրավաչափությունը որոշելու համար»: Արդարադատության միջազգային դատարանն այս իրավական հարցի մեկնաբանման ժամանակ կիրառել է միջազգային սովորութային իրավունքի այն նորմը, որի համաձայն` «ինքնորոշման իրավունքը պետք է պահանջվի և իրականացվի այն կազմակերպության կողմից, որը հանդիսանում է ամբողջ ժողովրդի ներկայացուցիչը»:

Այսպիսով, ինքնորոշման իրավունքի իրացումը պայմանավորված է ազատագրական շարժման կամ այլ մարմնի առկայությամբ, որը կհանդիսանա ողջ ժողովրդի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի դատարանն այսպիսով ի լրումն վերը քննարկված նախապայմանի, անկախության հռչակման իրավաչափությունը պայմանավորում է այն հանգամանքով, թե արդյոք այդ իրավական ակտն իրականացվել է անջատման ձգտող ժողովրդի ներկայացուցիչների կողմից, թե ոչ: Ընդ որում, մեր խորին համոզմամբ, անկախության հռչակագիրը սոսկ անկախության հռչակման իրավաբանական դրսևորումներից մեկն է:

Անկախության հռչակումը կարող է տեղի ունենալ նաև հանրաքվեի կամ այսպես կոչված պլեբիսցիտի միջոցով, որը որպես անկախության հռչակման իրավաբանական ակտ, եթե չի կիրառվում ժողովրդի ներկայացուցչական մարմնի կողմից անկախության հռչակագրի ընդունման հետ համակցության մեջ, կարող է համարվել անկախության հռչակման ավելի հեղինակավոր ձև, քանզի այն իրականացվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից: ՄԱԿ-ի դատական մարմինը, անդրադառնալով այս խնդրին, գտնում է, որ Կոսովոյի խորհրդարանն անկախության հռչակագրի ընդունման ժամանակ, գործում էր ոչ թե որպես ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Ինքնակառավառման անցումային մարմին (այսուհետ ԻԱՄ), այլ որպես Կոսովոյի ժողովրդին ներկայացնող ինստիտուտ: Մասնավորապես Դատարանը նշում է, որ հռչակագիրը հղում է անում «ժողովրդի`«ժողովրդավարական ձևով ընտրված առաջնորդներին», որոնք Կոսովոն հռչակում են անկախ և ինքնիշխան պետություն»:

Դատարանը ցանկանում է ցույց տալ, որ նույնիսկ եթե Կոսովոյի պառլամենտը ընտրվել էր ՄԱԿ-ի միջանկյալ վարչակազմի վերահսկողության ներքո, անջատական այդ երկրակասի անկախության հռչակման ժամանակ այն արդեն բավականաչափ ինքնուրույն էր և հանդես էր գալիս որպես պետության ներկայացուցչական ինստիտուտ և ոչ թե որպես վիճահարույց տարածքի անցումային մարմին: Այս կապակցությամբ Դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ գրված է հետևյալը. «Դատարանը գտնում է, որ հռչակագրի հեղինակները չէին գործում կամ նպատակ չունեին գործելու այդ իրավակարգի կողմից ստեղծված և վերջինիս կողմից լիազորված մարմնի կարգավիճակում, այլ ընդունեցին իրավական ակտ, որի նշանակությունն ու ազդեցությունը դուրս էին այդ իրավակարգից: Դատարանը փաստում է, որ հռչակագիրը Կոսովոյի խորհրդարանին օժտում է այնպիսի լիազորություններով, որոնք, համաձայն Կոսովոյում ՄԱԿ-ի միջանկյալ վարչակազմի առաքելության` անցումային ինքնակառավարման սահմանադրական համակարգի վերաբերյալ կանոնակարգի այդ մարմինը չուներ:

Մասնավորապես արտաքին հարաբերությունների ոլորտը, որը այսուհետ հանդիսանում է Կոսովոյի օրենսդիր մարմնի կարգավորման օբյեկտներից մեկը,նախկինում վերապահված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին: Հռչակագիրը ենթակա չէ հաստատման ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներակայացուցչի կողմից, ինչպես որ արվում էր ԻԱՄ-ի կողմից ընդունվող այլ ակտերի դեպքում: Հռչակագրի ընդունման ընթացակարգը նույնպես տարբերվում էր ԻԱՄ-ի ակտերի ընդունման ընթացակարգից: Այսպիսով Դատարանը եկել է այն եզրակացության, որ 2008թ. փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի հեղինակները հանդես չէին գալիս որպես Ինքնակառավարման անցումային ինստիտուտներից մեկը, այլ գործում էին Կոսովոյի ժողովրդի ներկայացուցիչների կարգավիճակում: Արդ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման մասին որոշումը համապատասխանում է ժողովրդավարության այն չափանիշներին, որոնք առաջ են քաշվել Արդարադատության միջազգային դատարանի կողմից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1410 reads | 03.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com