ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԿԻՆԻ ԴԱՍԵՐԸ. ԿԱԶԻՄԻՐՈՎ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ
1992-1996թթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ








«1994 թվականի մայիսի 12-ին հաջողվեց դադարեցնել ղարաբաղյան հակամարտության զանգվածային արյունահեղությունը. Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիրը։ Անցել է 19 տարի, սակայն բանակցային գործընթացում զգալի առաջընթաց տեղի չի ունեցել։ Ավելին, բոլոր ընդունված և ստորագրված փաստաթղթերին հակառակ՝ դեռևս չի վերացել ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ 
Այդ պատերազմում իրեն պարտվող կողմ համարող երկրի իշխող էլիտան, վրեժով լցված, սպառազինության մրցավազքի է դուրս եկել, և նոր սերնդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանում։

Միջազգային հանրությունն ու միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մերժում են հակամարտության ռազմական լուծումը և համառորեն կողմերին խաղաղ համաձայնության որոնում առաջարկում։ Բանակցություններում առկա փակուղին արդյունքն է կողմերի ուռճացված և ոչ իրատեսական պահանջների, այլ ոչ միջնորդների սխալների։ 
Այժմ շատ է խոսվում «ստատուս քվոյի» անընդունելիության մասին։ Սակայն պատերազմը ոչնչով լավ չէ, անգամ ավելի վատ է, քան «ստատուս քվոն»։ Ժամանակն է, որ կողմերը, որոնք հակամարտության խաղաղ լուծումը վստահել են ԵԱՀԿ-ին, ստորագրեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր։ Դա տրամաբանական է, սակայն Ադրբեջանի մերժումը ստեղծում է լարված մթնոլորտ, որը վնաս է հասցնում խաղաղ բանակցություններին և փոխադարձ վստահության ձեռքբերմանը։

Վերջին տարիներին Բաքուն հաճախ է դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, սակայն կառչում է միայն իրեն ձեռնտու մասերից՝ հայկական զորքերի դուրսբերումից։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա ընդգծեց նման փաստաթղթերի արագ կյանքի կոչման կարևորությունը և վրդովվեց, որ Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևերը մնում են թղթի վրա։


Երևի կարծում է, որ բոլորն են մոռացել, թե ով է սկսել այդ բանաձևերի ձախողումը։ Բաքուն չցանկացավ կատարել այդ բանաձևերի հիմնական, առաջնային պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որոնց անիրագործելի են իրենց այլ պահանջները։

Այդպես սկսվեց հենց առաջին՝ 822 բանաձևից, որն ընդունվել էր 20 տարի առաջ՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, և իբր հավանության էր արժանացել նրա իսկ կողմից։ Սակայն երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան և ԵԱՀԿ Մինսկի համաժողովի նախագահող Իտալիան հակամարտության երեք կողմերին կոչ արեցին անհապաղ և ամբողջությամբ իրականացնել այդ բանաձևը, Ստեփանակերտն ու Երևանը համաձայնություն տվեցին, իսկ Բաքուն անգամ չպատասխանեց, որպեսզի չդադարեցնի ռազմական գործողությունները։


Անորոշությունը ձգվեց մի ամբողջ տարի՝ չնայած զոհերին, տարածքային կորուստներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս 3 բանաձևերին։

Ադրբեջանական կողմը հրաժարվեց խաղաղապահների առաջարկից, նախապայմաններ առաջ քաշեց, չդադարեցրեց ռազմական գործողությունները։ Նա չորս անգամ խախտեց հրադադարի և այլ պայմանավորվածություններ։ 1993–1994 թթ.-ի ձմռանը (երբ արդեն ընդունվել էին 4 բանաձևերը) Բաքուն լայնածավալ ռազմական գործողություն սկսեց, որը դարձավ ամենախոշոր կորուստների պատճառը։


Այդ պայմաններում Ադրբեջանը չպետք է իրեն ցույց տա իբրև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պաշտպան ու «օկուպացիայի զոհ»։ «Օկուպացիան» արդյունք է երկարատև ռազմական գործողության, իսկ ո՞վ էր շարունակում դրանք։


Բացի այդ, դադարեցվել են ոչ թե ռազմական, այլ միայն մարտական գործողությունները։ Իր թշնամական գործողությունները (շրջափակում և այլն) նա առհասարակ չի դադարեցրել և դրանցում ներքաշում է նաև Թուրքիային։ 
Վաղուց նա չի հետևում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, չնայած այդ փաստաթուղթը ստորագրվել է Հեյդար Ալիևի ուղիղ հրամանով։

Իլհամ Ալիևը սիրում է կրկնել, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Սակայն ինչպե՞ս կապել դա կտրուկ զիգզագների, ստանձնած և պաշտոնապես ստորագրած պարտականություններից խուսափելու հետ։ Գուցե նա խոսում է միայն այն մասին, թե ինչպե՞ս կլինի...


Իր բանաձևերի ձախողման և արժեզրկման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարել է բանաձևեր ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Ռուսաստանը, որպես միջնորդ, ստիպված եղավ գնալ հրադադարի՝ այլ հիմքերով՝ 1994-ի ապրիլի 15-ին ստորագրված ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությամբ։ 
Հենց այդ փաստաթուղթն էլ, որին քիչ են ծանոթ անգամ քաղաքագետներն ու լրագրողները, եղավ հրադադարի մեկնարկը և ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չիրագործված բանաձևերը։

Ի աջակցություն դրա, ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, իսկ հետո՝ հրադադարի մասին համաձայնագիրը։ 
Կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն անձամբ է մասնակցել հայտարարության խմբագրմանը։ Դրանում ավելի խիստ, քան Անվտանգության խորհրդում, դրված է կրակի դադարեցման հարցը՝ որպես առաջնահերթություն, և որպես կարգավորման հրամայական նշված է վստահության ամրապնդումը։  Դրանից անմիջականորեն կախված է հակամարտության հետևանքների վերացումը (այնտեղ ասված է. առանց դրա հնարավոր չէ անցնել ողբերգական դիմակայության հետևանքների վերացմանը)։ Դա անմիջականորեն առնչվում է նաև զորքերի դուրսբերմանը։ Իսկ կարելի՞ է ասել, որ հրադադարը հուսալիորեն ամրապնդվել է։ Ո՛չ։ Նույնիսկ ի վնաս իրեն՝ Բաքուն վտանգում է այն։

Ուժի պաշտամունքը, ինչպես ասում են՝ «կացնային քաղաքականությունը» Բաքվում այժմ էլ չի վերացել, սակայն խնդիրն ավելի բարդ և խորն է:
Պաշտոնական մակարդակով ատելություն, սպառնալիք, կոշտություն. Բաքվի քաղաքականության այս ոչ ամբողջական ցանկն ուղղակի հակադրության մեջ է էլիտայի նյութական ռեսուրսների և հրաշալի քաղաքի արտաքինի հետ։  Կարո՞ղ է արդյոք հանրությունը ներկայիս իրավիճակում անգամ կարևորագույն ընտրությունների շեմին հասկանալ նման հանդուգն քաղաքականության վտանգները։

Այս օրերին, շատ ավելի լայն, քան Հաղթանակի օրը, Ադրբեջանում նշեցին Հեյդար Ալիևի 90-ամյակը։ Փառաբանելով «ազգային առաջնորդին»՝ ոչ ոք չասաց, որ նա ղարաբաղյան հակամարտության լուծմանը չէր մոտենում ծայրահեղական դիրքերից, և հույս ուներ այն լուծել բացառապես խաղաղ միջոցներով։ Նախկին և ներկայիս իշխանությունների մոտեցումներն այս հարցում ակնհայտորեն տարբեր են։ 


Անհրաժեշտ է հակամարտությունն ամբողջությամբ տեղափոխել քաղաքական դաշտ՝ հեռացնելով ռազմականից»։


Թարգմանությունը՝ Tert.am-ի:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
796 reads | 14.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com