ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
թուրքագետ, քաղաքական վերլուծաբան









Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման հիմնական խնդիրներն են. Կասպիան ավազանի նավթահանքերի բաժանումը միմյանց մեջ, Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցությունը, Ադրբեջանում թալիշական գործոնի շահարկումը և ծայրահեղ շիա իսլամիստների հովանավորությունն Իրանի կողմից, Իրանի տարածքում ապրող և բնակչության 20-30% կազմող թյուրքալեզու ազարների խնդիրների հանդեպ Ադրբեջանի աճող հետաքրքրվածությունը, Իրան-Հայաստան հարաբերությունների դրական տեղաշարժը և Ադրբեջանի տարածքում ամերիկյան զորքերի հնարավոր տեղադրումը: Ահա այս խնդիրների պատճառով մշակութային և կրոնական սերտ կապեր ունեցող երկրների հարաբերությունները վերջերս հայտնվել են բավական շիկացած վիճակում:

Քանի որ այժմ աշխարհում էներգետիկ ռեսուրսները թելադրող գործոն են դարձել, այդ իսկ պատճառով կասպիան ավազանում մեկ մետր ավելի նավթային տարածք ունենալը շատ է կարևորվել: Կասպիան ավազանի գրեթե բոլոր երկրների մեջ այս խնդիրները կան և համարվում են դժվար լուծելի: Ինչքան շատ նավթ, այնքան շատ գումար և հետևաբար, ավելի շատ հզորություն: Այս խնդիրն Ադրբեջանի և Իրանի մեջ գոյություն ունի երկար ժամանակ և ունի ռազմավարական նշանակություն:

Հաջորդ կարևորագույն խնդիրներից է Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցության ընդլայնումը: Քանի որ Իրանն ԱՄՆ-ի և Իսրաելի հետ գտնվում է բավական լարված և թշնամական հարաբերություններում, այդ պատճառով իր անմիջական հարևանի դրական հարաբերություններն ու ռազմական համագործակցությունն այդ երկրների հետ դիտում է թշնամանք իր հանդեպ, որն ուղղված է իր պետական և ազգային անվտանգությանը: Եվ գաղտնիք չէ, որ այս համագործակցությունն ուղղված է Իրանի դեմ, որին խոչընդոտելու համար Իրանը ևս ձեռքերը ծալած չի նստում:

Լարված հարաբերությունների հաջորդ պատճառը բխում է նախորդից: Խոչընդոտելու համար վերոհիշյալ համագործակցությանը` Իրանն օգտագործում է Ադրբեջանի հարավային շրջաններում ապրող, իրանական ծագում ունեցող և ոչ պաշտոնական տվյալներով, մեկ միլիոնի հասնող ազգությամբ թալիշ բնակչությանը` ապակայունացնելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Թալիշների միջոցով Ադրբեջանում անկայունություն ստեղծելով` Իրանը հաջորդ քայլն ուղղում է Ադրբեջանում գործող Իսլամական կուսակցությանը, որի միջոցով համախմբելով Ադրբեջանում օրեցօր աճող շիա ծայրահեղ իսլամիստներին, փորձում է հարևան երկրում հասնել իսլամական հեղափոխության: Եթե հաջողվի կատարել իսլամական հեղափոխություն, Իրանը կրոնի հիմքի վրա Ադրբեջանին կվերցնի իր ազդեցության տակ և կխափանի այդ վտանգավոր համագործակցությունը:

Իսկ ընդդեմ Իրանի Ադրբեջանի ձգտումները համընկնում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի հետ: Ադրբեջանը փորձում է Իրանի տիրապետությունից ազատագրել իր «հարավային եղբայրներին» և միավորվել նրանց հետ: Այս թեման լարվածությունը թեժացրեց հատկապես Իլհամ Ալիևի կողմից անցած տարեսկզբին արած հայտարարությունը, որում նա իրեն անվանում է աշխարհի ազարիների առաջնորդ: Այս ձգտումների հիմքերը ստեղծվել են դեռևս 20-րդ դարի առաջին քառորդին, երբ կովկասյան թաթարներով և այլ ժողովուրդներով բնակեցված տարածքի վրա ստեղծվեց պետություն և կոչվեց Ադրբեջան, որն ընդհանրապես կապ չուներ այդ ժողովուրդների հետ: Այս անունը պատկանում էր Իրանի տարածքում ապրող ազարների բնակեցված տարածքին, որն արաբների կողմից դեռևս դարեր առաջ անվանվել էր Ադրբեջան: Այնուհետև ԽՍՀՄ կազմավորման առաջին տասնամյակներին սովետական քարոզչական մեքենան, Իրանից այս տարածքները գրավելու նպատակով, քարոզում էր այս բնակչությանը, որ նրանք ադրբեջանցի թուրքեր են և միայն պատմության ու քաղաքականության քմահաճության հետևանքով են գտնվում Իրանի տիրապետության տակ:

Չնայած իր իրանական ծագմանը` այս ժողովուրդը երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Օգտվելով այս հանգամանքից, Ադրբեջանն այսօր ցանկանում է մի քանի անգամ մեծացնել իր պետությունը և բնակչության թիվը: Այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան, համագործակցելով իր համախոհների հետ, ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել Իրանի ներքին կյանքում և սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցույց տալիս նաև թուրքական քարոզչամեքենան, որը ևս մեծ շահագրգռվածություն ունի այս խնդրում:

Այս տարածքների Ադրբեջանին անցումը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անդառնալի և վտանգավոր հետևանքներ կստեղծի ոչ թյուրքական ժողովուրդների համար: Անհամեմատ կընկնի Իրանի հեղինակությունն ու հզորությունը, բավական վատ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը: Սրանով կարող է իրագործվել նաև չարիք համարվող պանթյուրքական կամ նման այլ ծրագիր, որն ուժերի այլ հարաբերություն կստեղծի ամբողջ աշխարհում և անմիջականորեն կսպառնա արաբական երկրների, Ռուսաստանի, Չինաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Այս պատճառով Ռուսաստանն ու Չինաստանը դժվար թե հանդուրժեն նման խմորումների զարգացումը:

Հարաբերությունների լարվածության պատճառ է նաև հայ-իրանական տնտեսական և քաղաքական հարաբերությունների դրական տեղաշարժը: Ղարաբաղյան խնդրում հաջողության հասնելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման պայմաններում` Իրան-Հայաստան տնտեսական կապերի խորացումը Ադրբեջանի կողմից դիտվում է թշնամանք իր հանդեպ: Եվ քանի որ այս հարցում Իրանի նկատմամբ ճնշումներն այդքան էլ արդյունք չեն տալիս, ապա Ադրբեջանն ավելի է հակվում <<Հարավային Ադրբեջանի>> խնդրի իր օգտին լուծմանը, որի միջոցով կկտրի ընդհանրապես Իրան-Հայաստան սահմանը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3186 reads | 13.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com