ԵՐԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻՆ
Վերջին օրերին Ադրբեջանի հետ կապված միանգամից երեք իրադարձություն տեղի ունեցավ, որոնք պարզապես չէին կարող դուրս մնալ մեր հանրային ուշադրությունից:
Ադրբեջանը

- անթաքույց պատրաստվում է պատերազմի և չզլացավ ևս մեկ անգամ դրա մասին հայտարարել,
- Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զենք է գնել,
- ԶՈւ օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ ահռելի քանակի զինտեխնիկա ցուցադրեց:


Այս երեքի հանրագումարը հասարակական կարծիքը բաժանեց երկու հիմնական իրարամերժ մասերի: Մի մասը խուճապահար ահից գոռում է, ինչով էլ մատնում իր անհանգստությունը, մյուս մասն էլ ներքին լսարանի առաջ աքլորանալու աստիճան հերոսացել ու գտնում է, որ մենք հաղթել ենք ու հաղթելու ենք ադրբեջանցիներին, այնպես որ խուճապի մեջ թող մեր թշնամին ընկնի: 

Մինչդեռ սխալվելու ամենամեծ հնարավորություն ունենում ենք հենց այն ժամանակ, երբ թերագնահատում կամ գերագնահատում ենք հակառակորդին: Ուստի կարծում եմ՝ թշնամու իրական հնարավորությունները պետք է սթափ գնահատել, և որպեսզի հնարավորինս քիչ լինեն սուբյեկտիվ գործոնով պայմանավորված անճշտությունները, փորձել ծանրութերթև անել սեփական առավելություններն ու թերությունները ու դրանք համադրել աշխարհաքաղաքական իրավիճակի հետ՝ բարենպա՞ստ է այն այս պահին մեզ համար, թե՞ ոչ: 

Համառոտ շարադրեմ մտահոգություններս.
- Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013-ին կազմել է 3.7 մլրդ դոլար, իսկ մեր 2013թ. համախմբված պետական բյուջեն 3 մլրդ դոլար էլ չկա, ու եթե այս թվից հանենք արտաքին պարտքի սպասարկման 418 մլն դոլարը, ապա վիճակն ավելի անմխիթարական կլինի մեզ համար: 

- Ժամանակակից պատերազմը էականորեն տարբերվելու է շուրջ 20 տարի առաջվանից, երբ լուրջ դերակատարություն ուներ անգամ որսորդական զենքն ու «Մոսին» հրացանը, այստեղից-այնտեղից ճարած քիչ թե շատ լուրջ զինատեսակները: Այս տարիների ընթացքում աշխարհը փոխվել է այն աստիճան, որ հիմա ժամանակակից զինտեխնիկայի ու նավիգացիոն լուրջ համակարգերի առկայության պայմաններում ոչ թե մեր քաջարի զինվորները կռվելու են վախկոտ ազերիների դեմ, այլ՝ կարող է ստիպված լինենք կռվել խոշոր ապակիներով ակնոցներով մի համակարգչային հրաշամանուկի հետ, ով ընդամենը ապահով սենյակում նստած կոճակ է սեղմելու: Իսկ այս կարգի պատերազմներում փողը առանցքային դերակատարություն է ունենում: 

- Եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հակառակորդը դարձյալ գերազանցում էր իր թվաքանակով ու տեխնիկական հագեցվածությամբ, բայց մենք հաղթեցինք՝ շնորհիվ այն բարոյահոգեբանական մթնոլորտի, որն արտահայտվեց մերոնց մարտական ոգու բազմապատիկ գերազանցությամբ: Իսկ այժմ թե՛ մեր հասարակության մեջ ընդհանրապես ու թե՛ մեր բանակում հատկապես՝ գրեթե նույն իրավիճակն է, նույն արատներն ու վարքուբարքը ինչ մեր հակառակորդի մոտ: Ուստի մենք այլևս մրցակցային առավելություն չունենք: 

- Հավանական նոր պատերազմի ժամանակ որքան էլ զորահավաքների միջոցով համալրվի մեր բանակը, այնուամենայնիվ, հիմնական բեռը, ի տարբերություն նախորդ պատերազմի, ընկնելու է կանոնավոր բանակի վրա, իսկ այս պարագայում դարձյալ մեծ դեր են խաղալու ֆինանսները, 

- Թեպետ հիմա էլ շատերը հայտարարում են, որ պատերազմի դեպքում նորից պատրաստ են մեկնել մարտի, բայց տեսնելով, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հակառակորդի բնակավայրերի թալանի մեջ նեղ մասնագիտացված մի քանի «էլիտար կռվող տղերք» պատերազմից հետո այդ հարուստ փորձով ինչպես թալանեցին ու շարունակում են թալանել Հայաստանը, իսկ հազարավոր ազատամարտիներ ու նրանց ընտանիքներ օրվա հացի կարոտ են, հազիվ թե հիմա գտնվեն տասնյակ հազարավոր էնտուզիաստներ, ովքեր ժամ առաջ ճամփա կընկնեն պաշտանելու Հայրենիքը: Շատ շատերն արդեն օտարացել են Հայրենիքից, քանի որ իշխանությունների մեղքով՝ իրենց տեր չեն զգում մեր երկրի: Իսկ մեր օլիգարխ ազատամարտիկներն արդեն ԱԺ-ում թիկնապահներով են շրջում, ու առավելագույնը, որ նրանցից կլսենք բախտորոշ պահին կլինի այն, որ իրենք ժամանակին իրենց բաժինը կռվել են՝ հերթը մյուսներինն է: 

- Երբ գերտերություններին չի հաջողվում տևականորեն չկարգավորված կոնֆլիկտները հանգուցալուծել, հարցը կարգավորում են կարճատև պատերազմներ հրահրելով: Արդյունքում կողմերից մեկը «բլից-կրիկի» արդյունքում մի բնագիծ է նվաճում, գերտերություններն էլ փոխհամաձայնության արդյունքում ֆիքսում են այդ վիճակը ու կողմերին խաղաղություն պարտադրում: Եվ քանի որ հայկական կողմը ցանկություն չունի պատերազմ սկսելու, իսկ Ադրբեջանն էլ գտնում է, որ, եթե իրեն չհաջողվի խաղաղ ճանապարհով վերադարձնել կորցրածը, ուրեմն կդիմի պատերազմի, ստացվում է, որ ինչ չափով էլ նրան հաջողվի առաջ շարժվել ու այդ վիճակը միջազգայնորեն ֆիքսել, մենք ենք ունենալու թե՛ մարդկային, թե՛ տերիտորիալ ու նյութական կորուստներ, 

- Արտաքին քաղաքական մեր դեգերումները չեն խոսում այն մասին, որ մենք գերտերությունների ու ազդեցիկ միջազգային ուժի կենտրոնների համար ավելի կայուն, հուսալի ու կարևոր գործընկեր ենք, քան Ադրբեջանը: Սա նույնպես խոսում է այն մասին, որ իրավիճակն այդ առումով նույնպես մեզ համար բարենպաստ չէ: 

- Չպետք է մոռանանք, որ ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, և եթե Հայաստանը՝ հանդիսանալով Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, պատերազմի ԼՂՀ տարածքում, դա չի պարտավորեցնում ՀԱՊԿ-ին ներքաշվել այդ պատերազմի մեջ Հայաստանի կողմից: Մինչդեռ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան կարող է ներքաշվել պատերազմի մեջ՝ աջակցելով Ադրբեջանին Ղարաբաղի դեմ մղվող պատերազմում: 

Այնպես որ, կարծում եմ, որ բացառապես ներքին լսարանի համար նախատեսված հակառակորդին նվաստացնող հռետորիկան այլևս ժամանակավրեպ է, անօգուտ են նաև համացանցային գոռում գոչյուններն այն մասին, որ ինչ էլ լինի, մեկ է մենք դուխով ենք ու հաղթելու ենք: Փոխարենը ճիշտ ժամանակն է հասկանալու թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում, և որոնք են մեր համաժեք քայլերը թշնամու՝ պատերազմին պատրաստվելու դեմ: Ճիշտ ժամանակն է ազատվելու մեր տնտեսությունը հոշոտող այն մակաբույծներից, որոնք թշնամու փողին փողով պատասխանելու հնարավորությունից մեզ զրկել են: Ճիշտ ժամանակն է սթափվելու: 

Իսկ ներկա հավաստիացումներն այն մասին, որ պատկան մարմինները տեղյակ են հակառակորդի քայլերից և ուշիուշով հետևում են դեպքերի զարգացմանը, ասել է թե՝ ընդամենը կուրսի մեջ են, մեզ,սիրելիներս, էլ չեն բավարարում:

ԱՐԱՄ ԱՆՏԻՆՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
761 reads | 29.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com