ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու






2013թ. հունվարին ՉԺՀ-ի ԱԳՆ-ի խոսնակը հայտնեց, որ Չինաստանը կողջունի բռնությունների դադարեցման նպատակով Սիրիայի հակամարտող կողմերի ընդունած ցանկացած որոշում: Հունվարի 8-ին ՉԺՀ-ի արտգործնախարարը սիրիական խնդրի շուրջ հեռախոսային զրույց ունեցավ ՄԱԿ-ԱՊԼ միասնական հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմի հետ` Պեկինի ամուր աջակցությունը հայտնելով նրա միջնորդական ջանքերին: ՉԺՀ-ի արտգործնախարար Յան Ցզիեչին 2013թ. փետրվարին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ-Մաքդադի հետ Պեկինում ունեցած հանդիպման ընթացքում կոչ արեց սիրիական հակամարտության բոլոր կողմերին հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել քաղաքական երկխոսությունը` գտնելով, որ իրադրությունը «կրիտիկական փուլի» է հասել:

Մինչ այդ Եգիպտոսում ՉԺՀ-ի դեսպանը (Song Aiguo) Կահիրեում հանդիպել էր «Սիրիայի Ընդդիմադիր Ազգային կոալիցիայի» և «Հեղափոխական Ուժերի» նախագահ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբին` նշելով, որ Պեկինը հետևում է ալ-Խաթիբի վերջին շրջանի դիվանագիտական գործունեությանը սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը հետևողական և հավասար հիմունքներով բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով քաղաքական համակողմանի երկխոսության և կարգավորման կհասնեն: Չին դիվանագետը հորդորեց սիրիական հակամարտող կողմերին` քաղաքական անցումային գործընթացը վարել Սիրիայի վերաբերյալ Գործողությունների խմբի ընդունած ժնևյան հուշագրի ոգուն համապատասխան:

Այսպիսով, Չինաստանն իրեն դրսևորեց իբրև միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի պաշտպանությամբ հանդես եկող և գլոբալ կառավարման գործերին մասնակցող ու պատասխանատվություն ստանձնող մեծ տերություն: ՉԺՀ-ը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ամուր կանգնելով Սիրիայի ազգային ինքնիշխանության պաշտպանության դիրքերում` ամբողջովին բացառեց որևէ հիմքով, այդ թվում` մարդու իրավունքների ոտնահարման պատճառաբանությամբ, երկրի ներքին գործերին միջամտության հնարավորությունը:

Պեկինում գտնում են, որ Սիրիայի ապագան պետք է որոշի սեփական ժողովուրդը, Սիրիան ինքնուրույն պետք է լուծի իր ներքին տարաձայնությունները և քաղաքական երկխոսության միջոցով ազգային կայունություն հաստատի երկրում: Ըստ Պեկինի` Աֆղանստանի ու Իրաքի դեպքերը ցույց տվեցին, որ դրսից պարտադրված վարչախմբի փոփոխությունը չի հանգեցնում ցանկալի արդյունքի: Այդ իսկ պատճառով Չինաստանը չի ցանկանում հրաժարվել բանակցությունների միջնորդի դերից, որին վստահում է Ասադը:

Պեկինում կարծում են, որ սիրիական վարչախմբի անկումը կարող է առավել ծանր հետևանքների հանգեցնել, քան ներկայիս քաղաքական ճգնաժամը: Տասնյակ հազարավոր քաղաքացիների մահվան փաստը մեծ ողբերգություն գնահատելով հանդերձ, Պեկինում ենթադրում են, որ արևմտյան երկրները թերագնահատում են իսլամական արմատականների իշխանության գալու կամ երկրում իշխանության հնարավոր վակուումի առաջացման հետևանքները:

Ուշագրավն այն է, որ ըստ «Global Times» օրաթերթի` «Արևելյան Թուրքեստանի Ազատագրական շարժման» (ETIM) մարտիկները Սիրիայում պայքարում են ընդդիմության կողմից: Վերջիններս 2012թ. մայիս ամսից Սիրիա են տեղափոխվել Ասադի վարչախմբի դեմ պայքարում ալ-Ղաիդան և ծայրահեղական այլ կազմակերպություններին միանալու նպատակով:

Պեկինում համոզված են, որ Ասադի պաշտոնաթողությունը չի հանգեցնի երկրում իրականացվող բռնությունների դադարեցմանը: Սիրիական իրադարձություններում նրանք տեսնում են ոչ թե բռնակալի և ապստամբների, այլ զինված խմբավորումների միջև պայքար, որում չի կարելի որևէ կողմին նախապատվություն տալ: Այդ պատճառով էլ սիրիական ճգնաժամում չինացիներն ընտրություն են անում առկա ստատուս-քվոյի, և ոչ թե անկանխատեսելի ապագայի պաշտպանության օգտին:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
862 reads | 19.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com