ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու







ՌԴ-ն ու ՉԺՀ-ը 2012թ. փետրվարին ԱԽ-ում քվեարկեցին սիրիական խնդիրը ռազմական ճանապարհով լուծում պարունակող բանաձևի նախագծի դեմ, որն առաջարկել էր Մարոքքոյի պատվիրակությունը մի շարք արևմտյան և արաբական երկրների հետ: Դժգոհություն առաջացրեց հատկապես բանաձևի այն կետը, որով նախագահ Բաշար ալ-Ասադից պահանջվում էր երեք շաբաթվա ընթացքում ազատել նախագահի պաշտոնը և իշխանությունը փոխանցել իր տեղակալին:

Պեկինի կարծիքով նման բանաձևի ընդունումը կարող էր միջազգային հանրության աջակցության ազդանշան ծառայել վարչախմբի հակառակորդների ու զինված խմբավորումներին համար: ՉԺՀ-ն նաև իր ափսոսանքը հայտնեց Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի վերանայման ուղղությամբ Ռուսաստանի առաջարկությունն անտեսելու հարցում:

Վետոյի խնդիրը, որը Մոսկվան ու Պեկինը դրեցին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա, քննարկվեց նաև 2012թ. փետրվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ընթացքում: Պետքարտուղարությունում Բայդենը նշեց, որ ԱՄՆ-ը կտրականապես համաձայն չէ «Բաշար ալ-Ասադի վարչախմբի կողմից իրականացվող դաժան բռնության» վերաբերյալ բանաձևի վրա Մոսկվայի և Պեկինի դրած վետոյի հետ:

Սակայն սիրիական ճգնաժամի երկարաձգմանը զուգահեռ, ինչպես Եգիպտոսի և Լիբիայի դեպքում էր, Պեկինում անհրաժեշտ գտան բանակցություններ վարել ու կապեր հաստատել հակամարտության տարբեր կողմերի հետ:

Սիրիական ընդդիմության պատվիրակությունն այցելեց Չինաստան և փետրվարին հանդիպում ունեցավ ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Չժայ Ցզյունի հետ, որից հետո ՉԺՀ-ի ԱԳՆ-ը հայտարարեց, որ «կշարունակի կապերն ու շփումները Սիրիայի համապատասխան ընդդիմադիր խմբավորումների հետ»:

Մինչդեռ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Չինաստանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամ-երկրների» հետ փետրվարին նախատեսված հանդիպմանը: Իբրև պատասխան, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները վստահեցրեց, որ «միջազգային հանրությունն իր դիրքորոշումը կհասցնի Ասադին առանց ՌԴ-ի և ՉԺՀ-ի մասնակցության»:

Իր կողմից, Չինաստանի ԱԳՆ-ն մարտին Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ սեփական վեց կետից կազմված առաջարկութամբ հանդես եկավ: Այն իր մեջ բռնություններն անհապաղ դադարեցնելու, քաղաքական երկոսություն սկսելու, մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու կոչ էր պարունակում` ուղղված միաժամանակ սիրիական կառավարությանը և ընդդիմությանը: Նշվում էր նաև ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում արաբական երկրներին ու ԱՊԼ-ին աջակցելու Չինաստանի պատրաստակամության մասին: Պեկինը նաև Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով սիրիական ժողովրդին 2 մլն ԱՄՆ դոլարի արտակարգ մարդասիրական դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում էր ընդունել:

Նշենք, որ Չինաստանը հրաժարվեց մասնակցել նաև հուլիսի 6-ին Փարիզում «Սիրիայի բաեկամների խմբի» հանդիպմանը, հայտարարելով, որ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել ժնևյան հանդիպման արդյունքների վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: Հուլիսի 7-ին ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լյու Վէյմինը, մեկնաբանելով «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հայտարարությունը, որի համաձայն Չինաստանն ու Ռուսաստանը «խոչընդոտում են ճգնաժամի կարգավորման գործընթացը», հայտարարեց, որ Սիրիայի նկատմամբ Չինաստանի դիրքորոշման քննադատությունն ԱՄՆ-ի կողմից անընդունելի է:

Հոկտեմբերին Պեկինում այցելության մեջ գտնվող Սիրիայի գծով ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմի հետ բանակցությունների ընթացքում ՉԺՀ-ի արտգործնախարար Յան Ցզեչինը հայտարարեց, որ Չինաստանը հետևողական և կայուն դեր է խաղում սիրիական ճգնաժամի ուղղությամբ` հանդես գալով չորս կետից բաղկացած առաջարկությամբ:

Վերջինիս համաձայն` նախատեսվում էր Սիրիայում կրակի և մարտական բոլոր գործողությունների փուլային դադարեցում, սկզբում` շրջաններում, այնուհետև` երկրի ողջ տարածքում; Լ.Բրահիմի և միջազգային հանրության աջակցությամբ անցումնային ղեկավար մարմնի հետ կապված "ճանապարհային քարտեզի» պատրաստման գործում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցություն, ժնևյան «գործողությունների խմբի» վերաբերյալ հուշագրի իրականացման գործում միջազգային հանրության աջակցություն, սիրիական ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերման ակտիվացում:

Թվարկված միջոցառումների իրագործումը պետք է ապահովեին ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիր խմբավորումները:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1190 reads | 25.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com