ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ԱՐՑԱԽԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ բաժինը այժմեական խնդիրների հետ ուղղակի առնչություններ է ընդգծում։ Թեեւ առաջին հայացքից այս բաժինը կենտրոնանում է արցախյան կարգավիճակի հստակեցման վրա, այսուհանդերձ այն տարածվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների վրա։

Այսպես, «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի, ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:

Արցախը եվրոպական տարածք համարելը հետեւյալ տրամաբանությունն ունի։ Արցախը, թեկուզ իբրեվ երկրորդ հայկական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, պատմականորեն մաս է կազմել Հայաստան աշխարհի։ Հետեւաբար Արցախի Եվրոպա համարումը Հայաստանի Եւրոպա համարումն է, ինչ որ այս վեհաժողովում վերընդգծելը քաղաքական մակարդակով այժմեական խնդիրներ է արծարծում։ Այստեղ նշումը «անկախ իր պետության կարգավիճակից» վերաբերում է իրողական անկախությանը։ Եւ այս դեպքում, անկախ առանձին հանրապետության կարգավիճակ ունենալուց, խորքում հայաստանյան տարածքի ամբողջականության մաս կազմող շրջան պետք է համարել եւ իբրեւ այդպիսին Արցախը ընկալել Եվրոպայի մասնիկ։

Նախագահի կոչը Եվրոպական խորհրդին՝ ուղղակի շփումներ նախաձեռնելու Արցախի հետ, ենթադրում է Արցախի Հանրապետության նախաճանաչման քայլ ակնկալել եվրոպական կառույցներից։ Այստեղ «անկախ կարգավիճակիցը», իրողական անկախության փոխարեն արծարծում է իրավական անկախության կարգավիճակը։ Այլ խոսքով, հակառակ նրան, որ Արցախը դեռեվս իրաւական անկախություն չի նվաճել, եվրոպական կառույցներին կոչով է դիմվում ուղղակի բանակցությունների ձեռնարկման, հիշեցնելով նման հակամարտության գոտիների հետ արձանագրված ուղղակի կապերը, իբրեւ նախադեպ։

«Անկախ կարգավիճակիցը» երկու անգամ օգտագործվել է այս խոսքի բնագրում։ Առաջին անգամ հակառակ իրողական անկախության Արցախը պետք է համարել Հայաստանի մաս, ուրեմն նաեւ Եվրոպայի մաս. իսկ երկրորդ անգամ «անկախ իր կարգավիճակից», այսինքն հակառակ նրան, որ իրավական անկախության չի հասել Արցախը, եվրոպական կառույցները պետք է ձեռնարկեն ուղղակի բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ։

Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հաւանականության վտանգված լինելու հետ։

Չպետք է մի կարեւոր դիտարկում բաց թողնել այս դեպքում։ Հայաստանի Ազգային ժողովի լսումներում, արտգործնախարարը մշուշոտ պատասխան էր տվել այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում Արցախը իբրեւ տարածք եւ իբրեւ անկախ միավոր մաս կազմելո՞ւ է առաջադրված այս միությանը։ 

Ստրասբուրգում շատ հաստատ էր Եվրամիությանը Արցախի նախանդամակցության Երեւանի պատկերացումը։ Արցախը պատմականորեն եղել է Եւրոպայի մասնիկ եւ այժմ էլ պետք է այդպես ընկալվի։ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս, ՀՀ-ն Եւրոպայի մաս, ուրեմն՝ ԼՂՀ-ն Եւրոպայի մաս։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1034 reads | 07.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com