ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ Է ԴՐՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մայիսի 7-ի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի նախ Արցախի սահմանամերձ շրջանները Ադրբեջանին հանձնելով, հետո միջանկյալ կարգավիճակ ստեղծելով, բուռն արձագանք է ստացել ՀՀ և ԼՂՀ քաղաքական դաշտում: Ամերիկացի դիվանագետին պատասխանել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, պետական գերատեսչություններ, իսկ Արցախի իշխանությունը շեշտել է, որ ինքը չի զիջի ոչինչ:

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց կարդալիս ամերիկացի համանախագահը, որի առաքելությունը հակամարտության լուծման՝ բոլոր կողմերի համար շահեկան տարբերակ գտնելն է, հայտարարում է՝ կան 6 կետեր, որոնց կատարման դեպքում կհաշտվեն հայերն ու ադրբեջանցիները: Տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների քիչ փոխված, բայց ավելի ադրբեջանամետ տեսք ստացած 6 կետերը թվարկելուց առաջ Ջեյմս Ուորլիքը շեշտում է՝ Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
 
«Նախկին ԼՂԻՄ սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում: Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»:

Սա ամերիկացի դիվանագետի խոսքի հիմնական մասն է: Հայաստանում ԱՄՆ դիվանագիտության ղեկավար Ջոն Հեֆերնը պարզաբանեց՝ Ուորլիքը նպատակ ունի նոր լիցք հաղորդել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բացի այդ, ԱՄՆ-ը հատուկ քաղաքականություն է տանում Լեռնային Ղարաբաղի և նրա սահմանամերձ շրջանների տարբերակման ուղղությամբ: Դրանք տարբեր տարածքներ են և պետք է ունենան տարբեր լուծումներ: Ասել է թե ամերիկյան դիվանագիտությունը ձգտում է հայ-ադրբեջանական հակամարտությունը բաժանլ մասերի և այդկերպ գտնել լուծման տարբերակներ: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջարկները չեն փոխվել և իրեն ձեռնտու չեն, Հայաստանը պաշտոնապես լռում է, փոխարենը չուշացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատասխանը ՝ սա մեկ խնդիր է և ունի մեկ լուծման տարբերակ:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության»:

Հենց արցախցիների ակնարկած սակարկությունն էլ մտահոգություն է առաջացրել հատկապես Հայաստամի քաղաքական դաշտում: Տարբեր կուսակցությունների տարածած հայտարարություններում համոզմունք կա, որ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր, իսկ սեղանին դրված խաղաթղթերից մեկը հայկական երկրորդ հանրապետությունն է: Ինչո՞ւ Շուշիի ազատագրման 22-ամյակին որոշվեց հայտարարել Արցախը հանձնելու ցանկության մասին, գուցե դա անուղղակի կապ ունի ուկրաինական հակամարտությա՞ն հետ: Ջեմս Ուորլիքի հայտարարության վերջին՝ վեցերորդ կետը ներառում է առևտրի տարրեր:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այս դեպքում, սակայն, Ուկրաինայի արևելյան շրջանների առումով: Այն, ինչի համար Ուկրաինայում պայքարում է ռուսական կողմը, նման սցենարով Արևմուտքը ճակատ է բացում մեր տարածաշրջանում: Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին կանխատեսում է ուկրաինական դեպքերի կրկնություն, որպեսզի արդարացվի առևտրի ելքը: Այդպիսի առևտրի մասին, սակայն, ակնարկներ եղան 2007-ի մադրիդյան տարբերակում, 2010-ի Ակվիլայում եռանախագահների համատեղ հայտարարության մեջ, բայց Արցախի սահմանամերձ շրջանները շարունակում են մնալ հայկական երկրորդ հանրապետության կազմի մեջ, որն իր հերթին շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի Հայկական Հանրապետություն:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1999 reads | 10.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com