ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻՆ Ի՞ՆՉ ԵՆ ԶԵԿՈՒՑԵԼՈՒ ԱԳՆ-ԻՆ
Հայաստանում են Թուրքիայի ձախ քաղաքական հոսանքներին հարող հայտնի գործիչներ, որոնք ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հրապարակավ ներողություն խնդրելով օսմանյան Թուրքիայի գործած հանցագործությունների համար: Թուրքերը Հայաստան են ժամանել Արևմտահայոց ազգային համագումարի և արևմտահայոց ժառանգների միության նախաձեռնությամբ: Երևանում հայ և թուրք գործիչները քննարկում են ցեղասպանության հետևանքով հայ բնակչության կրած վնասների հատուցման և համակեցության հեռանկարները: 

Մինչև Խորհրդային Միության փլուզումը հայոց ցեղասպանության մասին չէին խոսում ոչ միայն Հայաստանում, այլև Թուրքիայում: Ավելի քան 20 տարի հայաստանցիներն ունեն խոսքի ազատություն, թուրքերը շարունակում են լռեցնել հանրությանը, բայց պատմությունը չի սիրում երկար լռել: Մենք պետք է ձգտենք վերականգնել արդարությունն ու երկու ժողովուրդների բարեկամությունը: Թուրքիայի կանաչների կուսակցության առաջնորդն այսկերպ է պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների առաջին քայլը: 

«Ժխտողական քաղաքականությունը պետության պաշտոնական գործելակերպն է, և այն պետական մակարդակով է մտցվել հանրության դաստիարակության մեջ: Վերջին 4-5 տարիներին մենք շատ աշխատանք ենք արել, որպեսզի մարդկանց մեջ բարձրացնենք ցեղասպանություն գործած ազգի գիտակցությունը: Մենք սկսում ենք հաշտության ձեռք մեկնել ձեզ, և շատ կարևոր է, որ այդ ձեռքը կախված չմնա օդում»,-նշում է Ուֆուկ Ուրասը: 

Այշե Օքթեմ, Բյուլենտ Բիլմեզ, Ադնան Գենչ, Ուֆուք Ուրաս: Թուրք գործիչները շնորհակալություն են հայտնում հայ պատգամավոր Արագած Ախոյանին՝ ընդառաջ գնալու իրենց պարզած ձեռքին և խաղաղության արդար ճանապարհ գծելու փորձի համար: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է արվեն հակամարտությունը լուծող, ոչ թե ավելի խորացնող քայլեր: 

Արագած Ախոյանը շեշտում է՝ սա ընդամենը քաղաքացիական հասարակությունների երկոսություն է: Պատահական չէ, որ այն հասկայածավալ աշխատանքը, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո կատարվել է Թուրքիայում, մեծ ազդեցություն է գործել: Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչքան թուրք մտավորականներ ու գործիչներ են մեր ջանքերով գալիս Հայաստան ու ներողություն խնդրում իրենց նախնիների գործած հանցանքների համար: 

Հայ-թուրքական համատեղ կոնֆերանսում բարձրացվում է մեկ հիմնական հարց՝ ի՞նչ անել տեղահանված հայերի կրած վնասների հատուցման, արդարության վերականգնման և թուրքերի հետ կրկին խաղաղ ապրելու պայմաններ ստեղծելու համար: 

Ուֆուկ Ուրասը նշում է. «Եթե արդարության պահապանն ու տերն ենք, նախ պետք է տեր լինենք մեր կատարած գործողություննների հետևանքներին: Պետք է բացենք երկու երկրների սահմանները, բայց դրա համար նախ պետք է բացենք մեր մտքի սահմանները: Մենք ներողություն ենք խնդրելու հայերից և նույնը պահանջելու ենք իշխանությունից»: 

Էմոցիոնալ դաշտում արված և ըստ էության ոչինչ չասող հրապարակային կոչերից անդին թուրք գործիչները շեշտում են՝ Անկարա վերադառնալով՝ հանդիպումների մասին մանրամասն կզեկուցեն արտգործնախարար Դավութօղլուին, բայց կշարունակեն անել ամեն ինչ՝ միջպետական և միջհասարակական հարաբերությունները կարգավորելու համար, հատուցման մասին խոսելու համար էլ դեռ շուտ է. դա այսօր առաջնային չէ:

Նաիրի Հոխիկյան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1049 reads | 24.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com