ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔՐԴՍՏԱՆ։ 1993 ԹՎԱԿԱՆ
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ








1993 թվականը հարուստ էր ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի իրադարձություններով: Այստեղ և՛ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատագրումն է, և՛ նախկին Կարմիր Քրդստանից քրդերի տարհանումն է, և՛ Հ.Ալիևի իշխանության գալն է, և՛ Թ.Օզալի մահն է, և՛ Մոսկվայում հակաելցինյան խռովության պարտությունն է: Զուգահեռ ընթացող իրադարձությունները ներկայացվում են ժամանակագրական կարգով:

Կովկասյան Քրդստանը անկախ պետություն հռչակելուց հետո (1992 թ. հունիս) թուրքական իշխանությունները սպառնում էին Հայաստանին զորքերը մտցնել Նախիջևանի հանրապետություն՝ պատճառաբանելով, որ Հայաստանը՝ Կովկասյան Քրդստանի վերականգնման պատրվակով ստեղծում է քուրդ ահաբեկիչների բազաներ: Հայաստանի սահմաններին մոտեցվեցին թուրքական խոշոր ռազմական խմբավորումներ: Երևան ժամանեցին Ռուսաստանի Պետական քարտուղար Բուրբուլիսը և պաշտպանության նախարար Գրաչովը, որոնք Հայաստանի Նախագահի հետ պայմանավորվեցին իրավաբանորեն ձևակերպել Ռուսաստանի զորքերի կարգավիճակը Հայաստանի տարածքում և վերահաստատեցին Մոսկվայի պարտավորությունները Թուրքիայի հետ հայկական սահմանի պաշտպանության վերաբերյալ (պայմանագիր Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին, Երևան, 30.09.1992):

Ադրբեջանական զորքերի հունիսին սկսված հարձակումը առաջին փուլում հաջող էր ընթանում, և 1992թ. ամռանը նրանք գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը: Սակայն հոկտեմբերին մոտ ադրբեջանական զորքերի առաջընթացը կասեցվեց: 1992 աշնանը Հայաստանի ղեկավարությունը փաստացի անջատ հաշտություն կնքեց Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, որտեղ ղեկավարում էր Հ.Ալիևը: Արդյունքում նվազեցվեց երկրորդ ճակատի բացման վտանգը, և ազատված ստորաբաժանումների մի մասը տեղափոխվեց արևելյան սահման: Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը կարողացավ ապահովել ցորենի ներմուծումը Թուրքիայի տարածքով (1992 աշուն – 1993 ձմեռ), ինչը փրկություն էր շրջափակման ճիրաններում խեղդվող հանրապետության համար:

1993 թ. սկզբից Լեռնային Ղարաբաղի բանակի ստորաբաժանումները սկսեցին հակահարձակողական գործողությունների իրականացումը:

Ըստ ՔԱՇ նախագահ Վաքիլ Մուստաֆաևի` 1993 թ. մարտի սկզբին Ղարաբաղի ղեկավարությունը հայտնեց իրեն, որ նախատեսվում է Քելբաջարի շրջանի ազատագրումն ադրբեջանական զորքերից և ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները կտարհանեն քուրդ բնակչությունը՝ ինչպես եղավ Լաչինում` Քրդստանի վերականգնումը թույլ չտալու համար: Որոշվեց նախազգուշացնել Քելբաջարի քրդերին: ՔԱՇ նախագահը մեկնեց Թբիլիսի, որտեղ հանդիպեց և իրավիճակի մասին պատմեց Վրաստանի քրդերի առաջնորդներին՝ Յու.Նաբիևին, Կ.Անկոսիին, Լ.Փաշաևային ևն, ինչից հետո բազմիցս խոսեց Բաքվում գտնվող «Յակբուն» ՀՔԱ նախագահ Մ.Բաբաևի, Լաչինի «Սովետական Քրդստան» թերթի խմբագիր Կ.Հասանովի, Քելբաջարի քրդերի առաջնորդ, հայտնի քաղաքական գործիչ և գրող Շ.Ասքերովի, գրող Ահմադե Ափոյի և այլոց հետ, որոնց զգուշացրեց, որ օրերս սկսվելու է հայկական զորքերի գրոհը Քելբաջարի ուղղությամբ՝ «Եթե Քելբաջարի քրդերը ցանկանում են մնալ իրենց հողում և դառնալ անկախ Քրդստանի հիմքը, ապա հայկական զորքերի հարձակման ժամանակ իրենց գյուղերի և թաղամասերի վրա թող բարձրացնեն քրդական կամ սպիտակ դրոշ, որպեսզի չենթարկվեն հրետակոծության: Իսկ եթե չեն ուզում այդ, ապա թող անմիջապես հեռանան շրջանից, որպեսզի չտուժեն և չկորցնեն ունեցվածքը»:

1993 թ. մարտ – ապրիլին հաջողությամբ իրականացվեց Քելբաջարի օպերացիան:


Ադրբեջանական զորքերը բնակչության հետ Մռավի լեռներով հեռացան Ադրբեջան: Ինչպես հաղորդում էր Վ.Մուստաֆաևը, ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ «հայերը սպանում են յուրաքանչյուրին, ով քուրդ կկոչվի»: Այդ պատճառով Ադրբեջանի քրդերը, վախենալով հայերից, չվերադարձան Ազատ Քրդստան: Հետագայում ադրբեջանական իշխանությունները, վախ և խուճապ ստեղծելով, նույն ձևով քրդերից ազատեցին և՛ Ղուբաթլին, և՛ Զագելանը, և՛ Ջեբրայիլը և՛ Կարմիր Քրդստանի՝ ձուլված և չձուլված քրդերով բնակեցված այլ շրջանները:

Ինչպես գրում է ՔԱՇ նախագահը, իր մեկնումից առաջ Ղարաբաղի ղեկավարները հայտարարեցին՝ «Տեղափոխվե՛ք ձեր հողերը և դարձե՛ք ձեր ճակատագրի տերը: Բայց եթե մեզ չվստահելու պատճառով դուք հրաժարվում եք ձեր հայրենիքից, ապա ձեր հողերը մենք կկցենք Ղարաբաղի հանրապետությանը: Դուք կարող եք տեղափոխվել ապրելու ձեր հողերի վրա, երբ ցանկանաք»:

Թուրքիայի կառավարությունը անմիջապես արգելք դրեց իր տարածքով Հայաստանի համար մարդասիրական բեռների՝ ներառյալ ցորենի տարանցման վրա: Թուրգութ Օզալը վճռականորեն հանդես եկավ Հայաստանի դեմ թուրքական ռազմական ուժի կիրառման օգտին: Թուրքիայի ԱԳՆ հրավիրվեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, որոնց հայտարարվեց. «Դուք պարտավոր եք անել ամեն ինչ, որպեսզի դադարեցնեք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գրավումը: 1974 թվականին մենք զորք ուղարկեցինք Կիպրոս` տեղի խաղաղությունը վերականգնելու համար: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ այսօր իրադարձությունները Ադրբեջանում հիշեցնում են Կիպրոսը»: Թուրքիայի ԶՈւ Երրորդ բանակի սահմանամերձ ստորաբաժանումները բերվեցին մարտական պատրաստության վիճակի, իսկ գլխավոր շտաբը հայտարարեց, որ սահմանամերձ զորքերն արդեն զորավարժություններ են անցկացնում, որպեսզի առաջին հրամանով անցնեն հայկական սահմանը: Բյուլենթ Էջևիթը, ով 1974 թ–ին վարչապետն էր, և արձակել էր Կիպրոս ներխուժման հրամանը, առաջարկում էր անմիջապես հարձակվել Հայաստանի վրա և գրավել նրա հարավային շրջանները՝ Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միացման համար:

Ապրիլի կեսին Օզալը երկարատև շրջագայություն կատարեց միջինասիական հետխորհրդային երկրներով: Այցելության վերջին կետը Բաքուն էր: Ապշերոնից վերադառնալով հայրենիք՝ Օզալը հանկարծամահ եղավ իր գրասենյակում: Ապրիլի 21-ին Անկարայում տեղի ունեցավ հանդիպում Լ.Տեր-Պետրոսյանի և Ա.Էլչիբեյի միջև, որոնք այնտեղ էին ժամանել Թուրքիայի նախագահ Թ.Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին տետ-ա-տետ, այնուհետև Հայաստանի նախագահը մեկևկես ժամ զրուցեց Թուրքիայի վարչապետ Ս.Դեմիրելի հետ:

Ըստ Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ Դեմիրելը մի քարտեզ հանեց և սկսեց բացատրել՝ «Սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք: Սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք: Սա Լաչինն է, ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք՝ անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք»:

1993 թվականի մայիսի 28-ին ռուսական բանակը հեռացավ Գյանջայից՝ իր զենքը թողնելով Գյանջայի տարածաշրջանի փաստացի տիրոջ՝ գնդապետ Սուրեթ Հուսեյնովի մարտիկներին:

Հունիսի 4-ին Հուսեյնովը խռովություն բարձրացրեց Գյանջայում՝ պահանջելով Էլչիբեյի հրաժարականը: Հունիսի կեսին ջոկատները մոտեցան Բաքվին, բայց մայրաքաղաք չմտան: Հասունացած քաղաքական ճգնաժամի պայմաններում Էլչիբեյը Բաքու հրավիրեց Նախիջևանի ԻՀ Գերագույն Խորհրդի նախագահ Հեյդար Ալիևին: Հունիսի 15-ին Ադրբեջանի խորհրդարանը Հ.Ալիևին ընտրեց նախագահ:

Հունիսի 16-17-ին Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Ռուսլան Խասբուլատովն այցելեց Ստամբուլ: Խասբուլատովը հանդիպեց Թանսու Չիլերի հետ, որը դրանից մի քանի օր առաջ (հունիսի 13-ին) ընտրվել էր կառավարող «Ճշմարիտ ուղու կուսակցության» նախագահ և դարձել Թուրքիայի վարչապետ: Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիսանտոպուլոսի հուշերում ասվում է, որ Խասբուլատովի և Չիլերի միջև բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել, համաձայն որի` հակաելցինյան խռովության հաջողության դեպքում, ռուսական սահմանապահները դուրս կբերվեն Անդրկովկասից, իսկ թուրքական զինված ուժերը «սահմանափակ» բնույթի հարվածներ կհասցնեն Հայաստանին:

Հունիսի 21-ին Սուրեթ Հուսեյնովի զինակից գնդապետ Ալաքրամ Գումմատովը (նույն ինքը Ալիքրամ Գումբատով) ելույթ ունեցավ Լենքորանի հեռուստատեսությամբ և հայտարարեց Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության ստեղծման մասին:

1993 թ. հունիսի 27-ին Բաքվում տեղի ունեցան բանակցություններ Հեյդար Ալիևի և Սուրեթ Հուսեյնովի միջև: Նույն օրը նրա ջոկատները լքեցին ադրբեջանական մայրաքաղաքի մերձակայքը, իսկ ավելի ուշ խռովարար գնդապետի բրիգադը ընդգրկվեց Ադրբեջանի ազգային գվարդիայի կազմում: 1993 թ. հունիսի 30-ին գնդապետ Հուսեյնովը նշանակվեց վարչապետ:

Հուլիսի սկզբին հայկական զորքերը ձեռնարկեցին ընդհանուր թվով վեց զանգվածային գրոհ Աղդամի գրավման նպատակով: Հուլիսի 24-ին` 42 օրվա անընդմեջ մարտական գործողություններից հետո, Ադրբեջանի ԶՈւ Աղդամի բրիգադի զորամասերը ստիպված եղան թողնել քաղաքը և հեռանալ հյուսիսային և արևելյան ուղղություններով:
 
Հայաստանի ղեկավարությունը, պատճառ բերելով Լեռնային Ղարաբաղի չենթարկվելը, միջազգային միջնորդներին և Ադրբեջանի կառավարողներին մղում էր ուղիղ բանակցությունների ԼՂՀ ղեկավարության հետ: Արդյունքում, սեպտեմբերին Հ.Ալիևը նշանակեց ԼՂՀ հետ բանակցությունների լիազոր:

Օգոստոսի երկրորդ կեսին մարտերը ծավալվեցին Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլի ուղղությամբ: Օգոստոսի 22-ին ադրբեջանական զորքերը ստիպված էին թողնել Ֆիզուլի քաղաքը և համանուն շրջանը: Երկու օր անց ղարաբաղյան զորքերը մտան Ջեբրայիլ շրջկենտրոնը, իսկ ևս երկու օր հետո հսկողության տակ առան համանուն շրջանի տարածքը: Օգոստոսի 31-ին ԼՂՀ բանակի ստորաբաժանումները մտան Ղուբաթլի շրջկենտրոն:

1993 թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ԱՊՀ միանալու մասին որոշում ընդունեց:

1993 թ. սեպտեմբերին Ռուսաստանում զարգանում էր երկիշխանության ճգնաժամը: Այդ նույն ժամանակ թուրքական զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության վիճակի (երկու տարվա ընթացքում երրորդ անգամ), Հայաստանի սահմանի երկայնքով ընթանում էր տարբեր ստորաբաժանումների կենտրոնացում: Խասբուլատովի հաղթանակի դեպքում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը թույլատրել էր երկու բանակային բրիգադ և տասնհինգ մարտական հարվածային ուղղաթիռ մտցնել Նախիջևանի տարածք՝ հաջորդող հարվածով Հայաստանին: Հայկական զինված ուժերը ամբողջությամբ մոբիլիզացվել էին թուրքական հնարավոր հարձակումը ետ մղելու համար:

1993 թ. հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրությունները: Արդյունքում հաղթանակ տարավ Հեյդար Ալիևը՝ հավաքելով ձայների 98,8 %-ը:

Սակայն նույն օրը ամբողջ աշխարհը լարված հետևում էր իրադարձությունների զարգացմանը Մոսկվայում: Հոկտեմբերի 4-ի առավոտյան Թամանյան դիվիզիայի տանկերը սկսեցին ուղիղ նշանառությամբ գնդակահարել Սովետների Տունը: Ելցինը հաղթեց:

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ Պաշտպանության Բանակի զորքերը հակահարձակման անցան ռազմաճակատի հարավային ուղղությամբ: Նոյեմբերի 1-ի առավոտյան ԼՂՀ ՊԲ մարտիկները իրենց հսկողության տակ առան Զանգելանը շրջակա բնակավայրերի հետ միասին: Այդ հաջող օպերացիայի շնորհիվ լիարժեքորեն ապահովվեց Զանգեզուրի անվտանգությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արաքս գետով արտաքին սահման ստացավ չեզոք-բարեկամական Իրանի հետ:

1994 թ: մայիսին Ադրբեջանի նախագահահ Հեյդար Ալիևն ընդունեց հրադադարի պայմանները: ԼՂՀ կողմից դրա տակ դրված է Լեռնային Ղարաբաղի բանակի Հրամանատար Ս.Բաբայանի ստորագրությունը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4003 reads | 19.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com